Կարինե Ղուկասյան. «Պետք է փորձենք վերականգնել հավատը վաղվա օրվա նկատմամբ»

«Լուսավոր Հայաստան»  կուսակցության  խմբակցության Վանաձորի ավագանու անդամ, գործարար,  կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող «Կառա-Կարեն» ՍՊԸ-ի հիմնադիր տնօրեն, «Հույս Հայաստանի համար» բարեգործական ատամնաբուժական կլինիկայի ատամնաբույժ  Կարիեն Ղուկասյանն առաջադրվել է  «ԵԼՔ»  դաշինքի  տարածքային ցուցակով՝ Վանաձորի  թիվ 9 ընտրատարածքում: Ինչպես ինքն է նշում, ԱԺ պատգամավոր դառնալն իր ամենավեհ նպատակը չի եղել, սակայն երկրում  ինչ-որ բան դեպի լավը փոխելու տեսլականը նրան ստիպել է համաձայնվել կուսակցության  առաջարկին ու ներկայացնել իր թեկնածությունը:

 

«Անկեղծ ասած, անցյալ տարվա ՏԻՄ ընտրությունների  մրցավազքից հետո պատրաստ չէի այսքան արագ  կրկին մտնել ընտրապայքարի մեջ, սակայն քանի որ դրա կարիքը կար, համաձայնվեցի»,- անկեղծանում է Կարինեն:

 

Հայաստանի առաջ ծառացած հիմնախնդիրներից ամենակարևորը  թեկնածուն համարում է երկրի անվտանգության ապահովումը, ապա՝ որպես կին գործարար ընդգծում երկրի ծանր տնտեսական ու սոցիալական վիճակի բարելավման անհրաժեշտությունը, որն ուղղակիորեն ազդում է բոլոր ոլորտների վրա:Երրորդ տեղում ժողովրդի կորսված հավատի վերականգնումն է:

 

«Ես էլ որպես ժողովորդի մի մասնիկ հավատ չունեմ որևէ բանի նկատմամբ, բոլորս հիասթափված ենք և պետք  է փորձենք մարդկանց մոտ վերականգնել հավատը վաղվա օրվա նկատմամբ»,- նշում է նա:

 

Կին թեկնածուն խոստանում է՝ ընտրվելու դեպքում Ազգային ժողովոււմ հենց կանանց շահերն է պաշտպանելու: «Տղամարդիկ հիմնականում արձրացնում են   ավելի ընդհանուր խնդիրներ: Արդյունքում այսօր ունենք կանանց վերաբերող բավականաչափ խնդիրներ, որոնք տարիներ շարունակ բաց են մնացել,- ասում է Կարինեն  ու օրինակ բերում,- բազմազավակ կանայք հաճախ են մեզ հարցնում՝  ինչո՞ւ մենք պետք է 63 տարեկանից գնանք թոշակի: Միգուցե արժե, որ երկրում օրենսդրական փոփոխություններ արվեն, որ բազմազավակ մայրերը  ավելի վաղ գնան թոշակի, չէ՞ որ կնոջ օրգանիզմը չի կարող նույն կերպ դիմակայել 1 և ասենք 4 երեխա ունենալու դեպքում:

 

Թեկնածուի կարծիքով կանայք այսօր կարող են շատ ավելին անել,  սակայն պատասխանատու պաշտոնները, որպես կանոն, իրենց  չեն վստահվում : «Ստորին օղակներում աշխատողները հիմնականում կանայք են: Տղամարդիկ թույլ չեն տալիս մեզ ավելի առաջ գնալ ու մուտք գործել վերին ատյաններ: Այդ մոտեցումն  ամեն տեղ կա. քաղաքապետարանների,  մարզպետարանների բաժինների պետերի գերակշիռ մասը տղամարդիկ են, մինչդեռ կանայք կարող են շատ լավ կառավարիչներ լինել»,- ասում է նա:

 

Վերջինիս կարծիքով ԱԺ ընտրություններին կանանց քվոտավորման ներկայիս կարգը թեև խրախուսելի է, սակայն բավարար չէ: Վստահ է՝ կանանց լիարժեք դրսևորվելու հնարավորություն տալու համար պետք է անցնել 50/50 տարբերակին:

 

«Կանանց  թույլ են տալիս ներգրավվել ԱԺ ընտրություններում միայն այն պատճառով, որ դա պարտադիր նորմ է: Հակառակ դեպքում, եթե այդ պարտադիր պայմանը չլիներ, համոզված եմ, թույլ չէին տա»,- նշում է թեկնածուն:Դրա հետ մեկտեղ  Կարինեն  վստահ է, եթե կանայք դառնան ավելի համարձակ ու նախաձեռնող, կարող են հասնել ավելիին:  

 

Իր ընտրատարածքում կին թեկնածուն մրցակցում է մի քանի տասնյակ  տղամարդկանց հետ:  «Տարածքային ընտրակարգով առաջադրված տղամարդ թեկնածուները օգտագործում են բոլոր հնարավոր ու անհնար միջոցները , որպեսզի ընտրազանգվածին իրենց կողմը գրավեն: Մրացակցությանը դիմանալու համար  օգտագործում եմ իմ ամբողջ ներուժը»,  – ասում է նա:

 

Քաղաքականության մեջ հաջողության հասնելու բանաձևն ըստ Կ. Ղուկասյանի ամենատարբեր ոլորտներից տեղեկացված լինելու, ճկունություն դրսևորելու ու առակ խնդիրները ճիշտ տեղում ու ճիշտ ժամանակին բարձրաձայնելու մեջ է:

 

Համոզված է, այս ընտրությունների արդյունքում ջարդվելու են տարբեր կարծրատիպեր, որոնցից մեկն էլ լինելու է տղամարդկանց կարծիքն առ այն, թե կանայք նախընտրում են ընտրել տղամարդկանց: «Տղամարդկանց մոտ նման մտածելակերպ կա, թե կանանց մեծ մասն իրենց է ձայն տալիս: Ես այդպես չեմ կարծում:  Ես գիտեմ, որ կանայք ընդունում են և կտան իրենց ձայնը այն կանանց, ովքեր կբարձրաձայնեն իրենց հուզող խնդիրներն ու կպաշտպանեն իրենց շահերը: Այս ընտրություններին կանանց մեծ մասը կընտրի կին թեկնածուներին»:

 

                                                                                              Գայանե Սարգսյան

Դիտումների քանակը` 3668

Գլխավոր էջ