Կինն ընդդեմ ամուսնու, աղջիկն ընդդեմ հոր

Սեպտեմբերի 9-ին կայանալիք  ՏԻՄ ընտրություններում, մասնավորապես,  գյուղական համայնքներում բավականին ուշագրավ առաջդրումներ կան. աղջիկն ընդդեմ գյուղապետ հոր, կիննը ընդեմ գյուղապետ ամուսնու  եւ այլն:

 

Սյունիքի մարզի Մուցք գյուղում գյուղապետի պաշտոնի համար իրար դեմ են առաջադրվել ամուսիններ՝ գործող գյուղապետ Դրաստամատ Նավասարդյանը եւ նրա կինը` Հայկանդուխտ Կիրակոսյանը:

 

36 տարվա մանկավարժ տիկին Կիրակոսյանը հավատացնում է, որ առաջադրվել է իր ցանկությամբ:

 

«Ես միշտ ուզել եմ գյուղապետի թեկնածություն դնել, այս պարագայում իմ ամուսինն է գյուղապետը, իր դեմ եմ դրել: Տեսնենք ու՞մ բախտը կբերի, ո՞վ կանցնի ընտրություններում»,- «Մեդիալաբին» ասում է Կիրակոսյանը եւ հավելում, որ սա ոչ մի կերպ չի խոչընդոտում ընտանեկան հարաբերություններին:

 

«Վեճ, կռիվ-մռիվ չկա մեր մեջ»,-ասում է տիկին գյուղապետի թեկնածուն:

 

62-ամյա ամուսինը՝ գործող գյուղապետ Դրաստամատ Նավասարդյանը նույնպես նշում է, որ ընտրությունների պատճառով ընտանիքում հարցեր չեն առաջանում.

 

«Ինքը իր համար է դրել, ես իմ, դա իր իրավունք է թեկնածություն դնելու, ուզեց, դրեց: Ես ավելի ուրախ կլինեմ, եթե ինքը անցնի, բայց տեսնենք ինչպե՞ս կլինի արդյունքները»,-ասում է նա:

 

Հիշեցնենք, որ Մուցքում առաջադրված է միայն երկու ամուսինների թեկնածությունը: Նմանօրինակ «ընտանեկան առաջադրումները» գալիք համայնքային ընտրություններում հանդիպում են նաեւ այլ մարզերի գյուղերում:

 

Սեպտեմբերի 23-ին Տավուշի մարզի Աճարկուտ համայնքի Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում ղեկավարի թեկնածություն են դրել 1991թ.-ից Աճարկուտ համայնքի ղեկավարող Ռաֆիկ Օհանյանը եւ նրա դուստր Լիանա Օհանյանը:

 

Գյուղապետը նշել է, որ դստեր առաջադրումը պայմանավորված է Ընտրական օրենսգրքի պահանջով, որ համայնքի ղեկավարի ընտրությունը կայացած է համարվում, երկուսից ավելի թեկնածուների առաջադրումների պարագայում:

 

«Դե օրենքը պահանջում ա էլի, դե ուրիշ մեկը չկար էլի, ասեցին՝ կա, կա, էկել ա, վերջին օրերն ա, չկա»,- ըստ tert.am-ի ասել է նա:

 

Հիշեցնենք, որ Ընտրական օրենսգրքի 143 հոդվածի 6-րդ կետի 2-րդ մասի համաձայն՝ համայնքի ղեկավարի ընտրությունը համարվում է չկայացած, եթե սույն օրենսգրքով թեկնածուների գրանցման համար սահմանված ժամկետում եւ կարգով թեկնածու չի գրանցվել, կամ նույն ժամկետում գրանցված թեկնածուների թիվը պակաս է 2-ից:

 

Սակայն, «Մեդիալաբի» հետ զրույցում Աճարկուտի ղեկավարը նշել է, որ աղջկա առաջադրվելու պատճառն ամենեւին էլ օրենքի պահանջներից չի բխում: Նա ասել է, որ առաջադրվում է գյուղապետի երրորդ թեկնածուն, իսկ իր 33-ամյա աղջկա առաջադրումը ոչ մի կապ չունի օրենսգրքի պահանջի հետ:

 

«Ինքը իրա ցանկությամբ ա դրել: Մանկավարժ ա, 6-7 տարի դպրոցում աշխատել ա, հիմա դուրս ա եկել դպրոցից: Իմ համար նշանակություն էլ չունի ով կանցնի, էս գյուղը Հայաստանի ամենափոքր գյուղերից ա…130 ընտրող ունեցող, անտառի մեջ գտնվող, հեչ հողագործություն էլ չունեցող գյուղա»,-«Մեդիալաբին» ասում է Օհանյանը` նշելով, որ ամենեւին չի հասկանում հայր ու աղջիկ առաջադրման շուրջ ստեղծված հետաքրքրությունը:

 

«Ինչի են էդքան զարմացած, չեմ հասկանում»,- ասում է նա:

 

Լիլիթ Առաքելյան, Medialab.am

http://www.lragir.am/armsrc/society70161.html

 

 

 

Կարդացեք նաեւ թեմայի շուրջ  մեր կայքում .

 

ՏԻՄ ընտրությունների կուրիոզները

 

Դիտումների քանակը` 3449

Գլխավոր էջ