Կարինե Դանիելյան. «Դժվար է, բայց դեռ հնարավոր է ուղղել անցյալում թույլ տրված սխալները…»
Հաշված օրեր են մնացել Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի ավարտին: Հանուն կայուն մարդկային զարգացման ասոցիացիայի նախագահ, էկոլոգ Կարինե Դանիելյանը՝ մեկնաբանելով քարոզարշավի ընթացքը ՝ կարծիք հայտնեց, որ երբեք այսպիսի հետաքրքրություն չի եղել քաղաքի ավագանու ընտրությունների նկատմամբ:
«Սա ես դա շատ դրական եմ գնահատում և հույս ունեմ, որ քաղաքում իրոք դրական փոփոխություններ կլինեն, անկախ նրանից թե ինչ արդյունք կտան ընտրությունները»,- ասաց նա WomenNet-ի հետ զրույցում:
Ըստ նրա` մայրաքաղաքում առկա են քաղաքաշինական, էկոլոգիական, սոցիալական խնդիրներ, որոնց գրեթե բոլոր ընտրություններին մասնակցող կուսակցություններն են անդրադառնում:
«Շատ կարևոր է , որ քաղաքի բոլոր հիմնական հիմնախնդիրները բարձրացվում են: Դա բավականին հուսադրող է ինձ համար»,-նշեց նա:
Կ.Դանիելյանը մայրաքաղաքի խնդիրներից առանձնացրեց քաղաքաշինության ոլորտում առկա իրավիճակը, ընդգծելով, որ իր համար անսպասելի էր, որ անկախության տարիներին քաղաքականությունն այս ուղղությամբ եղավ հակազգային: Նրա դիտարկմամբ`այն տարվում էր ոչ թե քաղաքի, այլ սպասարկում միայն մի խումբ մարդկանց ֆինանսական շահերը:
«Դժվար է ուղղել այն սխալները, որոնք արդեն եղել են`այդ հսկա շինությունները, որոնք շարվել են իրար վրա քաղաքի կենտրոնում: Քիչ հավանական է, որ կարելի է դրանց հարկերը քչացնել կամ ինչ որ ուրիշ բան անել: Բայց կարելի է գոնե այդ որդեգրած սարսափելի ճանապարհը չշարունակել: Շատ գեղեցիկ էր մեր թամանյանական Երևանն իր կանաչ տարածքներով, ներդաշնակ ճարտարապետությամբ: Իսկ հիմա քաոս է Երևանում: Միգուց, դեռ հնարավոր է մի փոքր շտկել այդ սխալները»,-ասաց Կ. Դանիելյանը:
Անդրադառնալով իր համար ամենացավոտ կանաչ տարածքների խնդրին` նա նշեց, որ բոլոր կուսակցություններն էլ անդրադառնում են Երևանի բնապահպանական խնդիրներին, կանաչ տարածքներին: Լուծումներից մեկն իր կարծիքով այն է, որ քաղաքը պետք է շրջապատվի կանաչ զոնաներով:
« Բացի այդ շատ քչերն են խոսում ուղղաձիգ կանաչապատման մեծ հնարավորությունների մասին: Դա եղել է, բայց հենց առաջին հարկերը, նկուղները բաժանեցին բիզնեսի համար, համարյա բոլորը արմատները կտրտեցին և դրանով այդ խաղողների վերջը տրվեց: Դա պետք է վերականգնել: Գետառը բացել, որի վրա հիմա ռեստորաններ են շարել…»,- կարծում է էկոլոգը:
Ամփոփելով իր խոսքը, Կ.Դանիելյանը ևս մեկ անգամ շեշտեց, որ քաղաքապետն իր որոշումները կայացնելիս պետք է ելնի քաղաքի, քաղաքացու շահերից:
Ա.Հակոբյան
Դիտումների քանակը` 5172