Կարինե Աճեմյան. «Քաղաքական գործիչը՝ կին, թե տղամարդ, պետք է պատրաստ լինի ամեն իրավիճակում իր խոսքն ասելու»

Մի քանի գումարումների պատգամավոր, վերջերս ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ ընտրված  Կարինե Աճեմյանը կուսակցության  համամասնական ցուցակի 8-րդ հորիզոնականում է ներկայացված , ինչպես   նաև առաջադրված է ռեյտինգային ընտրակարգով Երևանի թիվ 4 ընտրատարածքում (Կենտրոն, Նորք Մարաշ, Էրեբունի, Նուբարաշեն):

 

Պատգամավորի թեկնածուն վստահ է, որ այն քաղաքացիները, որոնք պատասխանատվություն ունեն և պատկերացնում են, թե երկիրն այսօր ինչ ջրբաժանների առջև է կանգնած, պետք է գնան ընտրության՝ մտահոգված լինելով այս ամենով: WomenNet.am-ի հետ զրույցում նա նաև ներկայացրեց իր գնահատականները այս քարոզարշավի մասով, որը, Աճեմյանի կարծիքով, ակնհայտորեն տարբերվում է նախորդ ընտրություններից:

 

 

ախընտրական քարոզարշավը մոտենում է իր եզրագծին, ինչպե՞ս կգնահատեք դրա ընթացքը:

 

-Ոչ ստանդարտ իրավիճակ է այն իմաստով, որ  ոչ ստանդարտ ընտրություններ են, որովհետև մենք պատրաստվում էինք Ընտրական օրենսգիրք փոխել և ընտրություններն անցկացնել ոչ շուտ, քան մայիս-հունիս ամիսներին, բայց ստացվեց այնպես, ինչպես ստացվեց: Այս հապճեպությունը բազմաթիվ դժվարություններ է իր հետ բերել թե՛ կուսակցությունների, թե՛ կոնկրետ ինձ համար, որպես ռեյտինգային թեկնածուի, որովհետև այս ընտրակարգով առաջադրումը ավելի լուրջ աշխատանք է պահանջում, իսկ դրա համար ժամանակ է պետք: Այս քարոզարշավը, ցավոք, ոչ մի բովանդակային բաղադրիչ իր մեջ չէր կրում. սա քարոզարշավ էր ոչ թե գաղափարական երկխոսությունների ֆորմատով, այլ պարզապես մեկը մյուսին վարկաբեկելու, հատկապես իշխանությունների կողմից ՀՀԿ-ին թիրախավորելու մասով: Բայց քաղաքական գործիչը՝ կին, թե տղամարդ, պետք է պատրաստ լինի ամեն իրավիճակում իր խոսքն ասելու և ես էլ, որպես ՀՀԿ-ական, իմ ռեսուրսներն եմ կենտրոնացրել և ամեն ինչ արել  եմ, որպեսզի կուսակցությունը կարողանա ներկայացված լինել խորհրդարանում պատշաճ կերպով:

 

 

-Երևանի ավագանու ընտրություններն աչքի ընկան կին որոշ թեկնածուների նկատմամբ սև քարոզչությամբ, սոցիալական ցանցերում նրանց հասցեին վիրավորանքների, զրպարտությունների տարածմամբ: Նույնին, փոքր-ինչ մեղմված, բայց ականատեսն էինք նաև այս անգամ: Ձեր անձի նկատմամբ նման հակաքարոզչություն նկատե՞լ եք:

 

-Հանրապետականի հանդեպ նման ընդգծված հակաքարոզչությունը տեսանելի է բոլորի համար և ես չէ, որ պետք է այդ մասին խոսեմ: Բայց անձամբ իմ հանդեպ, որպես պատգամավորի թեկնածուի, նման վերաբերմունք բարեբախտաբար չեմ զգացել, իմ հանդեպ որևէ բացասական, խիստ ագրեսիվ վերաբերմունք չկար: Բայց կուսակցության հանդեպ վերջին  ամիսների ընթացքում շարունակվող սև PR-ը առկա է նաև քարոզարշավի ողջ ընթացքում, ինչն անընդունելի է ու խիստ դատապարտելի: Կան այնպիսի հայտարարություններ, որոնք ուղղակի փոշիացնում են քաղաքական դաշտը: Եթե որևէ կուսակցություն հեռացել է իշխանությունից, նա իրավունք ունի իր գոյությունը իր իմացած ձևով ունենալ և կարողանալ իր խոսքն ասել, բայց այս պարագայում մենք տեսնում ենք ագրեսիվ մի վարքագիծ, որը կոլապսի է բերում քաղաքական դաշտը:

 

 

Այդուհանդերձ սևեռված վերաբերմունք առկա է և շատ Ձեր գործընկերներ՝ Շուշան Պետրոսյանը, Արփինե Հովհաննիսյանը և այլն, ենթարկվում են հարձակումների ու վիրավորանքների:

 

-Ինչ խոսք, սա շատ խիստ դատապարտելի ու անընդունելի երևույթ է, որովհետև մեր երիտասարդները հետևում են և այս ոճն ու կեցվածքը շատ է իջեցնում քաղաքական ուժերի վարկանիշը ու մարդկանց հանդեպ վերաբերմունքի չափը: Իհարկե այն, որ նման բան կատարվում է կին պատգամավորի թեկնածուների նկատմամբ, ուղղակի զարհուրելի է, բայց ընդհանուր առմամբ այս երևույթը դատապարտելի է բոլոր պարագաներում՝ թիրախը լինի կին, թե տղամարդ քաղաքական գործիչ: Գործչին կարելի է քննադատել, բայց անձնական տիրույթ անցնել ու վիրավորել՝ սա դատապարտելի է: Եվ այն ուժերը, որոնք կանգնած են նման վարքագծի հետևում, իրականում մտածելու շատ բան ունեն, որովհետև մի օր իրենք էլ կարժանանան նույն վերաբերմունքի:

 

 

Նշեցիք Ընտրական օրենսգրքի փոփոխությունների մասին, ինչպիսին է ձեր վերաբերմունքը քվոտայի բարձրացմանը… Եթե անցնեք ԱԺ, կաջակցե՞ք այդ փոփոխությանը:

 

-Ես ինքս մշտապես ոչ արհեստական, բնական ճանապարհով կանանց ներգրավվման կողմնակիցն եմ եղել, որովհետև երբեմն քվոտավորումը բերում է նրան, որ Ազգային Ժողովում հայտնվում են ոչ պրոֆեսիոնալ մարդիկ, մարդիկ, որոնք երբեք քաղաքական գործունեությամբ չեն զբաղվել: Մյուս կողմից, քվոտավորումը այսօր շատ մեծ նշանակություն ունի, որովհետև դա օգնում է կանանց մուտք գործել  խորհրդարան:   Ես կողմ եմ, որ կանայք զբաղվեն քաղաքականությամբ, որովհետև կանայք ավելի պարտաճանաչ են և պատասխանատու են իրենց աշխատանքում:  Բայց նաև կարծում եմ, որ և՛ կանանց, և՛ տղամարդկանց հարցում պետք է ուշադիր լինենք, որովհետև եթե խորհրդարանում մեծամասնությունը ոչ պրոֆեսիոնալ կադրեր լինեն, ինչը մեզ այսօր սպառնում է, դա վտանգավոր է երկրի զարգացման տեսանկյունից…

 

 

-Բայց Հանրապետականի իշխանության օրոք էլ ԱԺ-ում հայտնվել են անձինք, որ հայտնի չեն եղել հանրությանը իրենց  օրինաստեղծ գործունեությամբ կամ պրոֆեսիոնալությամբ, այսպես կոչված՝ կոճակ սեղմողներ և հատակպես  ՀՀԿ խմբակցությունում նրանց պակասը չի զգացվել: Եվ խոսքը թե՛ կին, թե՛ տղամարդ պատգամավորներին է վերաբերում:

 

-Բոլորովին համաձայն չեմ, որովհետև այն մարդիկ, ովքեր խորհրդարանում գործունեություն չեն ծավալել, իրականում տարածքներում շատ լուրջ աշխատանք են իրականացրել, իսկ հիմա ես տեսնում եմ, որ տեղերից, տարածքներից հեռանում են պատգամավորները, քանի որ պարզապես բնակչության հետ կապ չունեն և մարդկանց ո՛չ խնդիրներից են տեղյակ, ո՛չ հոգսերից: Իսկ այս հարցը ես շատ կարևորում եմ, եթե մարդը մեծ թվով ձայներ է հավաքել, իր ընտրատարածքում մեծ գործեր է արել, բայց ԱԺ-ում շատ ակտիվ չի, այնուամենայնիվ ինձ համար դա ավելի նախընտրելի է, քան մարդիկ, որ և՛ պրոֆեսիոնալ չեն, և՛ տարածքներում աշխատել չգիտեն: Ես չեմ արդարացնում, ես պարզապես ուզում եմ, որ մեր խորհրդարանը գնալով ավելի պրոֆեսիոնալ ու լավը դառնա, ոչ թե հակառակը, որպեսզի այնպես չլինի, որ ապագա ԱԺ-ի աշխատանքը տեսնելիս մենք հիշենք նախկինը, որպես ավելի պրոֆեսիոնալ:

 

 

-Ձեր հետագա օրենսդրական գործունեության ընթացքում պատրա՞ստ եք բարձրաձայնել կանանց օրակարգի հարցերը:

 

-Ես այդպես արել եմ նախորդ տարիներին, իսկ հիմա, քանի որ մեկ ամիս առաջ ընտրվել եմ ՀՀԿ Կանանց խորհրդի նախագահ, այդ հարցերը էլ ավելի շատ են լինելու իր ուշադրության կենտրոնում և ես մշտապես դրանք բարձրացնելու եմ: Կանանց հուզող ու վերաբերող հարցերը պետք է առաջնային լինեն, քանի որ կանայք են դաստիարակում ու ձևավորում հասարակության անդամին ու քաղաքացիներին, որոնք վաղը պետք է որոշեն երկրի ճակատագիրը:

 

Լիա Խոջոյան

Դիտումների քանակը` 1459

Գլխավոր էջ