Կարինե Թումանյան. «Ձեռք է բարձրացվել մի մարդու վրա , որը միշտ տարբերվել է իր պարկեշտությամբ, հայրենասիրությամբ, հանդուրժողականությամբ…»

«Այն ինչ կատարվեց այս գիշեր `մահափորձ ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի նկատմամբ, աննկարագրելի ու անհասկանալի տագնապ առաջացրեց իմ մեջ», –  ասաց  WomenNet.am –ի հետ զրույցում  «Մայր հայրենիք» կուսակցության նախագահ Կարինե Թումանյանը:

 

Ո՞ւմ հանգիստ չի տալիս այն փաստը , որ մենք ` հայերս, կարող ենք քաղաքակիրթ ձևով կազմակերպենք մեր համապետական ընտրությունները: Ո՞ւմ դուր չի գալիս, որ մեր երկրում նախագահի թեկնածուները առանց ոչ մի խոչընդոտի կարող են ներկայացնել տարբեր նախընտրական ծրագրեր, կարող են դժգոհել իշխանություններից և ճիշտ ընկալվել:

 

Այս ամենը ինձ հիշեցրեց հոկտեմբերի 27-ի դեպքերը: Կրկին ինչ-որ անհասկանալի պայմաններում ձեռք է բարձրացվել մի մարդու վրա , որը միշտ տարբերվել է իր պարկեշտությամբ, իր հայրենասիրությամբ, ինչու չէ` հանդուրժողականությամբ , որը շատ դեպքերում կարող է օրինակ ծառայել արդեն իսկ կայացած քաղաքական գործիչների համար:

 

Ուրեմն այդ փամփուշտը ուղղված չէր Պ.Հայրիկյանի դեմ, այն ուղղված է մեր պետականության դեմ: Իսկ թե ո՞ւմ էր դա ձեռնտու անպայման պետք է պարզել: Եթե ժամանակին` հոկտեմբերի 27-ի, մարտի 1-ի դեպքերի հետաքննության արդյունքում մենք ունենայինք այդ հարցի պատասխանը` ո՞վ է պատվիրատուն, մեզ ավելի հեշտ կլիներ շարժվել առաջ:

 

Շատ դեպքերում ինձ, որպես քաղաքական կուսակցության նախագահի հարց են տալիս, թե ինչո՞ւ կին քաղաքական գործիչները չեն առաջադրվում որպես նախագահի թեկնածու, ենթադրելով միայմ մեկ պատասխան` համապատասխան ֆինանսների և մարդկային ռեսուրսների բացակայություն: Իմ կարծիքով , քանի դեռ մեր երկրի քաղաքական մշակույթը այնպիսին է, որ գործում են ոչ միայն օրենքները և Սահմանդրությունը, այլև չգրված բիրտ օրենքներ, անգամ ամենակարող հայ կանայք չեն կարող լիարժեք մասնակից դառնալ այդ կարգի քաղաքական գործընթացների:

 

Իսկ այժմ միայն մնում է ցանկանալ առողջություն մեր ազգի նվիրյալին, շուտ ապաքինում, իսկ մեր ոստիկանությանը ոչ միայն խոստումներ, այլ հանցագործի և որ ավելի կարևոր է ` պատվիրատուի շուտափույտ բացահայտում»:

Դիտումների քանակը` 3728

Գլխավոր էջ