Կինն ու գինին Արենիում
Շաբաթ օրը Վայոց Ձորի` բարձր լեռներով ու ժայռերով շրջապատված Արենի գյուղը բազմամարդ էր: Արևն այրում էր: Մարդկանց հոսքը կեսօրից հետո էլ չէր դադարում: Հյուրընկալ մարդիկ ժպտում էին ու հյուրասիրում իրենց պատրաստած, աճեցրած բարիքներով:
Տոնին Արենիի ու նաև հարակից գյուղերի կանայք ու աղջիկներն առանձնահատուկ էին պատրաստվել ու ավելի երկար: Թոնրի մեջ գաթա են թխել` մաքուր յուղով ու մեղրով, վրան էլ Արենի գրել, գնահատում են իրենց աշխատանքը, մի կլոր գաթան 1500 դրամ է: Դրանից զատ թթու են դրել, հուշանվերներ պատրաստել, աղջիկները` օրերով պարել են, փորձել. ամեն ինչ կարգին պետք է լինի:
Օրվա հերոսը գինին էր, բոլոր սեղանների մեջտեղում բազմել է, իսկ դրա կողքին` թոնրի գաթա, թթու դրած ծիծակ, վարունգ, մեղր ու մեղրամոմ, ընկյուզ, խաղող, հուշանվերներ… Թարմ լավաշի ու խորովածի բույրն էլ դեպի գյուղի խորքն է կանչում հյուրերին:
Մինչ այդտեղ հասնելը աջ ու ձախ տաղավարներ են ու սեղաներ, ձախ մայթին` հյուրերն են, աջին` տեղացիները: Սեղանների մեծ մասի մոտ կանայք են, լավ հյուրասիրում են, սակայն խոսելիս համեստ են: Հարցին պատասխանելու համար մատնացույց են անում կողքի տղամարդուն կամ էլ հարևան կնոջը: Նրանք էլ համեստորեն ասում են, թե լավ գինի ստանալու գաղտնիքը բնակլիմայական պայմանների արդյունքում ստեղծված համով խաղողն է:
Ինը տարի Արենին ղեկավարած, այժմ էլ «Հին Արենի» ձեռնարկության տնօրեն Միքայել Գրիգորյանը համեստություն չի անում: Պատմում է, որ մինչ գինու պատրաստ վիճակին հասցնելը, Արենիի կանայք ամուսիններին հավասար, մի բան էլ ավել աշխատում են: Լավ բերք ստանալու համար, պետք է այգին լավ խնամել: Դա էլ երեխայի գործ չէ: Կին ու ամուսին առավոտից երեկո ջանում են:
«Ամեն բնագավառում են հիմա կանայք ակտիվ: Մեր գյուղում կինն ու տղամարդն են գինի ստեղծում: Բոլոր ընտանիքներում էլ այդպես է, տնական համով գինին երկուսով են պատրաստում»,-նշում է նա:
Գյուղի կենտրոն են եկել նաև ծեր տատիկները: 80 տարին հատած Սիրանուշ տատը պատմում է, որ թոռներին ինքն է պահել, մեծացրել: Իսկ մայրը տան ու այգու գործերն է ամուսնու հետ արել: Կողքի տատիկն էլ ավելացնում է, թե հարսին օգնելու համար թոռներին սարն էր տանում, մի քանի ամսում նրանք հասակ էին առնում, թուխ դառնում, այնպես որ տուն գալուց մայրը երեխաներին դժվարությամբ էր ճանաչում: Սիրանուշ տատին լցնում է աչքերը, մի քանի օրից թոռանը` Վարդանին բանակ են տանելու: Պահած մաճառը, չնայած Մարտունուղ խնդրողները շատ են, բայց ոչ ոքի չի տալու, բանակի քեֆի համար է պահում:
Գինեգործ Միքայելը խոստովանում է. լավ գինի ստանալու համար մի քանի գաղտնիք պետք է իմանաս` խոնավության, ջերմաստիճանի, լուսավորության, ժամանակի նորմաները, ինչպես նաև տարայի նյութը:
Գինին շառ է: «Ամեն ինչն էլ շառ է, եթե չափից դուրս ես օգտագործում»,-ծիծաղելով դիտարկմանն արձագանքում է գինու մասնագետը, հիշեցնում հայտնի հեքիաթում, թագավորի հրամանը` այգի տնկեք և գինին այնպես խմեք, որ առյուծ սպանեք և ոչ թե աղբանոցում մեռնեք:
Գինեգործն այնուհետ թվարկում էկնոջ ու գինու նմանությունները: «Մարդը կնոջը տեսնելուց դառնում է զգացմունքային, գինին խմելուց էլ դառնում զգացմունքային: Միշտ էլ պոետները համեմատել են կնոջն ու գինուն, նմանությունները շատ են, երկուսն էլ` բնական են, երկուսին էլ դադնդաղ ես ծանոթանում, վայելում: Ես պոետիկ մարդ չեմ, բայց սա իմ զգացածն է: Օմար Խայամին գինի չի խմել, բայց կնոջը նայելով էնքան բան է գրել: Նայել է կնոջն ու վերագրել գինուն»,-ասում է Մ. Գրիգորյանը:
Գյուղի կենտրոնական մասում բեմ են տեղադրել, փայտե մեծ չան է դրված: Շուրջ բոլորը կանայք են, աղջնակներ, վերջիններս երգում են, քիչ անց` պարելու են: Չանի կողքին` տարոյով ջուր է, մոխիր, ծղոտե զամբյուղներով խաղող` բերված հարակից համայնքներից:
-Մոխիրն օգտագործո՞ւմ են գինի պատրաստելիս,-հարցնում եմ:
-Չէ, չէ,-արագ արձագանքում է կողքս կանգնած ոսկեծամ Լուսինեն:-Հիմա ոտքերս ջրով կլվանանք, մոխիրի մեջ կմտնենք, հետո էլ` փայտե չանի, որ խաղողը տրորենք:
Սկզբում երկու պատանի են մտնում չանի մեջ: Արենիի դպրոցի կազմակերպիչն ասում է, որ կանայք, ըստ ավանդույթի, գինին տրորելու հետ պետք է գործ չունենան:
«Դա տղամարդու բան է»,-բացատրում է նա: -Դրա համար էլ սկզբում տղաներն են մտնում, իսկ աղջիկների տրորելը էսթետիկ է, գեղեցիկ:
Չնայած դրան լուսանկարիչները չանին ակտիվ վրա են հասնում ու գործի անցնում էն ժամանակ, երբ տղաները դուրս եկան չանից, ու խողողը տրորելու բարձրացան աղջիկները:
Երգ, երաժշտությունից, գինու շշերից ահագին այն կողմ` ծուխ է բարձրանում: Լավաշի բույրը հենց այդտեղից է տարածվում: Ներս ենք մտնում: Բացօթյա թոնիր է: Հինգ կին շոգից, թոնրի տաքությունից ու լարված աշխատանքից կարմրած թշերով լավաշ են թխում: Մի պարկ այլուրով խմոր են հունցել, ասում են օրվա ընթացքում 250 հատ լաված են մտադիր թխել ու վաճառել:
«Հիմա տոնից տոն ենք թոնրով թխում, դուխովկաները հեշտացրել են մեր գործը»,-ծիծաղով պատմում է նրանցից մեկը:
Արենիից վերադարձանք դրական էմոցիաներով: Աչքիս առաջ ոսկեծամ Լուսինեն էր, համեստ, իր երազանքներով, ուզում է դիզայներ դառնա, գործով, բայց ոչ խոսքով ջանասեր արենցի կանայք…
Հ. Կարապետյան
Արենի- Երևան
Լուսանկարները՝ Լիլիան Գալստյանի
Դիտումների քանակը` 11427