Կարինե Մկրտչյան. «Ավագանին Գյումրիում միշտ դիտարկվել է իբրև տղամարդկանց փակ ակումբ…»
Սեպտեմբերի 9-ին Գյումրիում ևս կկայանան ՏԻՄ ընտրություններ. Գյումրեցիները և քաղաքապետ են ընտրելու, և ավագանու անդամներ: Վերջիններիս թվում կան նաև կին-թեկնածուներ, ընդ որում նախորդ ՏԻՄ ընտրությունների համեմատ, այս անգամ նրանց թիվը զգալի աճ է արձանագրել` 7 կին-թեկնածու է պայքարում ավագանու անդամ կոչվելու համար (նախորդի ժամանակ երկու կին թեկնածու է եղել, նրանցից ոչ մեկը չի ընտրվել և այս ընտրություններում էլ չի առաջադրել իր թեկնածությունը):
WomenNet-ի զրուցակիցն է Գյումրիի ավագանու թեկնածու 33-ամյա Կարինե Մկրտչյանը, ով ներկայացնում է «Քաղաքը մերն է» քաղաքացիական նախաձեռնությունը: Անգլերենի մասնագետ է, շուրջ հինգ տարի աշխատել է «Շանթ» հեռուստաընկերությունում, այնուհետև ուսումը շարունակել է Լոնդոնում`ուսումնասիրել լրագրության նրբությունները և արդեն հայրենիքում շուրջ տաս տարի հայտնի ընկերություններից մեկում աշխատել է որպես հանրային կապերի պատասխանատու: Այսօր արդեն Կ.Մկրտչյանը հանդես է գալիս որպես անհատ ձեռներեց` Գյումրիում ունի հագուստի մոդելավորման սրահ: Նաև համագործակցել է միջազգային մի շարք կազմակերպությունների հետ, այդ թվում բրիտանական մի հիմնադրամի հետ, որը աջակցում է կանանց ձեռներեցության զարգացմանը` տրամադրելով փոքր դրամաշնորհներ կանանց, ովքեր փոքր բիզնես ունեն, որպեսզի աշխատատեղեր ստեղծվեն (երեք տարվա ընթացքում ծրագրի շրջանակում ստեղծվել է շուրջ 30 աշխատատեղ): Ունի երկու երեխա:
-Տիկին Մկրտչյան, ի՞նչ է իրենից ներկայացնում «Քաղաքը մերն է» նախաձեռնությունը և ինչպե՞ս եք ընդգրկվել դրանում:
-Նախաձեռնությունն իրականում այնքան էլ նոր չէ, քանի որ ունի նախապատմություն` հիմքը նախկինում գործող հանրային խորհուրդն է, որը ժամանակին ակտիվ արձագանքել է տարբեր խնդիրների: Իսկ խորհրդարանական ընտրություններից հետո արդեն ձևավորվեց այս նախաձեռնությունը, որի հիմնական նպատակն էր թիմային պայքարով հանդես գալ առաջիկա ՏԻՄ ընտրություններում: Սակայն մեկ վերապահումով` մասնակցել միայն ավագանու ընտրություններին, քանի որ որոշեցինք, որ քաղաքապետի թեկնածու չենք ունենալու և նաև չենք սատարելու քաղաքապետի որևէ թեկնածուի:
Նախաձեռնությունը քաղաքի զարգացման ծրագիր է մշակել, որի մեջ ներգրավված ենք ոչ միայն ընտրություններին մասնակցության հայտ ներկայացրած մեր յոթ թեկնածուներս, այլև ավելի մեծ է կազմը` շուրջ 70 անհատներ, որոնք ծրագրի մշակման տարբեր փուլերում են հանդես եկել: Սկզբում մտադիր էինք ավելի կարճաժամկետ ծրագիր մշակել, քառամյա, սակայն ծրագիրը ստացվեց ավելի երկարաժամկետ` մոտ 15-20 տարվա կտրվածքով:
-Ո՞ր խնդիրներն են առաջնային դրանում վեր հանվում:
-Իրականում որևէ ոլորտ բաց չենք թողել` աշխատատեղերի ստեղծում, արդյունաբերության զարգացում, սոցիալական խնդիրների հաղթահարում, շրջակա միջավայրի բարելավում, մշակույթ… մի խոսքով այն ամենը, ինչ անհրաժեշտ է քաղաքի բնականոն զարգացման համար: Առանձնահատուկ շեշտադրում ենք արել ՏԻՄ կայացման գործընթացին` վերացնել կոռուպցիոն ռիսկերը, մեծացնել ավագանու և քաղաքապետարանի գործունեության թափանցիկությունը:
Ի դեպ, «Քաղաքը մերն է» նախաձեռնության բոլոր անդամներս պարտավորվել ենք թե ընտրություններից առաջ, թե դրանցից հետո չներգրավվել որևէ կուսակցության մեջ, ինչպես նաև քաղաքապետարանի աշխատակազմի մեջ (նաև մեր հարազատներին է դա վերաբերում), որպեսզի բացառվի շահերի բախումը:
-Գանք կոնկրետ ընտրություններին: Ինչպե՞ս են Ձեր առաջադրումն ընկալել հարազատները:
-Օ~.. իմ առաջադրումը միանշանակ արձագանքի չարժանացավ: Շատ բնական առաջադրումս համարեցին գործընկերներս, որոնք ավելի շատ էին ծանոթ իմ ակտիվությանը, քան հարազատներս: Ավելին` հարազատներիցս մեկը, իմ հարցազրույցից հետո ասաց, որ ներողություն է խնդրում, քանի որ չգիտեր, որ ես նման ներուժ ունեմ…
Իհարկե, եղան նաև այնպիսի արձագանքներ, թե` ի՞նչ գործ ունես, վերջապես երեխաներ ունես` նրանց խնամքը կտուժի, այդ ի՞նչ կնոջ գործ է և այլն: Խնդիրը նրանում է, որ ավագանին կոնկրետ Գյումրիում միշտ դիտարկվել է իբրև «թաղային հեղինակություններով» համալրված, ինչ-որ տղամարդկանց փակ ակումբ, ուր ներխուժելը շատ մեծ համարձակության, հանդգնության պես մի բան է, որը Գյումրիում այդքան էլ լավ չի ընկալվում: Առավել ևս դեռ թարմ է «կինը պետք է իր դերն ունենա» սկզբունքը սահմանված կանոններով` խոհանոց, երեխաներ, դասապատրաստում, ինչու չէ` սերիալ նայել: Բայց անշուշտ այդ ամենը կարելի է համատեղել և գուցե սերիալ չնայել…
– Ինչպե՞ս են նրանք ընկալում ընտրողները կին-թեկնածուին, արդյո՞ք ինչ-որ վերապահում զգացել եք:
-Ոչ, նման բան նկատելի չէ և եթե այսպես ասած բացասական արձագանք առաջադրմանս հետ կապված ստացել եմ, ապա միայն հարազատներիս կողմից: Թեև այդ ամենն արդեն անցյալում է` իրենք էլ արդեն տեսնում են, որ խնդիրը ոչ թե կին, այլ պատրաստված լինելն էր:
Ես իմ խոսքում էլ միշտ այդ հանգամանքը շեշտում եմ, որ անկախ սեռից ցանկացած թեկնածուի համար առաջնային է պատրաստվածությունը, ներուժն ու կարողությունները:
Բացի այդ, իմ անձի նկատմամբ վերաբերմունքը պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ ես որևէ կուսակցության անդամ չեմ, չեմ ուղորդվում քաղաքական այս կամ այն ուժի կողմից: Թեև կան կին-թեկնածուներ, որոնք ՀՀԿ անդամ են, նաև մեր մրցակից` Սամվել Բալասանյանի թիմից է մի կին թեկնածու հանդես գալիս…
-Սամվել Բալասանյանի թիմը Ձեր հիմնական մրցակիցն եք համարո՞ւմ:
-Իհարկե, որովհետև նրանք շուրջ 20 ավագանու անդամի թեկնածու ունեն, մինչդեռ ավագանին կարող է ընդամենը 21 անդամ ունենալ: Այսինքն` ցանկանում են ամբողջությամբ գրոհել: Իսկ մենք յոթն ենք ընդամենը և ցանկանում ենք բազմազանություն լինի, քաղաքացիների տարբեր շերտեր ներգրավված լինեն:
-Վերադառնանք Ձեր ծրագրին: Որքանո՞վ են դրանում առանձնացված գյումրեցի կնոջը վերաբերող խնդիրներն ու դրանց լուծումները: Ունե՞ք, օրինակ, կանանց զբաղվածության կամ կրթությանը վերաբերող առանձին ծրագրեր:
-Հիմնականում կնոջը վերաբերող հարցերը բարձրացրել ենք սոցիալական ոլորտին վերաբերող ծրագրերում, մասնավորապես` հատուկ նշված է, որ երեխաներն ու կանայք առաջնահերթ ուշադրության պետք է արժանանան, քանզի համարվում են ամենախոցելիները սոցիալական խնդիրների առջև: Առանձնահատուկ նշել ենք, որ եթե կինը ցանկություն ունի աշխատելու և մեծ հնարավորություններ չունի սկզբնական փուլում աշխատանքի անցնելու, ապա հնարավոր է աջակցել երեխայի մանկապարտեզի վարձավճարը վճարելու տեսքով, որպեսզի խթանվի կանանց ակտիվությունը, և այլն: Բայց, կրկնում եմ, հատուկ գենդերային հավասարությանը ուղղված դրույթներ չենք ամրագրել:
-Արդյո՞ք դա նշանակում է, որ Գյումրիում գենդերային անհավասարություն առկա չէ:
-Ես ինքս դրան շատ եմ բախվել իմ կյանքում, այդ իսկ պատճառով կուզենայի հնչեցնել իմ անձնական կարծիքը դրա վերաբերյալ: Կոնկրետ Գյումրիի օրինակով ասեմ` հիմնական գենդերային խնդիրը ընտանիքում է և երբ այդ իրավիճակը կինը կարողանում է հաղթահարել իր ընտանիքում, ստանում է հավասար ընտրության և դրսևորվելու իրավունքը, ապա հասարակության մեջ խնդիրների գրեթե չի բախվում: Այսինքն, որպեզի գենդերային անհավասարության խնդիրը լուծում ստանա, պետք է մտնես ընտանիք, մենթալիտետը փոխելու կարիք կա ընտանիքի ներսում:
Օրինակ, եթե վերցնենք մեր`«Քաղաքը մերն է» նախաձեռնությունը, ապա այն բաց է եղել կանանց համար և որևէ խտրական դրսևորում չի եղել: Բայց կանանց մասնակցությունը շատ քիչ եղավ` միայն ես առաջադրվեցի:
-Իսկ ինչո՞վ եք պայմանավորում այդ պասիվությունը:
-Խնդիրը հաստատ նախաձեռնության մեջ չէ, քանի որ այն շատ բաց հարթակ է հանդիսանում և բոլորս այստեղ հավասար ենք` չունենք կոորդինացնող, ղեկավար և այլն: Թերևս կրկնվեմ, բայց կանանց քաղաքական մասնակցության պասիվության պատճառը պայմանավորված է ներընտանեկան խնդիրներով` կանայք խնդիր ունեն ոչ միայն կարծրատիպերը հաղթահարելու, այլ ընտանիքի հոգսերից դեպի հասարակության հոգսերն անցում կատարելու իմաստով: Դա է:
– Ինչպե՞ս եք գնահատում Ձեր հաղթանակի շանսերը:
-Մինչև օրս հանդիպած ուշադրությունից, ընդունելությունից ու ստացածս արձագանքներից կարող եմ ասել, որ մեծ է հավանականությունը, որ ես կլինեմ ավագանու անդամ: Հուսադրող է նաև այն, որ դա միայն իմ շրջապատի ցանկությունը չէ, այլև անծանոթ ինձ մարդկանցից եմ ստանում դրական ազդակներ:
-Իսկ մոտ ապագայում տեսնում եք Գյումրին կին քաղաքապետով հանդերձ, թե՞ հայրաքաղաքը հիրավի տղամարդապաշտ քաղաք է:
-Ես հավատում եմ, որ մեր հասարակությունը պատրաստ է Գյումրիում կին քաղաքապետ ունենալուն: Բայց ես չգիտեմ` արդյո՞ք այդպիսի կին ունենք, ով այսօր պատրաստ է դրան:
Կուզենայի այլ խնդրի վրա ուշադրություն դարձնել, վաղուց եմ դա նկատել` Գյումրիում երբեք չի եղել առաջին տիկին, այսինքն` քաղաքապետի տիկին, ով հանդես կգա ակտիվ գործառույթներով: Եվ ես մեծ ցանկություն ունեմ, որ ով էլ լինի մեր քաղաքապետը նրա կինը ավելի ակտիվ ու մեծ մասնակցություն ունենա քաղաքի կյանքում: Առհասարակ այդ մշակույթը Հայաստանում զարգացած չէ և ես, թերևս, միայն Տաշիրում եմ հանդիպել, որ քաղաքապետի կինը ակտիվ գործունեություն ծավալի և որոշակի ազդեցություն ունի: Կանանց ու երեխաներին վերաբերող շատ հարցեր կան, որ առանձնահատուկ ուշադրություն են պահանջում և որոնց տղամարդկանց ձեռքերը միշտ չէ, որ հասնում են: Եվ շատ կուզեի, որ Գյումրիում առաջիկայում այս փոփոխությունը լիներ…
Էնզելա Մակարյան
Դիտումների քանակը` 5148