Կանաչ տարածքները կազմում են Երևանի ընդամենը 3 %-ը…
Բնապահպանական հարցերը նախընտրական ծրագրերում
Հայաստանի բնակիչներից յուրաքանչյուր երրորդը բնակվում է Երևանում: Այսօր Երևանի 3 բնակչին բաժին է ընկնում ընդամենը 1 ծառ և ընդունված չափից 3 անգամ պակաս՝ 7,8 քմ կանաչ տարածք… Զբոսայգիներն ու այգիները կազմում են քաղաքի մակերեսի 3 %-ը , համեմատության համար` Լոնդոնում զբոսայգիներն ու այգիները քաղաքի 38 %-են կազմում, Նյու Յորքում ՝ 14%-ը:
Երևանը բնապահպանական մեծագույն ռիսկերի առաջ է կանգնած: Այս մասին ահազանգում են գրեթե բոլոր մասնագետները՝ բացառությամբ նրանց, ովքեր ի պաշտոնե են պատասխանատվություն կրում` աշխատելով քաղաքապետարանի բնապահպանական վարչությունում:
«Երևանի համար օպտիմալ է համարվում մեկ շնչի համար 24-25 քմ կանաչ տարածքների առկայությունը»
«Հանուն կայուն զարգացման» ասոցիացիայի նախագահ, բնապահպանության նախկին նախարար Կարինե Դանիելյանը Երևանի բնապահպանական խնդիրներին ծանոթ է ոչ միայն որպես էկոլոգ կամ երևանցի, այլ որպես մարդ, ով ժամանակին աշխատել է քաղաքապետարանում: Խոստովանում է՝ այդ մեկ տարին իր մասնագիտական գործունեության ամենաբարդ տարին էր: Երևանում բնապահպանական խնդիրները բազմաթիվ են և շատ տարբեր.
«Առաջին խնդիրը, որին հանդիպում ենք ամեն քայլափոխի, կանաչ տարածքների շարունակական ոչնչացումն է և քաղաքի անապատացումը: Բացի այդ՝ Երևանը չափազանց ռիսկային վիճակում է՝ սեյսմիկ կայունության տեսանկյունից: Քաղաքաշինությունն այն ուղղությամբ, որ վերջին 15 տարիներին է ընթանում, սարսափելի վնաս է հասցնում քաղաքին և բարձրացնում է էկոլոգիական ռիսկերը»,- ասում է մասնագետը և հավելում՝ քաղաքաշինական անտրամաբանական ծրագրերը ջնջել են նաև Երևանի պատմության զգալի մասը:
Դանիելյանը ցավով է փաստում՝ խնդիրների հիմնական մասն այլևս լուծել չի լինի: Հատված քաղաքային անտառների փոխարեն նորերը տնկելու համար նախ պետք է քանդել այդ տեղերում հայտնված շինությունները, ինչի համար քաղաքական կամք է անհրաժեշտ.
«Ասում եմ՝ քաղաքական կամք, որովհետև բոլորս գիտենք, թե ում վիլաներն ու կառույցներն են գտնվում այդ վերացված անտառների տեղում: Անտառները քաղաքին վերադարձնելու համար այդ մարդկանց ու նրանց թույլ տվողների պատրաստակամությունն է պետք»,- ասում է Կ. Դանիելյանը:
«Էկոլուր» ՀԿ նախագահ, բնապահպան Ինգա Զարաֆյանի խոսքերով՝ Երևանը բնապահպանական ռեալ խնդիրների առաջ է կանգնած, քանի որ կորցրել է կարևորագույն բնական պաշտպանիչ շերտերը.
«Վերջին տարիներին մենք կորցրել ենք մեր պաշտպանիչ կարևոր շերտերը՝ կանաչ տարածքների վերացմամբ, անտառների հատմամբ՝ Դալմայի այգիների և Նորքի այգիների տարածքում, պուրակների տարածքում իրականացվող կառուցապատումներով և այլն: Խոսքը հատկապես Օղակաձև այգու և Հաղթանակի զբոսայգու մասին է: Սա տանում է անապատացման, քանի որ Երևանը գտնվում է կիսաանապատային գոտում: Բացի այդ, մենք կորցրել ենք Երևանին շունչ տվող երկու արտերիաները՝ Գետառ ու Հրազդան գետերը, որոնցից մեկն արդեն խողովակի մեջ է առնված, մյուսն էլ՝ խեղդվում է շինությունների և կամուրջների մեջ: Այս պարագայում խոսել էկոլոգիայի մասին՝ անիմաստ է»,- ասում է նա ու հավելում՝ գազոնային ծաղիկներով և դեկորատիվ ծառերով հարցը չի լուծվի:
Միջազգային փորձը փաստում է՝ կանաչ տարածքների սակավությունը մեծ, կենտրոնական և մարդաշատ քաղաքների հիմնական խնդիրն է: Միջինում, աշխարհում ընդունված ցուցանիշները տարբեր են` կախված տարածքի աշխարհագրական դիրքից, բնակլիմայական պայմաններից և այլն: Ըստ Կ. Դանիելյանի` Երևանի համար օպտիմալ է համարվում մեկ շնչի համար 24-25 քմ կանաչ տարածքների առկայությունը: Խորհրդային տարիներին Երևանում գրանցվել է մինչև 18 քմ: Այսօր, տարբեր հաշվարկներով, Հայաստանում այս ցուցանիշը կազմում է 7,8 քմ: Որպես քաղաքական իշխանություն՝ ՀՀԿ կառավարման նախորդ շրջանում այս ցուցանիշը բարելավվել է՝ ավելանալով 1 քմ-ով: Տարոն Մարգարյանի քաղաքական թիմը սա աչքի ընկնող ձեռքբերում է համարում: ՀՀԿ նախընտարական ծրագրի «Էկո Երևան» հատվածում Հանրապետականը խոստանում է կանաչ տարածքների շարունակական ավելացում իրականացնել:
«Երկիր ծիրանի» կուսակցությունն իր նախընտրական ծրագրում, սակայն, առավել հավակնոտ է. «Այսօր Երևանում մեկ շնչին ընկնող կանաչապատ տարածքը կազմում է 5 քառակուսի մետրից էլ պակաս, մինչդեռ, ըստ գիտնականների, այդ ցուցանիշը պետք է կազմի 25 քառակուսի մետրից ոչ պակաս: Նորք Մարաշի անտառի, Կասկադի երկկողմյա անտառի, Հաղթանակ զբոսայգու լանջի անտառածածկ հատվածի, Մալաթիա-Սեբաստիա համայնքում «Փարոսի» հարևանությամբ գտնվող անտառի, Հրազդանի կիրճի, Օպերայի և Օղակաձև այգու, Դալմայի այգիների տարածքները նախագծվել և հանդիսացել են որպես Երևան քաղաքի «շնչուղիներ և թոքեր»»:
Քաղաքապետարանի բնապահպանական վարչության ներկայացուցիչները պնդում են՝ նախընտրական քարոզարշավի ընթացքում խոստացվող մեկ շնչի հաշվով 25 մ² կանաչ տարածքների հիմնումը անիրատեսական և անիրագործելի ծրագիր է՝ բարի ցանկությունների շարքից:
«ԵԼՔ» դաշինքն իր հերթին խոստանում է իր հաղթանակի դեպքում 5 տարվա ընթացքում շուրջ 500 հազար նոր ծառ տնկել, քաղաքային այգիներ, առնվազն 4 քաղաքային լճակներ հիմնել: Նախորդ ընտրությունների ընթացքում քարոզարշավը տանիքներում իրականացրած քաղաքական ուժը նաև առաջարկում է «Կանաչ տանիքի» գաղափարը՝ որպես խաղահրապարակների և բակային տարածքների բարեկարգման այլընտրանքային տարբերակ:
Բնապահպան Կարինե Դանիելյանը մանրամասնորեն ուսումնասիրել է խորհրդարանական ընտրություններին ներկայացված քաղաքական ծրագրերի էկոլոգիական բաղադրիչները, սակայն համոզված է՝ միայն նախընտրական ծրագրերով և դրանց իրականացման փորձերով իրավիճակը չի փոխվի. մշակութային փոփոխություն է պետք.
«Ես կարծում եմ, որ այս հարցին չափազանց սրտացավորեն պետք է մոտենան ոչ միայն քաղաքային իշխանությունները, տնտեսվարողները, այլև՝ շարքային քաղաքացիները: Քաղաքային իշխանությունները՝ իրենց անմիջական պարտավորությունների կատարմանը զուգահեռ, պետք է պարտադրեն տնտեսվարողներին՝ բարեկարգել և կանաչապատել իրենց կառույցների տարածքները: Ինչ խոսք, այդ պայմանն այսօր էլ կա, բայց դրա իրականացման որակը տեսնում ենք բոլորս: Հետևողական է պետք լինել, բացատրել, թե կոնկրետ ինչ տեսակի բույսեր կամ ծառատեսակներ պետք է տնկել՝ օդի որակը բարելավելու, աղտոտվածությունը մաքրելու համար: Ես քաղաքապետարանին մի քանի անգամ առաջարկել եմ՝ պետք է ստիպել տնտեսվարողներին՝ վերականգնել գազոններն ու կանաչ տարածքներն իրենց շենքերի առաջ, այլ տարբերակ չկա»,- ասում է նա:
«Օդի աղտոտվածության մեջ 95 %-ը բաժին է հասնում հենց տրանսպորտին»
Ընտրությունների մասնակցող երեք քաղաքական ուժերի մոտ էլ քաղաքի երթևեկության բեռնաթափումը և նոր տրանսպորտային հայեցակարգի մշակումը գերակա խնդիր է: Սակայն ինչպե՞ս այս ծրագրերը կազդեն Երևանում օդի աղտոտվածության խնդրի կարգավորման վրա: Այս հարցին նախընտրական ծրագրերը չեն անդրադառնում…
«Օդի աղտոտվածության մեջ 95 %-ը բաժին է հասնում հենց տրանսպորտին և դրանց արտանետումներին: Խցանումները, որոնց մասին այդքան բարձրաձայնվում է, անդառնալի վնաս են հասցնում օդի մաքրությանը: Մեքենան շատ ավելի մեծ քանակությամբ վտանգավոր արտանետումներ է ունենում ոչ թե երթևեկության ընթացքում, այլ հենց շարժիչը միացրած, բայց անշարժ վիճակում»,- բացատրում է բնապահպան Ի. Զարաֆյանը:
Ի դեպ, բնապահպանական հետազոտությունները փաստում են, որ օդի աղտոտվածության մակարդակը և կազմն այլ է՝ քաղաքի տարբեր մասերում. օրինակ՝ քաղաքի հյուսիսային մասով օդի աղտատվածության մեջ մեծ տոկոս է կազմում փոշու առկայությունը, հարավում՝ քիմիական տարրերի:
«Ինձ չափազանց տխրեցնում է այն փաստը, որ էկոլոգիական մշակույթը շատ ցածր մակարդակի վրա է գտնվում հատկապես այն խավի մոտ, որը իշխանության ղեկին է գտնվում, կամ՝ ձգտում է իշխանություն դառնալ: Բայց խնդիրն այստեղ միայն իշխանությունների մեջ չէ: Քաղաքացին ինքը պետք է պահանջատեր լինի՝ իր քաղաքի մաքրության, օդի աղտոտվածությունը նվազեցնելու և վերջապես՝ իր առողջության նկատմամբ: Երբ խորհրդարանական ընտրություններից առաջ ուսումնասիրեցինք քաղաքական ուժերի ծրագրերի բնապահպանական հատվածը և հայտարարեցինք հանրային քննարկում կազմակերպելու և մեր ուսումնասիրությունների արդյունքները ներկայացնելու մասին, պայմանավորված օրը ներկայացավ միայն երկու լրագրող: Սա արդեն ցուցանիշ է, մտահոգող ցուցանիշ»,- ասում է Կարինե Դանիելյանը:
Խնդիրն առավել անհանգստացնող է դառնում քաղաքում բաց հանքերի շահագործման համատեքստում: Նշենք միայն, որ Երևանում ընդերքօգտագործման 23 թույլտվություն է տրվել:
«Երեխաների գրեթե 90 % որևէ տեսակի ալերգիա ունի»
Աղբահանության, աղբի կառավարման հիմնախնդիրները ևս տեղ են գտել թեկնածուների ծրագրերի մեջ: Այսպես՝ ՀՀԿ-ն և ԵԾ-ն առաջարկում են նոր աղբավայր ստեղծել և մեկուսացնել գործողները: ԵԼՔ դաշինքի ծրագրում այս հարցին հպանցիկ անդրադարձ կա միայն:
Ի դեպ, Երևանի քաղաքապետարանը տարեկան 12 մլրդ դրամ (25 մլն դոլար) է ծախսում շրջակա միջավայրի պաշտպանության և աղբահանության վրա: Սա քաղաքապետարանի բյուջեի 14%-ն է:
«Էկո Երևան»-ի շրջանակում ՀՀԿ-ն մտադիր է իրականացնել կոշտ թափոնների կառավարման բարեփոխումներ։ Նախատեսվում է Երևան քաղաքում կառուցել միջազգային չափանիշներին համապատասխան նոր աղբավայր, կառուցել աղբի տեսակավորման և վերամշակման գործարան, մեկուսացնել, բարեկարգել Նուբարաշենի և Աջափնյակի գործող աղբավայրերը։ Այս կետը, սակայն, եղել է ՀՀԿ նախընտրական ծրագրում նաև նախորդ քաղաքային ընտրությունների ժամանակ: Այսպես, 2013 -17 թթ.-ին «Ավելի լավ Երևան» ծրագրի շրջանակներում նախատեսվում էր աղբի վերամշակման ձեռնարկություն հիմնել: Նախատեսվել, բայց չի իրականացվել:
«Երկիր Ծիրանի» կուսակցությունն առաջարկում է աղբի վերամշակման և թափոնների այրման եղանակով նաև այլընտրանքային էներգիա ստանալ… «Երևանի քաղաքապետարանը, Նուբարաշենի աղբավայրի վերամշակման ծրագրի շրջանակներում ճապոնական կոնսորցիումին հատկացնելով ընդամենը 7 հա ընդհանուր 35 հա կազմող աղբավայրի տարածքից, հրաժարվել է էլեկտրաէներգիայի արտադրությունից և համաձայնվել է միայն այրել հավաքած կենսագազը: Այրվող աղբից էլեկտրաէներգիայի արտադրություն իրականացնելու հնարավորության մերժումը Երևանի քաղաքապետարանի կողմից հանգեցրեց ճապոնական կոնսորցիումի կողմից ծրագրից հրաժարման: Սույն ծրագրի շրջանակներում ճապոնական կողմը կորցրեց մեծ քանակությամբ արտանետումների նվազեցման միավորներ ձեռք բերելու հնարավորությունը, և հայկական կողմի հետ զրկվեց էլեկտրաէներգիայի վաճառքի եկամտից, որը կկազմեր տարեկան 300000 դոլար` յուրաքանչյուր կողմի համար», – նշված է կուսակցության ծրագրում:
«Աղբի կառավարում ասվածը մեզ մոտ ուղղակի բացակայում է: Չկա աղբի տեսակավորում, վերամշակում: Մենք չգիտենք՝ ինչ վտանգավոր նյութեր կարելի է գտնել մեր աղբավայրերում: Մենք չենք գիտակցում, որ էկոլոգիական խնդիրներն անմիջականորեն ազդում են մեզ վրա: Մեր ուսումնասիրությունները փաստում են, որ վերջին 10 տարիներին զգալի շատացել է ալերգիաների թիվը: Երեխաների գրեթե 90 % որևէ տեսակի ալերգիա ունի: Ավելացել են օնկոլոգիական հիվանդությունները: Այս բոլոր ախտերի համար բնորոշ է վատ էկոլոգիական ֆոնը»,- ասում է Ինգա Զարաֆյանը:
Բնապահպանության նախկին նախարար Կարինե Դանիելյանը քաղաքային իշխանություններին հորդոր ունի՝ ներողություն խնդրել ճապոնացիներից Կիոտոյի արձանագրության պահանջները չիրականացնելու և ծրագրերը կիսատ թողնելու համար, և անել ամեն բան՝ նախագիծը վերսկսելու և ավարտին հասցնելու համար:
Էկոլոգները համակարծիք են՝ որքան էլ պնդեն, որ մայիսի 14-ին քաղաքական ընտրություններ չեն, քաղաքային իշխանության ղեկը հաջորդ 5 տարիներին ստանձնող քաղաքական ուժը պետք է հասկանա՝ Երևանի բնապահպանական խնդիրների լուծումը հնարավոր է բացառապես քաղաքական կամքի առկայության և քաղաքական որոշումների կայացման դեպքում:
«Խոսելով բնապահպանական խնդիրների մասին՝ պետք է հասկանալ. դրանք կուտակված խնիրներ են, ոչ թե նոր ծագած: Քաղաքային և քաղաքական իշխանությունները, որոնք չեն փոխվել նախորդ 10 տարիներին, ոչ միայն չեն լուծել այդ խնդիրները, այլև՝ շարունակաբար ավելացրել են դրանք: Այնպես որ՝ ինձ համար հստակ է մեկ բան. նախընտրական ծրագրերում ներկայացված մոտեցումները, հիմնականում, դեկլարատիվ բնույթ են կրում: Դրանց լուծումը քաղաքական է, իսկ ծրագրերում քաղաքական որոշումներ չկան»,- ասում է Ի. Զարաֆյանը:
Սոնա Մարտիրոսյան
Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում .
Քաղաքի արդար կառավարում. նախընտրական ծրագրերի գենդերային վերլուծություն
Տրանսպորտի խնդիրը. երևանցիների կարծիքն ու թեկնածուների խոստումները
«Այս աղբը շուտով մեզ կուտի». Նուբարաշենի բնակիչների ձայնը լսելի չէ
«Հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրների լուծումները նախընտրական ծրագրերում». քննարկում
Մանկապարտեզների հարցը. իրականություն եւ նախընտրական խոստումներ
Կանաչ տարածքները կազմում են Երևանի ընդամենը 3 %-ը…
Նարինե Թուխիկյան. « Քաղաքի տերը յուրաքանչյուր քաղաքացի պիտի լինի»…
Դիտումների քանակը` 3567