Կարինե Հակոբյան. «Կուսակցական ցուցակի կազմը անակնկալ էր ոչ միայն ինձ համար»…

«Ժառանգություն» կուսակցության քարտուղար Կարինե Հակոբյանը դուրս է եկել կուսակցությունից «Ազատ դեմոկրատներ»-ի  հետ միասնական  ցուցակի հրապարակումից անմիջապես հետո:  Ի դեպ, Հակոբյանը  ընդգրկված է եղել է կուսակցության համամասնական ընտրացուցակի 10-րդ հորիզոնականում:

 

Այսօր հրավիրված մամուլի ասուլիսում Կարինե Հակոբյանն ասաց, որ խնդիրը միայն անձնական հարթության վրա չէր: Նրա մեկնաբանությամբ` ռազմավարական եւ մարտավարական հարցերով բազմաթիվ տարաձայնություններ է ունեցել կուսակցության ղեկավարության հետ: Կուսակցությունից դուրս գալու պատճառը, իր խոսքով վերջին կաթիլը,   ցուցակների կազմն է եղել:

 

«Մենք տարբեր մոտեցումներ ունեինք շատ հարցերում, այդ թվում   սկզբունքային տարաձայնություններ  ցուցակի կազմի վերաբերյալ », – պարզաբանել է  Հակոբյանը` հավելելով, որ նախընտրական ցուցակն անակնկալ էր ոչ միայն իր, այլեւ իր կուսակիցներից շատերի համար:

 

Նրա կարծիքով  «Ժառանգության» եւ «Ազատ դեմոկրատների»  դաշինքը այդպիսին չէ, որ պետք է լիներ:  «Ցուցակը հիմնավորված կերպով չի կազմվել», ասել է նա` հավելելով, որ այն կազմել է Րաֆֆի Հովհաննիսյանն իր մի քանի խորհրդականների հետ:  Նշենք, որ դա բավականին լուրջ մեղադրանք է կուսակցության հասցեին, որը դրականորեն տարբերվել է հենց ներկուսակցական ժողովրդավարության առկայությամբ:

 

Հակոբյանի խոսքերով կուսակցության վարչության անդամները եւս տեղյակ չեն եղել ցուցակին, եւ դա նրանց համար էլ է անակնկալ եղել: Հակոբյանի ներկայացմամբ` Լարիսա  Ալավերդյանը վարչության նիստին հայտարարել է, որ հրաժարվում է ե’ւ մեծամասնական ե’ւ համամասնական ընտրապայքարից:

 

«Նա չբացատրեց, բայց կարծում եմ, որ բոլորի համար պատճառները հայտնի են: Կարծում եմ, որ նրա կայացրած որոշման մեջ ցուցակի կազմումը դեր է ունեցել: Ալավերդյանը   սիմվոլիկ համաձայնել է լինել ցուցակի 41-րդ հորիզոնականում, ինչը ինքնին նշանակում է, որ ընտրապայքարից դուրս է»:

 

Հակոբյանի  պատկերացմամբ, ցուցակը պետք է կազմվի անվան, գիտելիքների, հասարակական գործունեության հիմքի վրա:

 

«Ցուցակի կազմը,  ըստ իս,  նվազեցրեց շատ ձայներ ստանալու հնարավորությունը, քանի որ դա  միայն ցուցակ չէ, այլ կադրային քաղաքականություն: Ես դեմ չեմ երիտասարդների ընդգրկմանը, սակայն նրանք պետք է հայտնի լինեն հասարակությանը: Ազգային ժողովը փորձադաշտ չէ»,- ասաց Կարինե Հակոբյանը` հավելելով, որ «Ժառանգությանը»  միացել էր մեծ գործեր անելու համար, սակայն, երբ հասկացավ է, որ տարաձայնությունները շատ են, որոշեց դուրս գալ:

 

«Ժառանգությունը» լքած Հակոբյանն առաջիկայում չի պատրաստվում որեւէ կուսակցության անդամակցել, քանի որ ինքն ավելի շատ հասարակական, այլ ոչ թե քաղաքական ու կուսակցական գործիչ է:

 

Մենք փորձեցինք նաեւ մեկնաբանություններ ստանալ ԱԺ պատգամավոր Լարիսա Ալավերդյանից:  Նա, ի դեպ, «Ժառանգություն»  կուսակցության անդամ չի: Պատասխանելով  մեր հարցին, որ արդյո՞ք նա հրաժարվում է ընտրական պայքարից, տիկին Ալավերդյանը նշեց, որ հրաժարվել է մեծամասնականով առաջադրվել, քանի որ դա իրենը չէ, բայց  մնում է ցուցակի 41-րդ տեղում:

 

«Դրանով իսկ ուզում եմ  հասարակությանը հասկացնել, որ հավերժ պատգամավորներ չեն լինում, կարող են նաեւ ուրիշները գալ:  Այդպիսին է այսօրվա իմ մեսիջը ընտրողներին»,  – ասաց նա:

 

Հ. Հ.  

 

P.S.

Ժառանգության» մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանն արձագանքելով իր արդեն նախկին կուսակից Կարինե Հակոբյանի հայտարարություններին նշել է, որ ցուցակի հետ կապված ձեւավորվել էր աշխատանքային խումբ, որը եւ ներկայացրել է վարչությանը իրենց աշխատանքի արդյունքում ձեւավորված ցուցակը: Որոշ տարաձայնություններ եղել են, բայց հարթվել են, ի վերջո խորհուրդը  բացարձակ մեծամասնությամբ համաձայնել ու հաստատել է ցուցակի կազմը: 

Դիտումների քանակը` 5727

Գլխավոր էջ