Կին թեկնածուների հաջողության բանաձևը

Եղե՛ք իրատես, պահանջե՛ք անկարելին,

– քանի որ միայն անկարելիի պահանջն է ապահովում շարժումը դեպի առաջ – այս բարեմաղթանքն է անում ընտրություններում իրենց թեկնածություններն առաջադրող կանանց մեր զրուցակիցը՝ Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի սոցիոլոգիայի ինստիտուտի գիտաշխատող , քաղաքագիտության դոկտոր Սվետլանա Այվազովան:

 

Մենք պատահաբար չէ որ դիմեցինք Սվետլանա Այվազովային՝ խնդրելով պատմել այն մեծ ու փոքր գաղտնիքների մասին, որոնք կարող են ապահովել կանանց հաղթանակը ընտրություններում: Նա այն քաղաքագետներից է, ում գիտական հետաքրքրությունները գործնական մարմնավորում են ստացել կին թեկնածուների նախապատրաստման գործում: Այնուամենայնիվ, նա իրեն քաղտեխնոլոգ չի համարում, ավելի շուտ՝ իմիջմեյքեր:

 

Տղամարդկանց նման հարցեր չեն տալիս:

 

– Կին թեկնածուների հետ աշխատանքի մեր հիմնական նպատակն էր ընդլայնել իշխանություն գնացող կանանց քաղաքական հորիզոնը: Չէ՞ որ մեզանում չկա կանանց քաղաքական պատրաստության համակարգ որպես այդպիսին,- պատմում է Սվետլանա Այվազովան: – Որպես կանոն՝ երբ կանայք իրենց առաջադրում են ընտրություններում, և լրագրողներն սկսում են աշխատել նրանց հետ, նրանց իսկույն հարցնում են. «Ձեզ ինչպե՞ս է հաջողվում համատեղել ընտանիքն ու հասարակական գործունեությունը»: Տղամարդկանց նման հարցեր չեն տալիս: Ինչո՞ւ Ժիրինովսկուց ոչ ոք չի հարցնում, թե նա ինչպես է գլուխ հանում իր թոռներից և ինչպես է մեծացրել սեփական որդուն: Կանանց շարունակ նման հարցեր են տալիս. ուտեստների մասին, որոնք նրանք սիրում են պատրաստել, ո՞ւմ մոտ են մազերը հարդարում, ո՞ւմ մոտ են հագնվում և այլն: Կամ՝ Ձեզ ինչպե՞ս է հաջողվում այդքան երիտասարդ տեսք ունենալ: Մենք առաջարկում ենք նրանց ի պատասխան՝ փոխել զրույցի թեման և հանդիպակաց հարց ուղղել. «Իսկ դուք չեք ցանկանում ինձ հարցնել, թե ես ի՞նչ կարծիքի եմ կառավարության տնտեսական քաղաքականության մասին կամ ես ի՞նչ եմ մտածում արտաքին քաղաքականության մասին»: Այսինքն՝ մենք նրանց սովորեցնում ենք հարցերը փոխել այլ հուն՝ անմիջականորեն կապված իրենց քաղաքական գործունեության հետ և դրանով իսկ կոտրել կին քաղաքական գործիչների նկատմամբ կարծրատիպային մոտեցումները, որոնք բավական տարածված են, այդ թվում լրագրողների մոտ:

 

Նման թրենինգը չէր խանգարի ցանակացած քաղաքական գործչի:

 

– Չպետք է մոռանալ, որ այսօր քաղաքականությունն աշխատանքի շուկայի այն հատվածն է, որում գործում է ամենաուժեղ մրցակցություն: Տեղերն այնտեղ շատ չեն, և կնոջը տեղ տալու համար պետք է սեղմվել: Տղամարդու հետ մրցակցելու համար, քաղաքականության մեջ լուրջ կարիերա անելու համար կինը պետք է օժտված լինի որոշակի հատկություններով, շատ ժամանակ ավելի, քան դա պահանջվում է տղամարդուց:
Սկզբի համար կանանց չեն բավարարում քաղաքական գիտելիքները, ու մենք փորձում ենք լրացնել հենց այդ բացը՝ հատուկ դասւնթաց կազմակերպելով: Ի դեպ, այն նաև ներառում էր մամուլի ասուլիսներ հեռուստախցիկի տակ: Մեկ շաբաթ յուրաքանչյուր ունկնդրի հետ աշխատում էին ռեժիսորն ու օպերատորը. ցույց էին տալիս, թե ինչպես հեռուստահարցազրույցի ժամանակ գլխի յուրաքանչյուր շրջում կամ յուրաքանչյուր հնչերանգ ազդում են այն կերպարի վրա, որն առաջանում է հեռուստադիտողի մոտ: Սա անհատական և խիստ աշխատատար գործ է, եւ այստեղ մասնագետները փոքր խմբերում են աշխատում: Ռադիոհարցազրույցի ժամանակ նրանք սովորեցնում էին կանանց, թե ինչպես պետք է տիրապետել ձայնին, ինչ տոնով խոսել: Մենք ուշադրություն էինք դարձնում ամեն մանրուքի: Բացատրում էինք, որ ելույթն սկսելով խրատական տոնով, նրանք ռիսկի են ենթարկում, որ հեռուստադիտողն իսկույն կփոխի ալիքը, քանի որ չի ցանկանում հերթական հորդորը լսել: Հարկ է կարողանալ ստեղծել վստահության մթնոլորտ: Ինչպե՞ս կարողանալ դա անել: Այստեղ հաճախ անհրաժեշտ է մասնագետի խորհուրդը:

 

Իմիջմեյքերը միշտ կշտկի թե՛ կերպարը և թե՛ մթնոլորտը:

 

– Ասենք՝ մի ունկնդիր, շատ փորձառու, հետագայում նա հաղթեց ընտրություններում, խելացի բաներ էր խոսում, և նրա ձայնն ասես պրոֆեսիոնալ քաղաքական գործչի ձայն լիներ, բայց դրա հետ մեկտեղ նրա հագն ու կապը , կներեք, թեթևաբարո կնոջ էր նման: Ակնհայտ էր , որ այս երկու միանգամայն տարբեր կերպարների համադրումը մեկ կնոջ մեջ կարող էր նրան վնասել: Մարդիկ նրան պարզապես չէին հավատում. նման արտաքին տեսքով կինը ուղղակի չի կարող այդպիսի խելոք բաներ ասել: Մենք այս պահը նրան մոտ շատ նրբորեն վերացրինք: Հասկանալի է, որ այս ամենը խիստ նրբազգաց մոտեցում է պահանջում, և աշխատանքը կատարվում է բացառառապես առերես:

 

Մեր ունկնդիրների մեջ կար մի տաղանդավոր կին, որը հետագայում նույնպես կարողացավ իրեն դրսևորել: Սակայն շատ արագ էր խոսում: Նա խելացի ու անսովոր մտքեր էր արտահայտում, բայց այնքան արագ, որ ոչ ոք չէր կարողանում որսալ դրանց իմաստը: Հարցնում ենք նրան. ինչո՞ւ այդքան արագ: Պարզվում է՝ ամուսինը միշտ խորհուրդ է տվել. «Բերանդ արագ փակիր»: Բանն այն է, որ նրա մի ատամը ծուռ էր աճել, ու նա միշտ ենթագիտակցորեն ձգտում էր թաքցնել դա՝ որքան հնարավոր է արագ բերանը փակելով, որպեսզի ոչ ոք չնկատի: Սովորական մի վիրահատության միջոցով այդ թերությունը վերացվեց, և մի քանի տարի անց նրան հանդիպելով՝ ես նկատեցի, որ նա լրիվ այլ կերպ է խոսում: Ահա այսպիսի անսպասելի պահեր կարող են խանգարել կանանց:

 

Ռուայալ, Քլինթոն… ընդօրինակելու համար օրինակներն շատացել են

 

– Իմ կարծիքով՝ ամենաուսանելին Մարգարետ Թետչերի օրինակն է: Նա շատ լրջորեն էր վերաբերվում իր քաղաքական կարիերային: Սկսել էր ոչ այնքան հաջող, բայց, այնուամենայնիվ, առաջ էր գնում՝ հենվելով կամքի ուժի և գիտելիքների հսկայական պաշարի վրա: Ինչ-որ մի շրջան նա սկսում է աշխատել հինդուս իմիջմեյքերի հետ, ու վերջինը խորհուրդ է տալիս Թետչերին ընդգծել շրթունքները: Դուք աշխատում եք տղամարդկանց աշխարհում, իբրև կին պետք է հրապուրիչ լինեք, բայց և միաժամանակ ձեզ պահեք և մտածեք տղամարդու պես – այստեղից էլ նրա խորհուրդը. աչքերում՝ խելք և շրթունքները՝ բացարձակապես կանացի, հետո էլ վերացնել աչքերից ամեն կամք: Նա տարիներով մշակեց դա: Նստում էր բանակցությունների սեղանի շուրջը հրապուրիչ, մեղմ կինը և խոսում խիստ բաներ:

 

Ինչ վերաբերում է Սեգոլեն Ռուայալին, ապա նա, իմ կարծիքով, իր քարոզարշավի ընթացքում գործեց մի քանի վրիպումներ: Փորձելով գտնել կանացիության և լուրջ քաղաքական մոտեցումների միջև բալանսը՝ նա կարողացավ ապացուցել իր լրջությունը: Նա չափից ավելի կանացի էր, և տանուլ տվեց: Տանուլ տվեց Սարկոզիին այն պատճառով, որովհետև վերջինս կարողացավ ընտրական քարոզարշավի ընթացքում վերակողմնորոշվել, նրա բոլոր կարգախոսներին տիրանալ, իսկ հետո ապահովել Նախարարների կաբինետում կանանց պատկառելի ներկայացացվածություն: Ու ընտրողի համար դա շահեկան էր. ավանդաբար ընտրել տղամարդուն, սակայն ազատամիտ: Իսկ Ռուայալը չկարողացավ ժամանակին չեզոքացնել նրա քարոզարշարվում այդ շրջադարձը: Սակայն դա իրոք խիստ դժվար էր:

 

Երկու կարծրատիպերից գենդերայինն ավելի ուժեղ գտնվեց:

 

– Հաղթահարման իմաստով ամենագլխավորն ու ծանրը գենդերային կարծրատիպն է: Այն ավելի ծանր է, քան ռասայականը: Ու դա շատ լավ տեսանելի էր ԱՄՆ նախագահական ընտրություններում: Ես Հիլարի Քլինթոնին խորին հարգանքով եմ վերաբերվում, քանի որ նրան բաժին են ընկել դեպի իշխանություն շատ դժվար ճանապարհ: Նրան հետևում էր ամուսնու ձեռքբերումների ու անհաջողությունների շլեյֆը: Նա չկարողացավ այդ անցյալը հաղթել, չհաղթահարեց անցյալի բեռը Օբամայի առաջ, որ ուներ միայն ապագան, եւ ոչ անցյալը: Այդուհանդերձ, Օբաման նույնպես շատ կարևոր խնդիր էր լուծում. դեպի իշխանություն ոչ սպիտակ ռասայի ներկայացուցիչ: Ու եթե Քլինթոնը ներկայացնում էր կանանց աշխարհը, ապա Օբաման՝ աֆրոամերիկացիների աշխարհը: Երկու աշխարհները համադրելի են այն իմաստով, որ երբեք ներկայացված չեն եղել բարձրագույն պաշտոնում: Դրա հետ մեկտեղ՝ Օբաման երիտասարդ ու շարժուն, իսկ Քլինթոնը՝ ծանրացած ամուսնու անցյալի բեռով: Հիլարիին իր ամուսնուց չէին բաժանում, դա նրան չէր հաջողվում, թեև նա ջանում էր: Իսկ Օբաման կարողացավ կոտրել կարծրատիպը: Բայց չի կարելի Հիլարիին անհաջողակ համարել, նրա առև ծառացած էր գերբարդ խնդիր: Բացի այդ, նա այնուամենայնիվ կոտրեց տաբուն: Այլևս հարկ չի լինի ընտրողին ապացուցել, թե կինը չի կարող լինել նախագահի թեկնածու, ընդ որում՝ հաջողությունից մեկ քայլ այս կողմ:

 

Յուրաքանչյուր նոր կին հարթում է իր հետևից եկող կնոջ ճանապարհը:

 

– Մեզ մոտ՝ Ռուսաստանում, կանայք չորս անգամ առաջադրել են իրենց թեկնածությունը նախագահական ընտրություններում: Առաջինը 96-ին Գալինա Ստարովոյտովան էր, որը չկարողացավ ձայներ հավաքել որպես թեկնածու և չգրանցվեց: Նրա հետևեց Էլլա Պանֆիլովան: Նա ստացավ 2% ձայն: Այնուհետև 2004-ին Իրինա Խակամադան էր, որը ստացավ 4,7% ձայն: Ընդ որում, նրա համար իրավիճակը լավագույն ձևով չդասավորվեց, քանի որ խորհրդարանական ընտրություններում նրա կուսակցությունը՝ աջ ուժերի միությունը, պարտվեց: Ավելին՝ համաձայնություն չկար նույնիսկ կուսակցության կողմից, որպեսզի նա առաջադրվեր, և նա հենվում է լրիվ այլ ուժերի վրա: Այդուհանդերձ, նա չցանկացավ կամ չկռահեց աջակցության խնդրանքով դիմելու կանանց կազմակերպություններին:
Ու չնայած նրա ստացած 4,7% ձայներին, որոնք լավ արդյունք են, հետագա նախագահական ընտրություններում ոչ մի կին չհամարձակվեց առաջադրվել: Միակ կինը, որին ԶԼՄ-ները համարում էին թեկնածու, Վալենտինա Մատվիենկոն էր, որն իրոք հզոր ռեսուրս ունի և համապատասխան կենսագրություն: Սակայն նա չհամարձակվեց ռիսկի դիմել և մտնել ի սկզբանե պարտության դատապարտված քարոզարշավի մեջ: Սա նաև ցուցիչ է, թե ինչպես է փոխվում ենթատեքստը: Որքանով այն բարենպաստ է կանանց առաջադրման համար համար և որքանով նրա դեմ է գործում:

 

Այ դուք ասում եք, թե Հայաստանում կանայք երբեք չեն առաջադրվել նախագահի պաշտոնում: Կնշանակի՝ ձեզանում ենթատեքստը ծանր է: Սա խիստ ստույգ ախտանշան է, երբ կանայք քիչ են խորհրդարանում ու կառավարությունում, սա խորհրդանշական է, կնշանակի՝ հասարակությունը նահապետական է: Բայց, այնուամենայնիվ, ինձ թվում է, որ Հայաստանում տեղի են ունենում խիստ կարևոր գործընթացներ գենդերային հավասարության գաղափարի առաջ մղման տեսանկյունից: Գուցե սա չի նկատվում մասնակիցների համար, սակայն կողքից ավելի ակնհայտ է: Տեղաշարժեր են տեղի ունենում, և զանգվածների գիտակցությունը համակերպվում է այն մտքին, որ իշխանությունում պետք է կանայք լինեն:

 

Կին թեկնածուների հաջողության բանաձևը:

 

– Եթե հասարակությունը նահապետական է, ապա չարժի, որ կինը կտրվի հոգածության էթիկայից, որը բնորոշ է մոր գործառույթներին, այսինքն՝ պետք է իրեն դրսևորել որպես մայր, որը պատասխանատուէ այդ երկրի զավակների ապագայի համար: Համարվում է, որ արդարությունը տղամարդկային գիծ է, իսկ հոգատարությունը՝ կանացի էության հատկանիշ: Ու պետք է առաջնորդվել դրանով: Ճգնաժամից հոգնած մարդիկ հոգատարության այդ էթիկան և դրանից բխող խթանները անկասկած դրական կընկալեն: Մնում է մշակել և՛ ձայնը, և՛ կերպարը, որը համապատասխանում է հոգատարության այդ էթիկային: Ու միշտ հիշել, որ քաղաքականությունը բարդ և երկարատեւ ուղի է:

 

Թ. Հ.

Դիտումների քանակը` 4726

Գլխավոր էջ