Կառավարությունը խոստանում է կազմակերպել որակյալ նախադպրոցական կրթություն 0-6 տարեկան երեխաների համար
Ազգային ժողովում նախադպրոցական կրթության մասին օրինագիծ է քննարկվում
Հայաստանում մինչև 5 տարեկան երեխաների 70 տոկոսը մանկապարտեզ չի հաճախում, այսինքն՝ չի ստանում նախադպրոցական կրթություն, հայտարարեց այսօր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը ՝ ներկայացնելով ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում նախադպրոցական կրթության մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը:
Նախարարի պարզաբանմամբ, նախագիծը ուղղված է նախադպրոցական կրթության հասանելիության ապահովմանը և բազմազանեցնել ու ընդլայնել նախադպրոցական կրթությունն ու ծառայությունները՝ առանձնահատուկ նպատակ ունի ուշադրություն դարձնելով գյուղական և սահմանամերձ համայնքներին, նախադպրոցական կրթական հաստատություններում ներդնել այլընտրանքային և ծախսարդյունավետ մոդելներ, կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների ներառման համար ստեղծել համապատասխան պայմաններ: Նախատեսվում է կադրերի շարունակական վերապատրաստման մեխանիզմների, նախադպրոցական կրթություն իրականացնող հաստատություններում կրթության չափորոշիչների ներդրում և որակի բարելավում:
Օրինագծի համաձայն՝ նախադպրոցական կրթության հիմնական խնդիրներից են երեխայի ֆիզիկական, բարոյական և արհեստական զարգացման հիմքերի ստեղծումը, հարազատ լեզվով շփման համար նախադրյալների և օտար լեզուների հիմունքների ուսուցման ապահովումը, տարրական հաշվարկման ունակության զարգացումը, վարքի տարրական կանոններին, բնության և բնապահպանության տարրերին, պատմության և ազգային մշակույթին ծանոթացումը, աշխատանքային ունակությունների ձեռքբերումը, դպրոցական ուսուցմանը նախապատրաստումը:
Արայիկ Հարությունյանի դիտարկմամբ, այսօր չունենք մեխանիզմ, որով չափենք կրթական ծառայությունների որակը, ինչպես նաև չունենք պարտադիր վերապատրաստումների ինստիտուտ. «Եթե 30-40 տարի շարունակ մասնագետը վերապատրաստում չի անցնում, դա նշանակում է՝ մենք լրջագույն խնդիրներ ենք ունենալու նախադպրոցական հաստատություններում՝ կրթության որակի հետ կապված»:
Նրա խոսքով, անհրաժեշտ է նաև կարգ հաստատել մասնավոր մանկապարտեզներում: «Մենք չգիտենք, թե ինչ են դասավանդում երեխաներին նման հաստատություններում: Մենք պարզապես հնարավորություն չունենք կարգավորելու ուսումնական գործընթացը, որն իրականացվում է մասնավոր ուսումնական հաստատություններում: Սակայն տվյալ օրենսդրական նախաձեռնության շնորհիվ՝ մեր հնարավորություններն ու լիազորություններն էապես կմեծանան»,- ասաց նախարարը:
Օրինագծով առաջարկվում է փոխել նաև մանկապարտեզ հաճախող երեխաների տարիքային շեմը: Եթե այսօր մանկապարտեզները նախատեսված են 3-6 տարեկան, որոշ դեպքերում՝ 2 տարին լրացած երեխաների համար, ապա օրենքում փոփոխությունների ընդունման դեպքում՝ կարող են նախակրթարան հաճախել 0-6 տարեկան փոքրիկները: Նախարարի խոսքով՝ տեսականորեն նախադպրոցական և նման ծառայություններ կարելի է մատուցել 0 տարեկանից. «Սա թույլ կտա, որ աշխատող ծնողները շատ հնարավորություն ունենան ավելի վաղ վերադառնալու իրենց աշխատանքին»:
Նախարարի տեղեկացմամբ՝ նախորդ տարի գյուղական համայնքներում բացվել է նախադպրոցական կրթություն իրականացնող 18 հաստատություն, մոտավորապես այդքան էլ նախատեսվում է բացել այս տարի:
Հարակից զեկուցող պատգամավոր Սոֆիա Հովսեփյանը հրատապ է համարել ոլորտի կարգավորումը, սակայն նաև նշել, որ Կառավարության ներկայացրած նախագիծը բարեփոխման և հստակեցման կարիք ունի: Արայիկ Հարությունյանը պատրաստակամություն է հայտնել քննարկել պատգամավորների առաջարկները:
***
Ըստ ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի ՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի նախադպրոցական կրթությանը նվիրված գլոբալ զեկույցի, Հայաստանում ավելի քան 171 հազար երեխաներ կամ երեխաների 70 տոկոսը մանկապարտեզներ չեն հաճախում: Զեկույցի համաձայն՝ աշխարհի ցածր եկամուտով երկրներում տասից միայն երկու երեխա է մանկապարտեզ հաճախում: Հայաստանի գյուղերում հենց այդպիսի ցուցանիշ է գրանցվել: Հանրապետության քաղաքներում իրավիճակը մի փոքր է ավելի լավ՝ մանկապարտեզ է հաճախում տասից միայն չորս երեխա: Հատկապես ցածր է ընդգրկվածությունը 0-2 տարեկան երեխաների շրջանում՝ կազմելով ընդամենը 5,2%: Հանրապետության համայնքների 44%-ը մանկապարտեզ չունի:
Համեմատության համար նշենք, որ ԱՊՀ երկրներից նախադպրոցական կրթության համակարգում երեխաների համախառն ընդգրկվածության լավագույն ցուցանիշներ ունեն Բելառուսը` 90.7 տոկոս քաղաքային բնակավայրում և 53.4 տոկոս` գյուղական բնակավայրում, Մոլդովան` միջինում 68.0 տոկոս, այդ թվում 5-6 տարեկանները` շուրջ 74.0 տոկոս, Ռուսաստանը` 59.3 տոկոս, Ուկրաինան` միջինում 57.0 տոկոս, Ղազախստանը` միջինում 38.7 տոկոս, այդ թվում 5-6 տարեկանները` 83.0 տոկոս:
Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.
Հայաստանում մինչև 5 տարեկան երեխաների 70 տոկոսը մանկապարտեզ չի հաճախում. ՅՈՒՆԻՍԵՖ
Մանկապարտեզի նոր մոդել փոքր գյուղական համայնքի համար. ներկայացնում է ՅՈՒՆԻՍԵՖ-ը
Դիտումների քանակը` 1532