Կրծքագեղձի քաղցկեղը դատավճիռ չէ, եթե ախտորոշվում է ժամանակին եւ ճիշտ…

Հայ-ամերիկյան առողջության կենտրոնը հոկտեմբերը Հայաստանում հայտարարել էր կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարի ամիս, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց  կենտրոնի գործադիր տնօրեն Խաչանուշ Հակոբյանը։

 

Ներկայացնելով  կրծքագեղձի քաղցկեղի վերաբերյալ վիճակագրական տվյալները՝ Հակոբյանն ասաց, որ  վերջին տարիներին նկատվել է հիվանդության երիտասարդացում ամբողջ աշխարհում: Հայ-ամերիկյան առողջության կենտրոնում ունեցել  են 0-29 տարեկան 62 հիվանդ: Հիվանդության  դեմ պայքարի լավագույն եղանակը  այն ժամանակին ախտորոշելն ու կանխելն է:

 

Իր գոյության 12 տարիների ընթացքում բժշկական կենտրոնը փրկել է ավելի քան 3800 կնոջ կյանք: Խ.Հակոբյանի պնդմամբ. քաղցկեղը բուժելի է, եթե հիվանդը դիմում է հիվանդության սկզբնական փուլերում, երբ «ուռուցքը բրնձի հատիկի չափ է»:

 

Հայաստանում  ամեն օր այս կենտրոն է դիմում 120 մարդ: Ըստ տիկին Հակոբյանի ՝ այս թիվը խոսում է այն մասին, որ հասարակությունը հիմա բավականին իրազեկ է: Մասնագետը միտումը համարում է դրական, սակայն ոչ բավարար:

 

Խաչանուշ Հակոբյանն ասաց, որ հասարակության բոլոր շերտերն էլ հիվանդության համար խոցելի են, քանի որ քաղցկեղը չի նայում, թե ով ես դու: Ըստ նրա՝ կանայք ստուգման չեն գնում  առաջնահերթ, որովհետև վախենում են արդյունքից, երկրորդ պատճառը դա գումարն է, սակայն Խաչանուշ Հակոբյանը նշեց, որ յուրաքանչյուր կին իր առողջության համար ամեն տարի կարող է տասնհինգ հազար դրամ տրամադրել:

 

Ամերիկյան դեսպանատան ֆինանսավորմամբ գործող մասնավոր հայ-ամերիկյան առողջության կենտրոնը զինված է նորագույն սարքավորումներով: Կենտրոնում այսօր  կիրառվում են թվային մամոգրաֆները, որ  ոլորտի վերջին նորամուծությունն են: Սովորական մամոգրաֆով հետազոտությունն արժե 11 հազար դրամ, իսկ թվային մամոգրաֆով հետազոտությունը՝ 15 հազար դրամ:

 

Մարզերում հիվանդության ցուցանիշները, ըստ տիկին Հակոբյանի, մտահոգող են. վիճակագրությունը տխուր է հատկապես գյուղերում, որտեղ կանայք ծանր ֆիզիկական աշխատանքի ու մշտական սթրեսների մեջ են: Խ.Հակոբյանի խոսքերով, կենտրոնի բժիշկները համապատասխան սարքավորումներով ամիսը 4 անգամ լինում են մարզերում և կատարում անվճար հետազոտություններ:

 

Անդրադառնալով այն կարծիքին, թե մամաոգրաֆիան վնաս է  առողջությանը, կենտրոնի տնօրենն ասաց, որ դա թյուր և դեռ չապացուցված ենթադրություն է:

 

Խոսելով հիվանդության առաջացման պատճառների մասին՝ Խաչանուշ Հակոբյանն ասաց, որ ամենաառաջին գործոնը դա գենետիկան է, երկրորդ տեղում՝ սթրեսներն են: Ինչ վերաբերում է կանխարգելիչ մեթոդներին, ապա նա նշեց, որ շատ կարևոր է այս դեպքում սննդակարագը: Հարյուր գրամ կարմիր գինի, դառը շոկոլադ, սխտոր, սոխ, լոլիկ և կարմիր խաղող ձեր սննդացանկում, – այսպիսին է , ըստ Հակոբյանի, քաղցկեղից խուսափելու լավագույն բանաձևը…

 

Բացի այդ, չծխել, չխմել և զբաղվել սպորտով. խորհուրդ է տալիս կենտրոնի տնօրենը և նշում, որ առողջ ապրելակերպով մարդիկ իրենց կամքից անկախ պայքարում են հիվանդության դեմ: Սեփական ընտանիքի օրինակը բերելով՝ տիկին Հակոբյանը կոչ է անում ճիշտ սնվել, ուշադիր լինել օգտագործվող սննդի նկատմամբ և հաճախակի հետազոտվել, քանի որ քաղցկեղից բուժման լավագույն միջոցը կանխարգելումն է:

 

 

 

Դիտումների քանակը` 6045

Գլխավոր էջ