Կնոջը դաժանաբար սպանած ամուսնուն ընդամենը 3,5 տարվա պատիժ

 Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան արդարության  կոչ է անում 

35-ամյա Դիանա Նահապետյանին 21 դանակի հարվածով դաժանաբար սպանած Վոլոդյա Մուրադյանը վերջերս  դատապարտվեց ընդամենը 3,5 տարվա ազատազրկման, ընդ որում՝ 3 տարվա կալանքն արդեն կրել է եւ 6 ամսից ազատության մեջ կլինի: Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան հանդես է եկել  հայտարարությամբ՝  Դիանա Նահապետյանի սպանության գործի քննության և կասկածելի մեղմ դատավճռի վերաբերյալ:

 

Հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է.

 

Մոտ երեք տարի առաջ տեղի ունեցած ողբերգական դեպքի քննության ընթացքին հետևելով` Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան արձանագրել է, որ դատավարության ողջ ընթացքում փորձ էր կատարվում մեղմել ոճրագործությունը, որի արդյունքում նախապես  «առանձին դաժանությամբ սպանություն» որակված և 12-20 տարի ժամկետով կամ ցմահ ազատազրկում նախատեսող հոդվածը դատախազի կողմից փոխարինվեց ընդամենը 3 տարի 8 ամիս ազատազրկման դատապարտող մեղադրանքով:

 

Դատավորի կողմից նշված սպանության համար նվազագույն պատիժ սահմանելու հիմքում ընկած էր դեպքից երեք տարի անց Էլդա Գրինի կողմից իրականացված երրորդ դատահոգեբանական և դատահոգեբուժական համալիր փորձաքննությունը՝ հիմնված միայն դատապարտյալի ցուցմունքների և գործի հանգամանքների վրա, որոնք ևս հիմնավորվել են միայն Մուրադյանի ցուցմունքներով: Հատկանշական է, որ դատավարության սկզբում իրականացված առաջին փորձաքննության արդյունքում ամբաստանյալի վարքը չի բնութագրվել որպես աֆեկտիվ: Եվ միայն ըստ երրորդ դատահոգեբանական փորձաքննության արդյունքների՝ Վ. Մուրադյանը սպանության պահին գտնվել է հոգեկան խիստ հուզմունքի վիճակում՝ կումուլյատիվ աֆեկտ:

 

Ակնհայտորեն, վերջին դատահոգեբանական փորձաքննությունը արմատապես ազդել է մեղադրյալի դատավճռի վրա, փոխվել է հոդվածը: Միևնույն ժամանակ միմյանց հակասող փորձաքննության արդյունքները կասկածի տակ են դնում Էլդա Գրինի մենոշնորհային կարգավիճակ ունեցող փորձագիտական կառույցի անաչառությունը և անկախությունը:

 

Ըստ այդմ, Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան իր մտահոգությունն է հայտնում տվյալ կառույցի արդար և անկողմնակալ աշխատանքի վերաբերյալ և պահանջում համապատասխան մարմիններին պարզաբանել.

 

– ինչո՞ւ է տվյալ կառույցը գործում մենաշնորհային հիմունքներով,

-ինչո՞ւ վերոնշյալ գործի շրջանակներում անցկացված դատահոգեբանական փորձաքննությունները էապես տարբերվում են միմյանցից՝ ուղղակիորեն ազդելով և դառնալով վճռորոշ  դատավճիռ կայացնելիս:

Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան հետամուտ է լինելու տվյալ կառույցի աշխատանքին և հնարավորինս հանրայնացնելու է բացահայտումները, քանի որ ընտանեկան բռնության սույն գործի և զինվորական այլ գործերի դատավարությունների մոնիտորինգը ցայտուն կերպով ապացուցում է կառույցի կողմնակալ,  միանձնյա և անբեկանելի աշխատելաոճը՝ անմիջականորեն ազդելով ՀՀ արդարադատության համակարգի վրա:

 

Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան կոչ է անում՝

 

ՀՀ արդարադատության և դատական համակարգին՝

·         Ամբողջական, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն իրականացնել ընտանեկան բռնության դեպքերով` բացառելով քննություն իրականացնող մարմիններում ընտանեկան բռնության ենթարկված անձանց և/կամ նրանց հարազատների նկատմամբ խտրական, կանխակալ վերաբերմունքը և դադարեցնելով ընտանեկան բռնության ենթարկված անձանց դիմումների դեպքում գործը ի վնաս տուժողի լուծելու արատավոր պրակտիկան:

·         Ձեռնարկել համապատասխան միջոցներ պետական մարմիններում ընտանեկան բռնության ենթարկված անձանց և/կամ նրանց հարազատների նկատմամբ խտրական վերաբերմունքը կանխելու համար, այդ թվում` ոստիկանության և դատախազության մարմիններում ծառայողների, դատավորների վերապատրաստումների, իրազեկումների և այլ միջոցներով:

·         Ընտանեկան բռնության դեպքերի քննության ընթացքում իրականացնել համակողմանի ուսումնասիրություն, իսկ կայացված որոշումներում կարևորել նաև նմանօրինակ դեպքերի կանխարգելումը:

 

ՀՀ Ազգային ժողովին՝

·       Ընդունել ընտանեկան բռնությունը կանխարգելող համապարփակ օրենսդրություն:

      

Ընդդեմ կանաց նկատմամբ բռնության կոալիցիա

 

 Հ.Գ.  Սեռական բռնության ճգնաժամային կենտրոնը՝ ամփոփելով 2015 թվականը, հայտնում է, որ տարվա  ընթացքում 145 զանգ են ունեցել թեժ-գծին, որից 122 ընտանեկան բռնության դեպքեր են եղել, 12 սեռական բռնության, իսկ 11 կանանց առնչվող այլ հարցեր:

Առավել շատ զանգեր ստացել ենք Երևանից և Գեղարքունիքից: Համեմատելով այլ տարիների վիճակագրության հետ՝ թիվը աճել է:  Թերևս վերջին՝ ընտանեկան բռնությանն առնչվող աղմկահարույց դեպքերը, ինչպիսին է՝ Վոլոդյա Մուրադյանի կողմից իր կնոջը Դիանա Նահապետյանին դանակի 21 հարվածի միջոցով սպանելը և դրա համար 3.5 տարի ազատազրկվելը, Էմմա Նազարյանի ինքնասպանությունն այն պատճառով, որ 12 տարի բռնության է ենթարկվել իր ամուսնու կողմից, ով նաև զրկել էր մորը իր երեխաների հետ շփման բոլոր հնարավոր տարբերակներից, Լոռու մարզի առաջին ատյանի դատարանի կողմից Կարեն Խեչոյանին ընդամենը 120.000 դրամ տուգանելու որոշումը, ով շուրջ 11 տարի բռնության է ենթարկել իր կնոջը Լուսինե Գաբուզյանին և իրենց դստերը Մարուսյա Խեչոյանին, փաստում են, որ համակարգը չի գործառնում ի բարօրություն անձի շահերի, համակարգը կարիք ունի վերակազմավորման, որի կարգավորիչ մեխանիզմը կլինի ընտանեկան բռնության մասին օրենքի ընդունումը:  Մանրամասներին կարող եք ծանոթանալ Սեռական բռնության ճգնաժամային կենտրոնի պաշտոնական էջից՝ հետևյալ հղմամբ:

 

 

Կարդացեք թեմայի շուրջ.

Ինքնասպանություն. երբ ոստիկան ամուսինը փակել էր պայքարի բոլոր դռները 

Տղամարդը դստերը գոմում էր կապում. դատավորը «մեղմացուցիչ հանգամանքներ» գտավ

Կնոջը դաժանաբար սպանելու համար ընդամենը 6 ամիս ազատազրկման մեջ կլինի 

« Միայն այս տարվա ընթացքում Հայաստանում 7 կին ընտանեկան բռնության զոհ է դարձել »

 

 

 

Օմբուդսմենի զեկույց. «Բազմաթիվ կանայք շարունակում են լռել իրենց նկատմամբ կիրառվող բռնության մասին»

Ինչպես են Հայաստանում «լուծվում» ընտանեկան բռնության դեպքերը

Եվրոպայի Խորհուրդը կոչ է անում Հայաստանին միանալ Ստամբուլի կոնվենցիային
«Մենք հավաքական պատասխանատվություն ենք կրում՝ մինչեւ 2030 թվականը վերջ տալու կանանց եւ աղջիկների նկատմամբ բռնությանը»

 

Ի՞նչ պետք է անի պետությունը ընտանեկան բռնությունը կանխելու համար. Եվրոպական դատարանի գնահատականները

 

«Չեմ հասկանում, թե ոմանք ինչու՞ են կարծում, որ երեխային կամ կնոջը ծեծելն ազգային արժեք է »

 

Ընտանեկան բռնության դեպքերով հարուցված քրեական գործերի ընթացքը / տեսագրություն

 

Բռնությունը քայքայում է ընտանիքը (տեսահոլովակներ)

 

Տղամարդիկ պետք է ավելի մեծ դերակատարում ունենան ընտանեկան բռնության դեմ ուղղված պայքարում

 

 

Դիտումների քանակը` 3887

Գլխավոր էջ