Կին ձեռներեցները միավորվում են
Sարբեր ոլորտներում աշխատող 25 կին ձեռներեցներ` Հայաստանի տարբեր մարզերից ժամանել էին օրերս Ծաղկաձոր ոչ միայն ներկայացնելու իրենց գործունեությունը, այլև քննարկելու խնդիրները: Եռօրյա այս սեմինարը նախաձեռնել էր Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիան:
Մասնակիցներից յուրաքանչյուրը փոքրիկ ցուցադրություն էր կազմակերպել` ներկայացնելով իր արտադրությունը: Տաղավարները շատ տարբեր էին ` հագուստից մինչև էկո սնունդ, խմիչք, հացի արտադրություն, համեմունքներ և քաղցրավենիք:
Կին ձեռներցների հետ ոլորտի խնդիրները քննարկելու նպատակով հանդիպման էին եկել պետական և միջազգային այն կառույցների ներկայացուցիչները, որոնք խրախուսում են փոքր ու միջին բիզնեսը, այդ թվում կանանց տնտեսական մասնակցությունը: Նրանց թվում էին ՀՀ էկոնոմիկայի նախարարության ՓՄՁ վարչության պետ Արմեն Եգանյանը, ՓՄՁ ԶԱԿ-ի ներկայացուցիչ Կարեն Գևորգյանը, ՄԱԿ-ի փորձագետ Աննա Հարությունյանը, EDMC-ի տնօրեն Մարգարիտա Հակոբջանյանը և փոխտնօրեն Գայանե Դալլաքյանը, CEED-ի և Եվրասիա համագործակցության հիմնադրամի ներկայացուցիչներ Գոհար Ղաբուզյանն ու Մարինա Մխիթարյանը, ովքեր ներկայացրեցին իրենց կառույցների գործունեությունը և պատասխանեցին սեմինարի մասնակիցների հարցերին:
Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնը ներկայացրեց պետական աջակցության տարեկան ծրագրերի շրջանակներում իրականացվող «Սկսնակ գործարարների աջակցություն» ծրագիրը: Այն տրամադրում է ուսուցողական, մասնագիտական խորհդատվություն, տեղեկատվական նաև ֆիանասական աջակցություն բիզնես ոլորտում իրենց առաջին քայլերն անողներին:
Իր առաջարկներն ուներ նաև ԱՄՆ ՄԶԳ –ն, որը ներկայացնում է Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության ծրագիրը: Այն մեկնարկել է անցյալ տարի և ունի թիրախային 4 ոլորտներ, որոնց պատրաստ է աջակցություն տրամադրել: Դրանք են՝ բարձր տեխնոլոգիաներ, զբոսաշրջություն, պտուղ-բանջարեղենի վերամշակում և դեղագործություն:
Ինչպես նշում է ՀԵԿԱ-ի նախագահ Լիլիթ Ասատրյանը սեմինարի ընթացքում փորձել են նաև վերհանել այն խնդիրները, որոնց առավել հաճախ են բախվում կին ձեռներեցները.
– Կարևորագույն խնդիրներից մեկը հարկային օրենսդրությունն է, քանի որ այն հատկապես փոքր և միջին ձեռներեցության համար այնքան էլ նպաստավոր չէ: Հաջորդը` վարկային քաղաքականության ոչ բարենպաստ լինելն է: Սկսնակ ձեռներեցների համար բանկերը բավական բարձ տոկոսներ են առաջարկում: Իսկ նոր ռիսկային փուլում գտնվող ձեռներեցի համար միանգամից բարձր տոկոսով վարկ վերցնելը իր վտանգներն է ստեղծում:
Իր բիզնեսն ընդլայնելու համար նման խնդրի առջև է կանգնած նաև Ռուզաննա Դանիելյանը: Նա Լոռիից է ժամանել և արդեն 10 տարի է, ինչ ղեկավարում է «Ռուզ-Դան» ՍՊԸ-ն, որը զբաղվում է հագուստի արտադրությամբ:
– Ընտանիքիս սոցիալական խնդիրը լուծելու համար, տարիներ առաջ գնեցի ճապոնական կարի մեքենաներ և հիմանդրեցի այս գործը: Ունեմ պայմանագրային աշխատողներ և պատվերների դեպքում նրանց թիվը անգամ 50-ի է հասել: Հիմա ինձ անհրաժեշտ է ցածր տոկոսով վարկային գումարներ, որպեսզի կարողանամ հենց արտադրողից կտորը գնել և դրանով ընդլայնել իմ բիզնեսը:
Սեմինարը «Կանանց ձեռներեցության զարգացումը ՀՀ-ում» ծրագրի մի մասն է կազմում: Այն ՀԵԿԱ-ն իրականցնում է ԱՄՆ դեսպանության աջակցությամբ 2011 թ-ից: Ծրագրի նպատակն է խրախուսել կանանց ձեռներեցությունը:
Իսկ բիզնես ոլորտում արդեն հաջողությամբ գործող կին ձեռներեցների դրական փորձն առավել տեսանելի դարձնելու, և նրանց միջև փոխհամագործակցությունը սերտացնելու նպատակով ստեղծվել է նաև Կին ձեռներեցների ցանց, որը համակարգում ՀԵԿԱ-ն: Այն այսօր 200-ից ավելի անդամ ունի, որոնք ներկայացնում են տարբեր չափի, տարբեր ոլորտներում գործող ձեռնարկություններ:
Այս ցանցն, Լիլիթ Ասատրյանի խոսքով, արդեն իր արդյունքներն է տվել. «Օրինակ, հյուրատունը իր այցեքարտերը, բուկլետները պատվիրում է ցանցի անդամ հանդիսացող տպարանում, չնայած այս երկու ընկերությունները տարբեր մարզերում են գտնվում: Կամ սննդի վերամշակման արտադրությամբ զբաղվող ընկերությունը ապրանքը ձեռք է բերում գյուղմթերքների արտադությամբ զբաղվող այն ընկերությունից, ով ցանցի անդամ է»…
Լիլիթ Քոչինյան
P.S. Կին ձեռներեցների ցանցի գործունեությանը ծանոթանալու համար այցելեք
http://businesswoman.am/ կայքը:
Դիտումների քանակը` 5765