Կին պատգամավորներին այս օրերին հազարավոր քաղաքացիներ են դիմում

 

Հայաստանում կորոնովիրուսի տարածմամբ պայմանավորված արտակարգ դրության պայմաններում «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը պատրաստակամություն է  հայտնել անվճար խորհրդատվություն տրամադրել  քաղաքացիներին։  ԱԺ հերթական նիստում համանուն խմբակցության անդամ Անի Սամսոնյանն իր ելույթում  նշեց՝ կուսակցությունը հարյուր հազարավոր քաղաքացիներ են դիմել իրենց։

 

«Հատուկ շեշտում եմ՝ հարյո՛ւր հազարավո՛ր քաղաքացիներ, հատուկ նախկին համեստ ընդդիմադիր, բայց հիմա պաշտոն ստացած չինովնիկների համար, ովքեր կարծում են, որ մեզ չենք կարող զանգել քաղաքացիներ»,-ասաց Սամսոնյանը։

 

Հիշեցնենք, որ ընդդիմադիր խորհրդարանականների «հարյուր հազարավոր» քաղաքացիներ արտահայտությունը ծաղրեցին գործող որոշ պաշտոնյաներ՝ կասկածի տակ դնելով բազմաթիվ դիմումներ ստանալու մասին նրանց հայտարարությունների իրական լինելը։

 

Այդ պաշտոնյաներից մեկն էլ ԿԳՍՄ նախարար Արայիկ Հարությունյանն էր, որին արձագանքել էր մեկ այլ ընդդիմադիր կին պատգամավոր, ԲՀԿ-ական Նաիրիա Զոհրաբյանը։ Նա ֆեյսբուքյան իր էջում գրել էր.

 

«Սա զավեշտ չի պարոն նախարար, սա այլևս ողբերգություն է. Ազգային ժողովում ընթացող նիստին զուգահեռ՝ գիտության, կրթության, մշակույթի, սպորտի և մնացյալի նախարար Արայիկ Հարությունյանն իր ֆեսյբուքյան էջում հետևյալ գրառումն է արել. «Արդեն զավեշտի է վերածվում: «Մեզ են դիմել հարյուրավոր, հազարավոր, բազմաթիվ քաղաքացիներ էս ինչ հարցով։ Հենց ասում ես`գոնե երեք հոգու տվյալ տուր կոնկրետ խնդրով զբաղվենք, հասկանանք` որտեղ է պրոբլեմը, փոխանցվում է առավելագույնը մի քաղաքացու տվյալ: Եվ սա օրինաչափություն է: Մի՛ արեք»

 

Հիմա պարոն Հարությունյան, ինձ յուրաքանչյուր օր դիմում է, այո, մի քանի հարյուր, կրկնում եմ, մի քանի հարյուր ՀՀ քաղաքացի և շատ դեպքերում անգամ բոլորին պատասխանելը գրեթե անհնար է: Ու քանի որ Ձեր գրառումից ոնց որ թե հասկացա, որ պատրաստ եք մեր հայրենակիցների խնդիրները լսել և ինչպես գրել եք`խնդրով զբաղվել, եթե դեմ չեք, ես Ձեզ կփոխանցեմ ինձ հասցեագրված նամակների 1 տոկոսը: Շնորհակալ կլինեմ, եթե գոնե էդ մի տոկոսի խնդրով զբաղվեք: Իսկ որպեսզի վստահ լինեք, թե օրական ինչ ծավալի է նամակների քանակը, տեղադրեմ միայն մեսենջերով, միայն վերջին 2-3 ժամվա ընթացքում մեր քաղաքացիներից ստացածս դիմումները:
Բնականաբար` ծածկելով նրանց պրոֆիլները:  Հ.Գ. Մի՛ արեք, պարզապես մի՛ արեք»։

 

Նաիրա Զոհրաբյանը հրապարակել էր լուսանկարներ, որտեղ երևում է, որ բազմաթիվ օգտատերեր տարբեր խնդիրներով իրեն են դիմել։

 

 

Վերադառնալով  Անի Սամսոնյանի ելույթին նշենք, որ , նրա հաղորդմամբ, քաղաքացիներն իրենց դիմել են բազմաթիվ հարցերով, իրենք հավաքագրել են տեղեկատվություն, որը կարող է կողմնորոշիչ լինել կառավարության համար։

 

«Առաջին խնդիրն այն է, որ մենք զարմացած ենք, թե ինչու մինչև հիմա չկան ուղեցույց տեսահոլովակներ, որոնք ընկալելի ու պարզ լեզվով մարդկանց կբացատրեն, թե ինչպես դիմել ծրագրերին։ Իրականում դրանք գրված են բարդ, խրթին, մարդկանց համար ընկալելի չեն, դրանցում կան արտահատություններ, որոնք տարընթերցումների տեղիք են տալիս։ Այո, մարդիկ չգիտեն, իրենք միայնակ մայր են համարվո՞ւմ, թե՞ ոչ, չգիտեն հանրային ծառայությունների համարանիշը որն է, որտեղից կարող են ձեռք բերել տեղեկանք։ Բոլոր հարցերի վերաբերյալ պետք լինեն տեսահոլովակներ»,-ասաց Անի Սամսոնյանը։

 

Այստեղ նկատենք, որ «Լուսավոր Հայաստան»-ը  պատրաստել է պատկերներ, որոնք քաղաքացիներին կօգնեն ստուգել, թե ՀՀ Կառավարության սոցիալական աջակցության որ ծրագրին են նրանք համապատասխանում: Պատկերներ իր էջում  հրապարակել էր նաև Անի Սամսոնյանը։

 

 Կորոնավիրուսի հետևանքների չեզոքացմանն ուղղված աջակցության ծրագրերի հետ կապված հաջորդ խնդիրը, ըստ բանախոսի, համակարգի վատ աշխատանքն է։ Ընդդիմադիր օրենսդիրն ընդունում է, որ միաժամանակ բազմաթիվ մարդիկ են փորձում տվյալները մուտքագրել համակարգ, բայց դրա վատ աշխպատանքը խուճապ ու սթրես է առաջացնում նրանց համար։

 

Սամսոնյանն իր խոսքւոմ անդրադարձավ նաև 6-րդ ծրագրին։ Հիշեցնենք, որ այդ միջոցառման շահառու են այն քաղաքացիները, ովքեր մարտի 13-30 ընկած ժամանակահատվածում ազատվել են աշխատանքից։

 

«Մարդիկ չեն կարողանում հասկանալ, եթե իրենք աշխատանքից ազատվել են մարտի 31-ին, ինչո՞ւ չեն կարող օգտվել այդ ծրագրից»,-նկատեց նա՝ առաջարկելով վերանայել սահմանված չափանիշն ու երկարաձգել ժամկետը, քանի որ արտակարգ դրության, նաև դրա երկարաձգման հետևանքով հնարավոր է դեռ լինեն աշխատանքից ազատվող քաղաքացիներ։

 

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորը նաև առաջարկեց ընդլայնել 8-րդ միջոցառման շահառուների շրջանակը՝ դրանում ներառելով նաև այլ ոլորտներ, քանի որ նաև վնասներ են կրել կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող ընկերությունները:

 

 

«Եթե մենք ռեստորաններին ասել ենք, փակում եք դռները  և չեք աշխատելու, ապա ուղևորափոխադրում  իրականցնողներին էլ ասել ենք՝ անջատեք շարժիչները, դուք չեք աշխատելու։ Եվ սա արտակարգ դրության հետևանք է։ Կամ մասնավոր կրթական հաստատությունների՝ մասնավոր դպրոցների ու մանկապարտեզները ներկայացուցիչները ևս ունեն խնդիրներ։ Սրանք նախնական դիտարկումներ են»,-ասաց պատգամավորը։

 

 

 Հիշեցնենք, 8-րդ  ծրագրի   շահառու են այն անձինք, ովքեր մարտի 13-30 հանդիսացել են նշված ոլորտների վարձու աշխատողներ կամ անհատ ձեռնարկատերեր՝
– հյուրանոցային և հյուրատնային ծառայություններ,
– հանրային սննդի ծառայություններ,
– զբոսաշրջային ծառայություններ,
– վարսավիրանոցների և գեղեցկության սրահների ծառայություններ,
– մանրածախ առևտրի ծառայություններ (բացառությամբ սննդամթերք և դեղորայք վաճառողների)։

 

Հ. Կարապետյան

 

 

 

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

Նախարարությունը արձագանքել է՝ սոցիալական աջակցության ծրագրերի մասին տեսանյութեր տարածելովիչ տեղեկատվություն տարածելով

 

Աջակցություն հղի կանանց՝ նյութական և տեղեկատվական

 

Ովքեր կարող են օգտվել կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման սոցիալական ծրագրերից

 

 

 

 

Դիտումների քանակը` 1411

Գլխավոր էջ