Կարինե Աճեմյան. «Կանանց մասնակցությունը իսկապես աճում է` նաև որակական ու բովանդակային առումով»

 

Գենդերային հավասարության մասին   վերջին շրջանում սկսել են առավել քան հաճախ խոսել:  Այս շաբաթ  նորընտիր Ազգային Ժողովը օրակարգի մեջ ներառեց «Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների մասին» օրենքի նախագծի երկրորդ ընթերցումը և ահա, դրան զուգահեռ, զարկ տրվեց նույն այդ թեմայով  եռամյա, համապարփակ մի ծրագրի` «Հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների  խթանում Հայաստանում. Կանայք տեղական ժողովրդավարական գործընթացներում» , որի հիմնական նպատակը թերևս արտացոլվում է վերնագրում: Այն է` խթանել կանանց ավելի լայն մասնակցությունը ունը  տեղական ինքնակառավարման  համակարգում: 

Ծրագրի շնորհանդեսին ներկա  ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանի  հետ մեր զրույցը սկսվեց երկրորդ ընթերցման ռեժիմով քառօրյայի օրակարգում ներառված   «Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին» օրինագծի հիշատակումից:   Կ.Աճեմյանը նշեց,  որ առաջին ընթերցումը  բավականին բուռն քննարկումների մթնոլորտում անցավ ու լուրջ հետաքրքրություն առաջացրեց հանրության  շրջանում: Իր կարծիքով,  հասարակությունը պատրաստ է նման օրենք ունենալուն և այդ իսկ պատճառով անգամ կասկած չունի, որ Ազգային Ժողովն էլ  այն կընդունի:

 

 

Պատգամավորի գնահատմամբ`  հավասար  իրավունքների ու հնարավորությունների  ապաովման հարցի ակտիվ քննարկումը  բազմաթիվ օղակներով` հասարակական կազմակերպությունների և միջազգային կառույցների հետ, իր արդյունքներն արդեն տալիս է.  բավականին առաջընթաց կա այս իմաստով:

 

 

«Նույն ՏԻՄ ընտրություններում է կանանց մասնակցության թիվն ավելացել է, բացի այդ գնալով ավելանում է նաև նրանց ներկայացվածությունը թե քաղաքական, թե հասարակական կյանքում»,- WomenNet.am-ին ասաց Կ.Աճեմյանը:

 

 

Միևնույն ժամանակ նա կարևորեց, որ նշված  ոլորտներում ու գործընթացներում պետք է ներգրավված լինեն այն կանայք, որոնք փորձ ու համապատասխան գիտելիք ունեն  և ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող եռամյա ծրագիրը հատկապես  այդ համատտեքստում է կարևոր, քանի որ նպատակաուղղված է կանանց կարողությունները  ու գիտելիքները  զարգացնելու:

 

 

«Կանայք ՏԻՄ-րում ավելի  արդյունավետ կաշխատեն,  եթե նրանք համապատասխան գիտելիքներ, հասարակական գործունեության  փորձ  ունենան կամ ներգրավված լինեն  կուսակցական աշխատանքներում»,- նշեց  նա:

 

 

Մեր հարցին ի պատասխան, թե արդյո՞ք անհրաժեշտ էր միջազգային կառույցների` այս դեպքում ՄԶԱԾ-ի  և ԵՄ-ի  միջամտությունը, որպեսզի մենք մտահոգվեինք կանանց առաջընթացով ՏԻՄ համակարգում , պատգամավորը նշեց, որ մտահոգությունը միշտ էլ  եղել է եւ Հայաստանում նման ծրագրերի  պահանջարկ կա, ուղղակի  դրանք հավելյալ ռեսուրսներ են պահանջում:

 

 

«Միջազգային կառույցները  իրապես  օգնում են մեզ, որպեսզի մեր կանայք ավելի ակտիվանան` նրանք և թրենինգներ են կազմակերպում, և տարատեսակ քննարկումներ, որոնց արդյունքում կանանց ներգրավվածությունը իսկապես աճում է` նաև որակական ու բովանդակային առումով»,- ասաց  Կարինե Աճեմյանը:

 Է.Մ

 

 

***

Նշենք, որ անկախությունից ի վեր Հայաստանը վավերացրել է ավելի քան 50 կոնվենցիա և միջազգային իրավական այլ փաստաթղթեր` վերահաստատելով կանանց և տղամարդկանց միջև հավասարությունը, ներառյալ քաղաքականության մշակման և որոշումների կայացման գործընթացներում կանանց հավասար ներկայացվածությունը  խթանելու իր հանձնառությունը: Բացի այդ, 201օ-ին Կառավարությունը ընդունեց ՀՀ գենդերային  քաղաքականության հայեեցակարգը, իսկ 2011-ին հաստատեց  ՀՀ գենդերային քաղաքականության. ռազմավարական ծրագիրը 2011-15թթ:

 

 

 

Քաղաքականության փոփոխությունները, այսուհանդերձ, դանդաղորեն են փոխակերպվում իրական կյանքի: Ներկայումս կառավարման և որոշումների կայացման մեջ կանանց ներկայացվածության և արդյունավետ մասնակցության մակարդակը շարունակում է ցածր մնալ: Այսօր կանայք կազմում են ԱԺ պատգամավորների և նախարարների թվի 11 տոկոսը, մինչդեռ չունենք կին մարզպետներ և քաղաքապետեր, ինչպես նաև Երևանի վարչական շրջանների կին ղեկավարներ կամ ղեկավարի տեղակալներ: Հասարակության մեջ կանանց և տղամարդկանց դերի և դիրքի վերաբերյալ լայնորեն տարածված կարծրատիպերը լրջորեն խոչընդոտում են կանանց ներգրավվածությանը և նրանցից շատերին թույլ չեն տալիս որդեգրել ավելի ակտիվ դիրքորոշում, հատկապես՝ գյուղական վայրերում: Ընդհանուր առմամբ՝ կանանց ներուժը մնում է հիմնականում թերօգտագործված և թերգնահատված, ինչը բացասական ազդեցություն է ունենում   կայուն զարգացման և սոցիալական արդարության  հասնելու՝ երկրի հեռանկարների վրա:

 

 

Դիտումների քանակը` 4091

Գլխավոր էջ