Կառավարությունը հանում է «գենդերային հավասարության մասին» օրենքի վիճահարույց դրույթը

ՀՀ կառավարության օգոստոսի 29-ի  նիստի օրակարգի նախագծում ներառված  է «Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» հարցը:  Առաջարկվում է  օրենքի  երրորդ  հոդվածում  հանել վիճահարույց դրույթը, ըստ որի՝«գենդերը ձեռքբերովի սոցիալական վարք է»: Դրա մասին է գրում  Թերթ.ամ-ը` ներկայցնելով նաև  իր   մեկնաբանությունները : 

 

Ինչպես տեղեկանում ենք Կառավարության պաշտոնական կայքում կառավարության առաջիկա նիստի օրակարգում տեղադրված նախագծից, Հոդված 1-ում ասվում է. «Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության 2013 թվականի մայիսի 20-ի ՀO-57-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 11-րդ և 12-րդ ենթակետերն ուժը կորցրած ճանաչել:

 

Նշենք, որ փորձել են նաև «գենդեր» բառը հանել նախագծից։ Օրինակ՝ օրենքի 5-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերում «գենդերային հարաբերություններ» բառերը փոխարինվել են «կանանց և տղամարդկանց հավասար իրավունքները և հավասար հնարավորությունները» դրույթով:
Փաստորեն, կառավարությունը վերջ է դրել այսպես կոչված «սեռականությանը»՝ վիճահարույց դրույթը հանելով «շառից-փորձանքից» հեռու նկատառմամբ, քանի որ «Իրավական ակտի հիմնավորման անհրաժեշտությունը» բաժնում կարդում ենք՝.«Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունումը նպատակ ունի կանանց և տղամարդկանց վերաբերյալ՝ օրենքով ամրագրված ձևակերպումները զերծ պահելու հասարակական տարաբնույթ մեկնաբանություններից և տարընթերցումներից»:

 

Մեկ այլ տեղ էլ նշվում է.«…Սակայն, վերջին շրջանում մի շարք հասարակական կազմակերպությունների կողմից օրենքում օգտագործվող «գենդեր, գենդերային», «գենդերային հարաբերություններ» հասկացությունների տարաբնույթ ընկալումն ու դրանց վերաբերյալ տրված մեկնաբանությունները հասարակության կողմից Օրենքի քննադատության պատճառ են դարձել» և ավելացվում, որ հիմք ընդունելով վերոգրյալը, ինչպես նաև Հայ առաքելական եկեղեցու մտահոգությունը օրենքի հնարավոր բացասական հետևանքների վերաբերյալ, նշված դրույթները հանվում են:

 

Արդեն տեղեկացրել էինք, որ Մայր աթոռը ևս, եթե ոչ ուղղակի, սակայն դեմ է արտահայտվել այսպես կոչված՝ գենդերի մասին օրենքին, քանի որ Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի հասարակական հայեցակետային գրասենյակի տնօրեն Տեր Բագրատ Գալստյանն իր ֆեյսբուքյան էջում օրերս տեղադրել էր այս թեմային նվիրված  ծավալուն հոդված և ևս դեմ արտահայտվել՝ նշելով, որ օրենքը հենց սկզբից սխալական է և շփոթեցնող, քանի որ բովանդակությունն ու մեկնաբանությունն իրար չեն համապատասխանում:

 

Ինչպես Tert.am–ի հետ զրույցում նշեց օրենքի նախագծին կտրականապես դեմ Արգավանդի Սուրբ Սարգիս եկեղեցու քահանա Տեր Գրիգոր քահանա Հովհաննիսյանը՝ այս պահին, ոտքի վրա չի կարող գնահատել կառավարության քայլը, քանի որ ասաց.«Խնդիրը ինչ-որ կետ, դրույթ հանելու մեջ չէ, խնդիրը սեռական այլասերվածությունը բացառելու մեջ է, և եթե օրենքում «գենդեր» բառը դեռ շարունակում է մնալ և այն ամեն տեղ չի փոխարինվել «կին և տղամարդ» կամ «սեռ» բառերով, ապա մտահոգությունը մնում է»։

 

Նշենք, որ նախագծի այս տեքստով պնդել, որ ողջ տեքստում բացակայում է «գենդեր» բառը, չենք կարող, քանի որ ներկայացված են միայն փոփոխությունները, որոնք արվել են։

 

Նշենք, որ նույն օրակարգում ընդգրկված  է «Բարգավաճ Հայաստան»-ի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի և Էլինար Վարդանյանի համանուն նախագիծը, որին սակայն կառավարությունը, ըստ էության, բացասական եզրակացություն է տվել, քանի որ նշված է.«Հայաստանի Հանրապետության կառավարությունը կիսում է նախագծի հեղինակի մտահոգությունը գործող օրենքով սահմանված եզրույթի տարընթերցումների վերաբերյալ և համամիտ է դրա հստակեցման նպատակադրմանը: Սակայն ներկայացված օրենքի նախագիծն ամբողջական չի լուծում օրենքի շուրջ հանրային արձագանքներում հնչած խնդիրները ու չի փարատում կասկածները»:

 

Մեկնաբանելով այս փաստը, Նաիրա Զոհրաբյանը նշեց.«Տպավորությունն այնպիսին է, որ ԲՀԿ որևէ պատգամավորի օրենսդրական նախաձեռնությունը կառավարության վրա նույն ազդեցությունն է գործում, ինչպես խիստ կոնկրետ կենդանու վրա ՝ կարմիր գույնը: Եվ սա կառավարության հերթական մոտեցումն է միայն նրա համար, որ նախաձեռնությունը եկել է ԲՀԿ-ից:

 

Նաիրա Զոհրաբյանը ասածը հիմնավորեց նրանով, որ առաջարկել էին այն, ինչն ըստ էության, առաջարկել էր կառավարությունը՝ հանելով վերոնշյալ վիճահարույց դրույթը:

 

 

  Թերթ.am

Դիտումների քանակը` 6437

Գլխավոր էջ