Սպորտն ու պատերազմը. Հալեպի լողի թիմի աղջիկները բրոնզե մեդալներ նվաճեցին Երևանում
Հալեպի «Հայ երիտասարդաց ընկերակցություն» ակումբի լողի թիմի մարզիչներ Հովհաննես Սուլահյանի, Ժակ Հադաթի և ակումբի լողորդ աղջիկների հետ մեր հանդիպումը կայացավ «Արարարտ» հյուրանոցում: Նրանք Երեւան էին ժամանել օգոստոսի 2-13-ը անցած Համահայկական ամառային 6-րդ խաղերին մասնակցելու համար:
Ինչպես պատմեցին մեր զրուցակիցները, նախկինում Հալեպում սպորտային ակումբների թիվը մեծ էր, սակայն հետզհետե դրանք փակվեցին, ասպարեզում թողներով միայն «Հայ երիտասարդաց ընկերակցություն» և «Կոմենթմեն» ակումբները: Ժամանակին ակտիվորեն մասնակցել են ինչպես արաբական երկրներում անցկացվող, այնպես էլ միջազգային սպորտային մրցաշարերին:
– «Հայ երիտասարդաց ընկերակցության» լողի թիմը 12 տարի շարունակ համարվել է արաբական թիմի հիմնական մրցակիցը: Մեր լողորդները մարզվում էին մեր ակումբի լողավազանում, որը սակայն վտանգավոր գոտում էր և պայթեցվեց ռմակոծություններից մեկի ժամանակ: Այսօր մարզումներն անցկացվում են Հալեպի կառավարական լողավազանում, որտեղ մարզվում ենք տարվա մեջ մեկ անգամ և որի մաքրությունը մեզ չի գոհացնում, սակայն այլ տեղ չկա: Ինչ վերաբերում է Սիրիայի պատերազմական վիճակին, ապա գրեթե վարժվել ենք, չենք վախենում, երբեմն սարսափելի է, եթե ռմբակոծությունը սկսվեց` դու ես ու քո բախտը: Բոլորն էլ կուզեն ապահով պայմաններում ապրել, բայց մեր կյանքը այնտեղ է, – ասում է Հովհաննես Սուլահյանը:
Նրա խոսքով, մարզումներին հաճախում են 7-20 տարեկան փոքրիկներ ու երիտասարդներ: Համահայկական խաղերին մասնակցելու եկան թիմի երեք լողորդները, շատերը ամիսներ առաջ Հայաստան են եկել իրենց ընտանիքների հետ:
Լողի թիմի անդամներից Լուսի Սարգսյանը 18 տարեկան է: Նա արդեն 5 տարի է, ինչ հաճախում է մարզումների: Թեև այս անգամ չարժանացավ մրցանակի, սակայն ուրախ է ընկերների հաջողությունների համար: «Շատ ուրախ եմ, որ հայրենիք գալու հնարավորություն ունեցա: Նոր ծանոթություններ, ընկերներ ձեռք բերեցի: Համոզված եմ, որ հաջորդ մրցաշարում կհաղթեմ անպայման: Հայաստանը շատ սիրեցի»,- ասում է Լուսին:
14-ամյա Գառնի Դիշոյանի համար Համահայկական խաղերի ժամանակ նվաճած բրոնզե երկու մեդալները մեծ ձեռքբերում են: «Վերջին շրջանում Հալեպում կյանքը շատ է դժվարացել, ապրում ենք մշտական վտանգի զգացումով: Թեև պարապմունքերը չեն դադարում, սակայն նախկինի պես հաճախակի չեն: Արդեն 8 տարի է, ինչ սիրելի մարզիչի մոտ պարապում եմ ու շարունակելու եմ պարապել: Հաջորդ տարի էլ պիտի գամ: Այստեղ նախքան մրցաշարը պարապում էինք Դավիթ Համբարձումյանի անվան լողավազանում, ի~նչ հիանալի պայմաններ են այստեղ, երանի երև անցի երեխաներին»:
Գառնին Հայաստանում բարեկամներ շատ ունի, նրա ընտանիքն այս օրերին Հայաստանում է և մտադիր են մինչ սեպտեմբեր մնալ այստեղ: Հայաստանում մշտապես ապրելու որոշումը ծնողներինն է, եթե կամենան ապրել Հայաստանում, ապա Գառնին դեմ չէ:
Իսկ ահա 19-ամյա Միրեյ Հինդոյանը ասում է, որ ծննդավայրից հեռանալու մտադրություն չունի: Նա սովորում է Հալեպի պետական համալսարանում ու հետագա կյանքը չի պատկերացնում Հալեպից հեռու: Սպորտով զբաղվել է երկար տարիներ: Թեև Համահայկական խաղերում նվաճեց բրոնզե մեդալ, սակայն վստահ է, որ հետագա խաղերին կնվաճի ավելին:
Համահայկական խաղերից ու թիմի աղջիկների մասնակցությունից գոհ է նաև Ժակ Հադաթը: «Հայաստանի սպորտային կյանքին հետևում ենք: Շատ կուզեինք, որ հայկական լողի թիմը գար Հալեպ, համատեղ մրցումներ անցկացնեինք, շփվեինք ու մտերմանայինք միմյանց, թեև հասկանում եմ, որ հիմա հարմար չէ, պատերազմ է: Ի դեպ, այս խաղերի ժամանակ Հայաստանի լավագույն լողորդներից մեկը` 8 մրցանակի արժանացած լողորդուհի Բարդի Բաղդասարյանը իմ սանն է եղել»:
«Հայ երիտասարդաց ընկերակցություն» լողի թիմի երկու մարզիչները` Հովհաննես Սուլահյանն ու Ժակ Հադաթը հույս հայտնեցն, որ Հալեպ վերադառնալուց հետո կրկնապատիկ ջանքերով կկոփեն սաներին` Համահայկական հաջորդ խաղերին գլխավոր մրցանակի արժանանալու համար:
Նշենք, որ այս տարվա Համահայկական ամառային 6-րդ խաղերին մասնակցեցին աշխարհի 175 քաղաքներից 6352 սփյուռքահայ մարզիկներ, ովքեր հանդես եկան 17 մարզաձևերում: նրանց թվում էին նաև Սիրիայի հայ համայնքի մարզիկները: Սիրիայի 82-հոգանոց պատվիրակության ճանապարհածախսը և հյուրանոցի ծախսերը հոգացել էր ՀՀ կառավարությունը՝ այդ նպատակով 39.8 մլն դրամ հատկացնելով «Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտե» հասարակական կազմակերպությանը և Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանը:
Անուշ Ներսիսյան
Դիտեք նաև «Ազատություն» ռադիոկայանի ռեպորտաժը Համահայկական խաղերին Սիրիայի հայաբնակ Քեսաբ քաղաքի պատվիրակության մասնակցւթյան մասին:
Դիտումների քանակը` 5803