Կարինե Դանիելյան. «Ընտրությունների գործող համակարգում ինտելեկտուալ կնոջ համար տեղ չկա»


 

 

Ընտրություններում կանանց մասնակցության վերաբերյալ WomenNet.am  հարցերին պատասխանում է «Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիայի նախագահ, աշխարհագրական գիտությունների դոկտոր պրոֆեսոր Կարինե Դանիելյանը,  ով համամասնական  և մեծամասնական  ընտրակարգերով առաջադրման  փորձ ունի և քաջ  ծանոթ է կին-թեկնածուների առջև ծառացող խնդիրներին:

 

սեմ, որ ինձ շատ վշտացրեց այն փաստը, որ  պատգամավորի դերում իրենց լավագույնս դրսևորած կանայք ներկայացված չեն լինելու  նոր գումարման Ազգային Ժողովում: Գոնե ինձ համար այդպես էլ անհասկանալի մնաց այն, թե ինչպես կարող էր նախորդ գումարման խորհրդարանում «Ժառանգություն» խմբակցության քարտուղար և Հայաստանի առաջին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանը հայտնվել 41-րդ տեղում: Նույնքան անհասկանալի է այն, որ «Դաշնակցությունից» Լիլիթ Գալստյանը, «Ժառանգությունից» Անահիտ Բախշյանը հայտնվեցին  ոչ անցողիկ  տեղերում: Այս կանանց ձայնը միշտ լսելի է եղել խորհրդարանում, նրանք միշտ ներկայացրել եւ առաջ են տարել հասարակության շահերը,  բարձրացրել են հրատապ լուծումներ պահանջող հարցեր: Ակամայից սկսում ես մտածել, որ գուցե հենց այս ակտիվությունը իրենց վատ ծառայություն մատուցեց, գուցե նրանք այնքան  ինքնուրույնություն և համառություն ցուցաբերեցին, որ դրանով իսկ ստվերում թողեցին իրենց տղամարդ-գործընկերներին: Ամեն  դեպքում կորուստը հասարակության համար ակնհայտ է: Ինչ վերաբորում է մեծամասնական  ընտրատարածքներին,  ապա եթե վերլուծենք, թե ում են յուրաքանչյուր դեպքում պարտվել կանայք, ապա հերթական անգամ ակնհայտ է դառնում, որ  մենք իջել ենք այնպիսի մի մակարդակի, ուր որոշիչ են միայն փողն ու բիրթ ուժը: Եվ այս առումով ընտրությունները հանդիսանում են մեր հասարակության բարոյական և ինտելեկտուալ մակարդակի ցուցանիշ: Պարզից էլ պարզ է, որ նման համակարգում ինտելեկտուալ կնոջ համար տեղ չկա:

 

 

-Ինչպե՞ս եք վերաբերվում քվոտային:

 

-Ես քվոտային դեմ եմ, քանի որ կարծում եմ, որ քվոտայով ընդամենը արհեստականորեն խորհրդարան են մտցնում հեշտ ղեկավարվող կանանց: Այդ փուլը մենք ինչ-որ առումով արդեն անցել ենք: Շատերը կհիշեն, թե ինչպես ներքին գործերի նախարարը ժամանակին  ձևավորեց  կանանց կուսակցություն և փաստացի «անցկացրեց» նրա ներկայացուցիչներին խորհրդարան: Նախկինում քաղաքական և հասարակական ասպարեզում ոչնչով աչքի չընկած այդ կանայք պարզապես քվեարկում էին այդ նույն նախարարի հրամանով: Ի՞նչ շահեց հասարակությունը: Ոչինչ: Բացի այդ վարկաբեկվեց գենդերային հավասարության գաղափարը:  Բայց ինչ խոսք,  կանայք ամեն դեպքում պետք է լինեն խորհրդարանում եւ ոչ միայն այն  պատճառով, որ կազմում են բնակչության ավելի մեծ թվաքանակ, այլ որովհետեւ նրանք  նոր շունչ են հաղորդում խորհրդարանին,  նոր տարր: Պետք է հաշվի առնել այն, որ նրանց ներկայությունը խորհրդարանում անշուշտ դրականորեն կանդրադառնա երեխաներին, ընտանիքներին, մարդու իրավունքներին վերաբերող օրենքների ընդունման վրա:

 

 

 

Դուք խորհրդարանական  ընտրություններին մասնակցելու անձնական փորձ ունեք…

 

–      90-ականների սկզբին, երբ ազգագրագետ Հրանուշ Խառատյանը առաջադրվեց իր բնակության վայրում ` Նոր Նորքում, ես նրա վստահված անձն էի: Այդ ընտրությունները ես կհիշեմ իմ ամբողջ կյանքի ընթացքում… Միամտորեն հավատում էի, որ ընտրողները ըստ արժանվույն կգնահատեն Հրանուշի մասնագիտական և մարդկային որակները, անցած ուղին, և, վերջապես, կգիտակցեն խորհրդարանում պատգամավոր-ազգագրագետի առկայության անհրաժեշտությունը: Գնահատեցին….

 

Ընտրությունների օրը նկատեցի, որ  տղամարդ ընտրողները գալիս են քվեարկելու  մեծ խմբերով, այն էլ  մի քիչ գինովցած:  Մտնում էին տեղամաս  հայացքներ էին փոխանակում  «հիմնական»  թեկնածուի վստահված անձանց հետ, արագ քվեարկում էին և շտապ ուղևորվում ինչ-որ տեղ այդ նույն  խմբերով: Թե ուր – իմացանք շատ  ավելի ուշ: Պարզվում է` բակերում սեղաններ էին գցված, տղամարդկանց կանչում էին,  հյուրասիրում մի-մի բաժակ (ոչ ավել), հետո առաջարկում վերադառնալ և շարունակել «բանկետը»  «պատշաճ»  քվեարկությունից հետո: Արդյունքում, ընտրողը ըստ արժանվույն գնահատեց այս հյուրասիրությունների շռայլությունը ինչպես մենյուի, այնպես էլ ըմպլիքների առատության տեսանկյունից:

 

Հիշում եմ նաև իմ անհաջող ընտրությունները… Հիշում եմ ընտրողներից մեկի` իմ հասցեին հրապարակավ արված մեկնաբանությունը. «Դե քանի որ նա ընդամենը մեկ երեխա ունի, ուրեմն հաստատ ման եկող է…»: Դե էլ ի՞նչ ասես այսքանից հետո:

 

 

–      Ստացվում է  հայ հասարակության մեջ կնոջը վիճակված չէ՞ կայանալ քաղաքական ասպարեզում…

 

-Դրա համար պետք է փոխվի ընտրական գործընթացների ողջ արժեհամակարգը: Ինչպես և շատ այլ երկրներում, հատկապես հետխորհրդային տարածաշրջանում, Հայաստանում վերջին տարիներին առկա է մի երևույթ, որը գրականության մեջ կոչվում է «ինտելեկտի ֆեմինիզացում»: Տեղի է ունենում մի գործընթաց, երբ ֆինանսները և ուժային ռեսուրսները կենտրոնացված են մեկ բևեռում (արական), իսկ գիտելիքն ու ինտելեկտը` մյուս բևեռում (իգական): Եթե ընտրությունների ժամանակ առաջնայնությունը տրվի թեկնածուների բարոյական և ինտելեկտուալ որակներին, ապա կանայք, անկասկած, կզբաղեցնեն իրենց արժանի տեղը Հայաստանի խորհրդարանում:

 

                                                              Զրուցեց Կարի Ամիրխանյանը

 

Դիտումների քանակը` 3572

Գլխավոր էջ