Կին պատգամավորների և նախարարների եկամուտներն ու խնայողությունները
Ազգային ժողովի կին պատգամավորները, ինչպես կարելի էր ենթադրել , նյութական մեծ կարողություններ չունեն: Նաև իրենց ունեցվածքը ամուսինների, սկեսուր մայրիկների կամ այլ բարեկամների անունով ձևակերպելու սովորություն դեռևս չեն ընդօրինակել:
Դատելով նախընտրական շրջանում պատգամավորության թեկնածուներ գրանցվելու համար ներկայացված գույքի և եկամուտների հայտարարագրերից` կին պատգամավորները, հիմնականում, թանկարժեք գույք, արժեթղթեր կամ այլ ներդրումներ չունեն, բացառությամբ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի, ով «Արժեթուղթ և այլ ներդրում» բաժնում նշել է «Բեգ-Միք» ՍՊԸ-ի 100 % բաժնետոմսերի օտարում:
Ընդհանուր առմամբ, կին պատգամավորներից ամենաբարձր եկամուտներ հայտարարագրածը ՝ ՀՀԿ անդամ Հերմինե Նաղդալյանն է, իսկ ամենաքիչ եկամուտ ունեցողը՝ ՀԱԿ խմբակցության անդամ Լյուդմիլա Սարգսյանն է:
Շարժական գույք ունեն պատգամավորներից երեքը` հանրապետականներ Մարգարիտ Եսայանը, Արփինե Հովհաննիսյանը և Շուշան Պետրոսյանը: Նրանք հայտարարգրել են մեկական ավտոմեքենա:
Անշարժ գույք հայտարարագրել են գրեթե բոլոր կին պատգամավորները ,բացառությամբ ՀՀԿ խմբակցության անդամ Արփինե Հովհաննիսյանի և ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանի, ովքեր ըստ հայտարարագրերի, անշարժ գույք չունեն:
ՀՀԿ խմբակցությունից ՝ Հերմինե Նաղդալյանը ունի 2 բնակարան Երևանում` 205.6 քմ ընդհանուր մակերեսով, 4 հողամաս` մոտ 1 հա տարածքով, 2 շինություն` 790 քմ ընդհանուր մակերեսով, Կարինե Աճեմյանը` 1 շինություն Երևանում (32.8 քմ) և 2 հողամաս Կոտայքի մարզում (4.3 հա), Մարգարիտ Եսայանը` 1 բնակարան (78 քմ) և 1 ամառանոց (1200 քմ), Նաիրա Կարապետյանը` 1 բնակարան (93 քմ), Ռուզաննա Մուրադյանը` 1 բնակարան (61.5 քմ ), Շուշան Պետրոսյանը` 1 բնակարան (65 քմ) և 1 արվեստանոց (85 քմ), Կարինե Պողոսյանը` 1 բնակարան Արտաշատում (63.6 քմ), Մարինե Մարաբյանը` 2 բնակարան (141.1 քմ ընդհանուր մակերեսով):
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամներ՝ Նաիրա Զոհրաբյանը հայտարարագրել է 3 բնակարան Երևանում` 200.6 քմ ընդհանուր մակերեսով, իսկ Էլինար Վարդանյանը` 1 բնակարան (72.5 քմ):
«Հայ ազգային կոնգրես» խմբակցության անդամ Լյուդմիլա Սարգսյանը հայտարարագրել է 1 բնակարան` 51 քմ մակերեսով:
«Ժառանգություն» խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանը հայտարարագրել է 1 բնակարան` 77 քմ մակերեսով և 1 ավտոտնակ` 19.3 քմ մակերեսով Երևանում:
Հետաքրքիր դիտարկումների առիթ են տալիս հայտարարագրերի «Եկամուտներ» բաժնում արված կամ չարված նշումները: Օրինակ, որոշ թեկնածուներ Շուշան Պետրոսյանը և Լյուդմիլա Սարգսյանը, ըստ հայտարարագրերի, հաշվետու տարում` 2011 թ-ի մարտ ամսից մինչև 2012 թ-ի մարտը, չեն ունեցել ոչ մի եկամուտ. «Եկամուտներ» բաժնում նրանք ոչինչ չեն հայտարարագրել:
Հաշվետու տարվա եկամուտը միայն աշխատավարձի տեսքով հայտարարագրել են կին պատգամավորներից 9-ը` հանրապետականներ Կարինե Աճեմյանը, Մարգարիտ Եսայանը, Նաիրա Կարապետյանը, Արփինե Հովհաննիսյանը, Ռուզաննա Մուրադյանը, Կարինե Պողոսյանը, ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանը, ՕԵԿ-ական Հեղինե Բիշարյանը, «Ժառանգության» անդամ Զարուհի Փոստանջյանը:
Հերմինե Նաղդալյանի տարվա եկամուտը 781 մլն 548 հազար դրամ է (3 մլն 153 հազարը` պատգամավորի աշխատավարձ, մնացածը` շահաբաժին և փոխառություն): Մյուս հանրապետական պատգամավոր Մարինե Մարաբյանի տարեկան եկամուտը, ըստ հայտարարագրի, կազմել է 30 մլն 319 հազար 940 դրամ, որից 22 միլիոնը` փոխառություն, մնացածը` աշխատավարձ «Ինթերնեշնլ Մասիս Տաբակ» ՍՊԸ-ից: «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Էլինար Վարդանյանը հայտարարագրել է 8 մլն 160 հազար դրամ եկամուտ, որից 660 հազար դրամը աշխատավարձ, մնացածը` շահաբաժին և մեքենայի վաճառքից ստացված եկամուտ:
Հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ` ԱԺ 14 կին պատգամավորներից դրամական խնայողություններ չեն ունեցել 6-ը` ՀՀԿ-ից Արփինե Հովհաննիսյանը, Ռուզաննա Մուրադյանը, Շուշան Պետրոսյանը, ԲՀԿ-ից Նաիրա Զոհրաբյանը, ՀԱԿ-ից Լյուդմիլա Սարգսյանը և «ժառանգություն»-ից Զարուհի Փոստանջյանը:
Հանրապետականներ՝ Հերմինե Նաղդալյանը հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ ունեցել է 100 մլն ՀՀ դրամ և 30 հազար ԱՄՆ դոլար, Կարինե Աճեմյանը` 2 մլն ՀՀ դրամ, 21 հազար ԱՄՆ դոլար և 5500 եվրո, Մարգարիտ Եսայանը` 2000 ԱՄՆ դոլար, Նաիրա Կարապետյանը` 3 մլն 100 հազ. դրամ, Կարինե Պողոսյանը` 500 հազար դրամ, Մարինե Մարաբյանը` 40 մլն ՀՀ դրամ և 145 հազ. ԱՄՆ դոլար, ԲՀԿ-ական Էլինար Վարդանյանը` 26 մլն ՀՀ դրամ և 15 հազար 300 ԱՄՆ դոլար, ՕԵԿ-ական Հեղինե Բիշարյանը` 32 հազար ԱՄՆ դոլար:
Ի դեպ, Parliamentmonitoring.am կայքը , որտեղ զետեղված են վերընշված տվյալները, հետգրության տեսքով նշում է, որ պատգամավորության թեկնածուները, իրականում պետք է հայտարարագրեին իրենց եկամուտներն ու դրամական միջոցները միայն հաշվետու տարվա`03.03.2011-03.03.2012թթ կտրվածքով, բայց դատելով հայտարարագրերի բովանդակությունից` թեկնածուները չեն հետևել այս ժամկետին` հիմնականում հայտարարագրելով իրենց ողջ ունեցվածքը, երբեմն էլ նշելով գումարներ, որոնք ավելի շատ ամսական, քան տարեկան եկամուտ են հիշեցնում:
Ինչևէ, կին պաշտոնյաների ֆինանսական կարողությունները ամբողջացնելու համար անդրադառնանք նաև երկու կին նախարարների ներկայացրած «Գույքի և եկամուտների հայտարարագրերին»:
Եվ այսպես, ՀՀ Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը 2011 թվականի հայտարարագրի մեջ նշել է, որ չունի անշարժ կամ շարժական գույք, արժեղթղթեր կամ այլ ներդրումներ, ինչպես նաև` հանձնված կամ վերադարձված փոխառություններ: Նախարարը չունի նաև դրամական միջոցներ, իսկ եկամուտները բաժնում լրացրել է միայն ամսական աշխատավարձի չափը:
Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հայտարարագրում լրացրել է, որ ունի անշարժ գույք, չունի շարժական գույք, արժեթղթեր կամ փոխառություններ: «Դրամական միջոցներ» բաժնում նախարարը հայտարարագրել է 27 մլն. դրամ, 2000 ԱՄՆ դոլար և 1500 եվրո: Իսկ եկամուտների բաժնում ներկայացրել է աշխատավարձ, ժառանգություն և հեղինակած գրքի վաճառքից ստացված գումարը:
Անի Գորյան
Դիտումների քանակը` 4176