«Կնասպանության գործերով դատարանները հակված են  միայն մեղմացնող հանգամանքներ դիտարկել»…

«Կնասպանության գործերը քննելիս քննիչը, դատախազը դատավորը փորձում են գործը կառուցել այն տեսակետի շուրջ, թե կինն ի՞նչ սխալ է թույլ տվել, որ նրան սպանել են», –  նշում  են «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիայի ներկայացուցիչները…

 

  

Նարինեին սպանել է ամուսինը՝ Արթուրը՝ իրեն դավաճանելու կասկածների պատճառով: Համատեղ ամուսնական կյանքի ընթացքում Արթուր Մ.-ն ու Նարինե Դ.-ն ունեցել են 3 երեխա: Արթուրը հաճախակի է վիճել կնոջ հետ, ինչին ականատես են եղել նաև նրանց երեխաները: Հերթական անգամ Արթուրը կնոջ հետ վիճել է 2016 թվականի սեպտեմբերի 16-ին և այդ վեճը շարունակվել է նաև հաջորդ օրը,որի ժամանակ Նարինեն հայտնել է, որ ցանկանում է բաժանվել ամուսնուց: Ի պատասխան, Արթուրը սպառնացել է՝ կսպանի: Երկու օր հետո, Արմավիրի մարզի Զարթոնք գյուղից վերադառնալիս Երևանի ճանապարհին Նարինեի և Արթուրի միջև կրկին վիճաբանություն է սկսվել: Արթուրը սկզբում մեքենայի մեջ, այնուհետև մեքենայից դուրս՝ դաշտամիջյան հատվածում ծեծել է կնոջն ու խեղդելով սպանել, ապա, դին նետել ջրատարը

 

 

Ընտանեկան բռնության զոհ դարձած Նարինեի պատմությունը ներկայացվեց «Գենդերային բռնությունը Հայաստանում. հիմնախնդիրներ և իրավական կարգավորումներ» համաժողովում, որը տեղի ունեցավ Երևանում փետրվարի 19-ին: Միջոցառման ընթացքում «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիայի անդամները ներկայացրին իրավիճակը Հայաստանում և օրենքի ընդունումից հետո դեռևս առկա մի շարք բացերը: Հիշեցնենք, որ Հայաստանում «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքն ընդունվել է 2017 թ.-ի դեկտեմբերի 13-ին:

 

Հետևելով կանանց դեմ բռնության գործերի դատավարական ընթացքին ու դատարանի եզրահանգմանը, կոալիցիայի անդամները նկատել են, որ քննիչները, դատախազները, դատավորները գործի ողջ ընթացքը փորձում են կառուցել այն տեսակետի շուրջ, թե կինն ի՞նչ սխալ է թույլ տվել, որ նրան սպանել են:

 

 

Կոալիցիայի անդամ, իրավաբան Ստելլա Չանդիրյանի խոսքով, դատական պրակտիկան ցույց է տալիս, որ ընտանեկան բռնության գործեր քննելիս, դատարանները շատ հաճախ,հաշվի չեն առնում հանցագործության նախապատմությունը, ամբաստանյալի գործած հանցանքի շարժառիթը, հասարակության համար վտանգավորության աստիճանը: Հակառակը ընտանեկան բռնության և կնասպանության գործերի մեծ մասով դատարանները պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանք դատաքննությամբ առհասարակ չեն հայտնաբերում, ինչպես օրինակ՝ Նարինե Դ.-ի գործում: Նշված գործով դատարանը որպես ամբաստանյալ Արթուր Մ.-ի պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանք է դիտարկել խնամքին մինչև 14 տարեկան երկու երեխաների առկայությունը: Ըստ Ստելլա Չանդիրյանի, միևնույն ժամանակ, դատարանը պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանք դատաքննությամբ չի հայտնաբերել: «Արդյունքում դատարանը հանգել է այն եզրակացության,որ Արթուր Մ.-ն մեղավոր է ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով (հասարակ սպանություն) նախատեսված հանցանքում և նրա նկատմամբ պետք է պատիժ նշանակել ազատազրկում՝ 9 տարի ժամկետով»,-ասաց Ստելլա Չանդիրյանը՝ հիշեցնելով նաև ընտանեկան բռնության  հետևանքով սպանված Նինել Ս.-ի դեպքը:

 

 

 Նինելին սպանել է ամուսինը՝ Կամո Ս.-ն՝ ավտոմեքենայի  համար նախատեսված երկաթե բանալիով: Ամուսինն այնքան է  հարվածել կնոջ գլխին՝ մինչև որ նա մահացել է: Հանցագործությունը կատարելուց հետո ամուսինը զանգահարել է որդուն և պատմել, որ սպանել է կնոջը և ասել է, որ  սպանելուց հետո  ուզել է կնոջ դին այրել, սակայն քանի որ տանը եղել է հարսը, խղճացել է հարսին ու չի այրել

 

 
Այս գործով էլ, Ստելլա Չանդիրյանի խոսքով, Կամո Ս.-ն  իրեն մեղսագրվող արարքի նկատմամբ ճանաչվել է անմեղսունակ և դատարանը գտել է, որ նա պետք է ազատվի քրեական պատասխանատվությունից և պատժից՝ նրա նկատմամբ կիրառելով հարկադիր բուժումը: 

 

 

Համաժողովբի ընթացքում կոալիցիայի անդամները կարծիք հայտնեցին, որ ընտանեկան բռնության գործերը քննող անձինք՝ քննիչ, դատախազ, դատավոր, պետք է մասնագիտական վերապատրաստումներ անցնեն:
 

Միջոցառմանը ներկա Արդարադատության ակադեմիայի ներկայացուցիչ Էլեն Վարդապետյանն տեղեկացրեց, որ Եվրախորհրդի հետ համատեղ ծրագրով այս թեմաներով վերապատրաստված  իրենց ունկնդիրները են   պետք է դասընթացներ անցկացնեն վերոնշյալ անձանց հետ:

 

Ոստիկանության քրեական հետախուզության և գլխավոր վարչության 3-րդ վարչության պետ Նելլի Դուրյանի  խոսքով,  օրենքի ընդունումից հետո 63 բռնարար ընտանիքից հեռացվել է: Նրա դիտարկմամբ, նախորդ տարիների համեմատ, ընտանեկան բռնության հետևանքով սպանությունների դեպքերը նվազել են, բացի այդ դիմելիությունն է բարձրացել:  Եթե 2016 թ.-ին  եղել է սպանության  66 դեպք, որոնցից 14 դեպքում կին է սպանվել, նրանցից 3-ը ընտանեկան բռնության զոհ են եղել: 2017-ին գրանցվել է սպանության 50 դեպք, որից 7-ի դեպքում տուժող են հանդիսացել կանայք: 7-ից  4-ը սպանվել են  ընտանեկան բռնության արդյունքում: 2018-ին մեր երկրում գրանցվել է սպանության 35 դեպք, որից 6-ի դեպքում տուժել են կանայք: Նրանցից 2-ը ընտանեկան բռնության զոհ են դարձել: 

 

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ներկայացուցիչ Արմինե Թանաշյանը օրենքի ընդունումից հետո դրական դինամիկա է նկատել: Նրա խոսքով, հիմնական խնդիրը ոչ թե երևույթի քրեականացումն է, այլ կանխարգելումը. «Կրկնակի դեպքերը ավելի քչացել են: Բռնություն կիրառողները, երբ տեսնում են, որ հաշվառված են, նրանց հետևում են և հաջորդ անգամ հնարավոր է՝ խիստ միջոցառումներ իրականացվեն և տնից կհեռացվեն՝ ինչպես օրենքով սահմանված կարգով է, սա բավականին մեծ կանխարգելիչ նշանակություն ունի»: 

WomenNet.am-ի հետ զրույցում «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Թագուհի Ղազարյանը կարծիք հայտնեց, որ կանխարգելող օրենքի ընդունումը որոշակիորեն դրական քայլ էր, սակայն այն վերանայման  կարիք ունի: Նրա խոսքով, օրենքի ընդունման  արդյունքում հանրությունը գոնե սկսել է քննարկել ընտանեկան բռնության, կնասպանության դեպքերը, և անձնական փորձառությունների կամ ականատեսների պատմությունների հիման վրա պարզ է դարձել,որ այդ երևույթները շատ ավելի շատ են, քան հանրայնորեն մինչ այդ խոսվել են:  «Ժամանակին, երբ օրենքն ընդունվում էր, դրան դեմ կարծիքներ էին ձևավորվել, ասում էին, որ  դա փորձ է միջամտելու այլոց ընտանեկան հարաբերություններին, որ դա ազգային արժեքների դեմ ոտնձգություն է, ինչի  հետ ես ամենևին համամիտ չեմ, որովհետև բռնությունը և սպանությունը ազգային արժեք լինել չեն կարող…  Դրա արդյունքում օրենքը մի շարք բացեր ունի:  Օրինակ, որոշ ինստիտուտներ ուղղակի բացառվեցին: Մասնավորապես, ոստիկանի միջամտությունը կոնկրետ պահին, ընտանիքում կամ երեխային հեռացնելու հնարավորությունը: Դա դիտարկվում էր որպես միջամտություն ընտանեկան հարաբերություններին: Օրենքի հետ կապված ուրիշ խնդիր էլ կա՝ որքանո՞վ է մարզային ոստիկանը՝ միջամտելու և հասկանալու, որ դա, իսկապես, ընտանեկան բռնություն է  և , առնվազն, չխրախուսելու դրա շարունակությունը… Որովհետև մենք գիտենք, որ, հատկապես՝ փոքր համայնքներում հայրիշխանություն ավելի ընդգծված է քան՝ Երևանում և այդ ոստիկանն այնտեղի բնակիչ է: Բոլոր դեպքերում իրավապահներին  մանրակրկիտ վերապատրաստելու և բնակչության հետ աշխատանք տանելու կարիք կա»,- ասաց Թագուհի Ղազարյանը:

 

 

Համաժողովի ընթացքում ներկայացվեց նաեւ «Լռեցված ձայներ. կնասպանությունը Հայաստանում 2016-2017» զեկույցը: Զեկույցում ներկայացվել են ընտանեկան բռնության ենթարկված եւ սպանված կանանց պատմություններ: Այդ կանայք ողբերգական հանգամանքներում սպանվել են իրենց զուգընկերների, ընտանիքի անդամների եւ այլ անձանց կողմից: Ներկայացված են նաեւ այդ գործերով դատական ​​ակտերը , վեր են հանվել օրենսդրական եւ իրավակիրառ համակարգում առկա իրավական բացերը: Զեկույցի համահեղինակ Ստելլա Չանդիրյանը WomenNet.am- ի հետ զրույցում օրենքի բացերից մատնանշեց զուգընկերային հարաբերություննե ի մեջ գտնվող անձանց, օրենքում չներառելու հանգամանքը, ինչի հետեւանքով նրանց նկատմամբ կիրառվող բռնության դեպքում օրենքը հասանելի չի լինում:

 

Զեկույցը պատրաստվել է «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիայի կողմից՝ «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի» ֆինանսական աջակցությամբ:

 

 

Լուսինե Կարապետյան

Դիտումների քանակը` 1762

Գլխավոր էջ