«Կրծքով կերակրումը մայրիկի հաղթանակն է»
Այսօր ամփոփվեցին ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) հայաստանյան գրասենյակի, ՀՀ առողջապահության նախարարության և «Ընտանիքի ակադեմիա» ՀԿ-ի համատեղ ջանքերով իրականացված «Կրծքով կերակրման հաղթարշավ» վեցամսյա ծրագրի արդյունքները:
«Կրծքով կերակրման հաղթարշավն» իրազեկման ծրագիր է, որն անցկացվել է ՀՀ չորս մարզում՝ Շիրակում, Լոռիում, Արարատում, Արմավիրում և Երևանում: Առանցքային նպատակը կրծքով կերակրման խրախուսումն է: Հաղթարշավն իրականացվում է հինգ ուղղությամբ՝ լայնածավալ լուսաբանում, «Կրծքով կերակրման բարեկամ» մասնագետների մրցույթ, կրծքով կերակրման սենյակների բացում, ֆոտոմրցույթ, կրծքով կերակրումը խրախուսող պաստառների տարածում:
Միջոցառման բանախոսներն էին ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Տանյա Ռադոչայը, ՀՀ Առողջապահության նախարարության Մոր և մանկան առողջության պահպանման վարչության պետ Կարինե Սարիբեկյանը և «Ընտանիքի ակադեմիա» ՀԿ նախագահ Մերի Ներսիսյանը, ովքեր ամփոփեցին «Կրծքով կերակրման հաղթարշավ» վեցամսյա ծրագրի արդյունքները:
Միջոցառման ընթացքում ներկայացվեցին կերակրման խրախուսմանն ուղղված ծրագրի բոլոր բաղադրիչները, ցուցադրվեցին հաղթարշավի ընթացքում ստացված՝ կրծքով կերակրումը խրախուսող գովազդային պաստառները, պարգևատրվեցին կրծքով կերակրման թեմայով լուսանկարչական մրցույթի հաղթողները, ինչպես նաև՝մրցանակներ շնորհվեցին բուժաշխատողների շրջանում հայտարարված «Կրծքով կերակրման բարեկամ» մրցույթի հաղթողներին: Կրծքով կերակրման բարեկամ» մրցույթը փակ քվեարկությամբ անցկացվող հարցում է: Այն իրականացվել է մարզային և երևանյան ծննդատներում և պոլիկլինիկաներում՝ բացահայտելու բուժհաստատությունների այն աշխատակիցներին, ովքեր «հայտնի են» համայնքում, որպես կրծքով կերակրման ջատագով:
«Կրծքով կերակրումն օգուտների անհավանական հատկանիշներ ունի թե՛ մայրերեի, թե՛ երեխաների համար և ճիշտ սնուցման և հիվանդություններից պաշտպանելու հիմնաքարն է», – նշեց Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Տանյա Ռադոչայը: «Ցավոք, Հայաստանում կյանքի առաջին 6 ամիսների ընթացքում բացառապես կրծքով է կերակրվում նորածինների միայն 35 տոկոսը: Այս ցուցանիշը Հայաստանի համար շատ ցածր է, և կարծում եմ, որ ճիշտ սնուցում և համապատասխան հոգածություն ապահովելով՝ մենք բոլորս կարող ենք անել ավելին՝ հանուն յուրաքանչյուր հայ մանուկի առողջության իրավունքի պաշտպանության»:
Կրծքով սնուցումը յուրաքանչյուր երեխայի իրավունքն է, որն ամրագրված է երեխայի իրավունքների կոնվենցիայի 24-րդ հոդվածում։ Երեխաներն իրավունք ունեն համապատասխան սնուցման, ինչը կարևոր է առողջության հնարավոր ամենաբարձր չափանիշին հասնելու նրանց իրավունքի իրականացման համար։ Կանայք, իրենց հերթին, իրավունք ունեն մանկական սնուցման մասին անկողմնակալ տեղեկատվություն ստանալու և որոշումներ ընդունելու։ Կրծքով սնուցման խրախուսման միջոցով կարելի է կանխել մինչև 5 տարեկան երեխաների մահերի 13%-ը: Հայաստանում կրծքով սնուցումը կարող է տարեկան առնվազն 60 երեխայի կյանք փրկել:
Ըստ ՄԱԿ-ի մանակական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի հաղորդագրության
Դիտումների քանակը` 3551