Կնոջ ինչպիսի՞ կերպար է մատուցվում Հայաստանի հեռուստատեսությամբ
« 26-35 տարեկան բարձրահասակ, մոդելային կառուցվածքով, դիմահարդարված, վարսահարդարված, վառ գույների հագուստներ կրող կանանց կերպարն է այսօր գերակշռում հեռուստատեսությունում: Արտաքին տեսքի առավել շեշտադրման հետեւանքով կնոջ կերպարը նույնականացվում է շատ լավ հարդարված և խնամված տիկինիկի կերպարին, և դրանով իսկ ամրապնդվում է այն կարծրատիպը, որ կանայք մշտապես պետք է լինեն գեղեցկության էտալոն: Մինչդեռ հարկ է հեռուստաեթերում ավելացնել փորձագետ կանանց մասնաբաժինը՝ շեշտադրելով նրանց ինտելեկտուալ կարողություններն ու հաջողությունները…»
Դրա մասին են վկայում «Հայ կնոջ կերպարը հեռուստաեսությունում. գենդերային զգայունությունից գենդերային կարծրատիպեր» հետազոտության արդյունքները, որոնք ներկայացվեցին ԵՊՀ Գենդերային հետազոտությունների և առաջնորդության կենտրոնի կողմից կազմակերպված գիտաժողովի ժամանակ: Հետազոտությունը փորձ էր «գենդերային հայացքով» դիտել հայկական հեռուստաընկերությունների հաղորդաշարերը: Հետազոտության հեղինակ Լիլիթ Շաքարյանի կողմից դիտարկվել են երեք հեռուստաընկերություններ, որոնք հեռուստադիտողների ամնենամեծ լսարաննն ունեն «Հ 1», «Արմենիա», «Շանթ»:
– Հեռուսատհաղորդումների մոնիտորինգը իրականցվել է երեք ամիսների կտրվածքով: Ընտրել ենք լրատվական, ժամանցային/հումորային և կանանց նվիրված երեքական հեռուստատեսային ծրագրեր: Ընդհանուր առմամբ, դիտարկվել է 108 հաղորդաշար,- նշում է Լիլիթ Շաքարյանը և հավելում, որ այսօր հեռուստատեսությունը գենդերային զգայուն նյութերի կարիք ունի:
«Ներկայացված հաղորդաշարերի միայն 6%-ն էին զգայուն, 9%-ը խտրական էր, գերակշռողը՝ 85%՝ չեզոք բնույթ էին կրում, մինչդեռ գենդերային կարծրատիպերի հաղթահարման համար գենդերային զգայունության մոտեցում է հարկավոր,- նշում է Լիլիթ Շաքարյանը: Այս առումով հետազոտողը կարևորում է լրագրողների վերապատրստումը՝ գենդերային կրթության բացերը լրացնելու ուղղությամբ, քանի որ հաճախ լրագրողական նյութերում արտացոլված խտրական միտքը կամ հարցադրումը ոչ թե լրագրողի աշխարհայացքի հետևանքն է, այլ գենդերային հիմնահարցերի վերաբերյալ ոչ բավարար գիտելիքների:
Ըստ հետազոտողի, ոչ զգայուն լրագրության արդյունքում այսօր հեռուստաեթերում շրջանառվում են հայրիշխանական համակարգին բնորոշ կարծրատիպեր, որոնց ներքո կանանց վերագրվում է մարգինալացված, իսկ հաճախ նաև անբարո և նյութապաշտաական կերպար:
Կանանց կերպարի մարգինալացման փորձերը ակնհայտ են «Վիտամին ակումբ» հաղորդման և «Տնփեսա» սերիալի շրջանակներում, որտեղ վերարտադրվում են հայրիշխանական կարծրատիպեր եւ ակնհայտ սեքիստական բնույթի արտահայտություններ , կամ էլ կինը հաճախ ներկայանում է որպես զարդարանքի և բեմի մի մաս:
«Վիտամին ակումբում» ներկայացվող պատկերների 67%-ը վերաբերում են նյութապաշտ կանանց, ինչը կարող է ձևավորել և ամրապնդել կանանց՝ որպես նյութապաշտ մարդկանց ընկալումները հասարակական կարծիքում: Ուշագրավ է «Տնփեսա» հեռուստասերիալում ներկայացված պապիկի կերպարը, ով սեռական բնույթի ոտնձգությունների է դիմում ծառայի նկատմամբ՝ ռեպլիկներով իսկ երբեմն նաև դիպչելով նրան: Այստեղ երևույթը չի դիտարկվում որպես բացասական՝ համարելով, որ պապիկի և ծառայի տարիքային տարբերությունը մեծ է և չի կարող ոչինչ լինել, սակայն նման ներկայացումը կարող է հանգեցնել երևույթի նկատմամբ ոչ բացասական ընկալման ձևավորմանը և վարքագիծը դարձնել խրախուսելի, նշում է հետազոտության հեղինակը:
Մեկ այլ խնդիր է փորձագետ կանանց ներկայացվածությունը հաղորդաշարերում:
– Լրատվությունը հիմնականում վերլուծվում է արական սեռի փորձագետների կողմից. Ընդհանուր առմամբ 8-ը 3- ի հարաբերակցություն ունենք՝ փորձագետների առումով բոլոր հաղորդումներում: Կին փորձագետի ներկայացվածության խնդիր կա, – ասում է Լիլիթ Շաքարյանը:
Ըստ հետազոտության կանայք՝ որպես փորձագետ հանդես են գալիս հիմնականում կանանց նվիրված հաղորդաշարերում, այստեղ նրանք կազմում են փորձագետների 62%-ը, ընդ որում ներկայացնում են հիմնականում սոցիալական- կրթական ոլորտներ՝ մանկավարժ (21%), բժիշկ(19%), հոգեբան(18%): Լրատվական եւ նույնիսկ ժամանցային հաղորդաշարերի փորձագետների ճնշող մեծամասնությունը տղամարդիկ են:
Անդրադառնալով հեռուստաեթերով ներկայացված կանանց վիզուալ կերպարին՝ հետազոտողը նշում է, որ կանայք հիմնականում ներկայացվում էին առավելապես խնամված, հարդարված տեսքով, իսկ դեպքերի մեծամասնությունում ներառվում և հատուկ ներկայացվում էր նաև կանանց մատնահարդարումը: Սա հատկապես բնութագրական էր կանանց նվիրված հաղորդաշարերին, որտեղ հաղորդման հյուրերն ու հաղորդավարները մշտապես ներկայանում են իդեալականացված կերպարներով: Վերջինս տանում է կանանց առավելապես սեռականացման, հատկապես, եթե ներկայացվող կերպարը աչքի է ընկնում բաց և վառ գույնի հագուստով:
Հետազոտության ընթացքում բացահայտվել է ընդամենը երկու դեպք, երբ հասարակական կարծիքում արմատավորված գենդերային կարծրատիպերին դեմ դուրս գալու փորձ է արվել : Օրինակ, «Մեր մեջ ասած» հաղորդման ժամանակ հյուրընկալվող ամուսինները ներկայացնում էին, որ տան դերային բաշխումը կարող է չհամապատասխանել ավանդական հայրիշխանական համակարգին: Մեկ այլ դեպք էր կանանց բռնության թեմային անդրադարձող հաղորդաշարը, որի մասնակիցները ներկայացնում էին թե ինչ կարծրատիպեր և վախեր են առկա կանանց շրջանում և ինչպես կարելի է դրանք հաղթահարել…
Լիլիթ Շաքարյանը կարծում է, որ պատկերը փոխելու համար, ԶԼՄ դաշտը կարգավորող փաստատթղթերում գենդերային զգայուն լրատվությունը պետք է որպես նախապատվություն դիտարկվի: Այլապես լրատվամիջոցները` գենդերային հավասարությունը խթանելու փոխարեն, կշարունակեն կարծրատիպեր վերարտադրել …
Լիլիթ Քոչինյան
Հետազոտությունը ամբողջությամբ այստեղ
Կարդացեք նաեւ WomenNet.am-ի անդրադարձը կենտրոնի այլ հետազոտություններին.
Գենդերային անհավասարությունն ամենօրյա պրատիկայում
Սեռական ոտնձգություններն աշխատավայրում. խնդիր, որը չի բարձրաձայնվում
Ինչպես փրկել Հայաստանի «չծնված աղջիկներին». հետազոտություն
Ի՞նչն է խոչընդոտում կանանց մասնակցությունը ՏԻՄ-երում
Հաճախ կնոջ համար սա պատերազմ է «միայնակ – ամբողջ աշխարհի դեմ»…
Ինչո՞ւ էին կանայք գնում պատերազմ
Բուժծառայությունների մատչելիությունը հաշմանդամություն ունեցող կանանց համար
Հեռուստադիտողը սիրո՞ւմ է կին ծեծող տղամարդկանց
ԵՊՀ-ում կայացավ «Կանայք, առաջնորդությունը և հասարակությունը» գիտաժողովը
Միգրացիայի խնդիրները ՝ գենդերային տեսանկյունից
Նուշիկն ու Աննան լավ գիտեն, թե որն է կնոջ զբաղմունքը…
ԵՊՀ-ում բացվեց Գենդերային Հետազոտությունների և Սռաջնորդության Կենտրոն
Դիտումների քանակը` 3619