Կանանց և աղջիկների նկատմամբ բռնությունը շարունակում է մեծ խնդիր մնալ ողջ աշխարհում

 

un-16-oryakԸնդդեմ գենդերային բռնության 16-օրյա քարոզարշավի մեկնարկին համատեղ ասուլիսով  հանդես եկան  միջազգային կազմակերպությունների եւ ՀՀ Կառավարության ներկայացուցիչները:     ՄԱԿ-ի մշտական համակարգող Բրեդլի Բուզետտոն ընթերցեց Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի, ԵԱՀԿ երևանյան գրասենյակի, Երևանում Եվրոպայի խորհրդի, ՀՀ-ում Միացյալ Թագավորության և ԱՄՆ դեսպանատների համատեղ հայտարարությունը օրվա կապակցությամբ։

 

Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Դիրկ Լորենցն  էլ իր ելույթում նշեց, որ տղամարդկանց և կանանց հավասարությունը Եվրամիության հիմնարար արժեքներից մեկն է: «Կանանց և աղջիկների նկատմամբ բռնությունը շարունակում է լինել մեծ խնդիր ինչպես Եվրոպական միության ներսում, այնպես էլ ողջ աշխարհում: Մենք  ցանկանում ենք այս առնչությամբ առաջընթաց տեսնել թե ԵՄ-ում, թե Հայաստանում: Դա է պատճառը, որ մենք մարդու իրավունքների ոլորտում տրամադրվող ԵՄ բյուջետային ծրագրով աջակցում ենք Հայաստանի իշխանություններին և քաղաքացիական հասարակությանը կանանց ու աղջիկների նկատմամբ  բռնության դեմ  պայքարում: Եվ մենք անհամբեր սպասում ենք Ընտանեկան բռնության դեմ օրենքի ընդունմանը»:

 

ՀՀ վարչապետի օգնական Արամ Վարդևանյանն ասաց, որ կանանց և տղամարդկանց իրավունքները ներկայացված են   մեր օրենսդրության մեջ   հավասարության սկզբունքի ներքո, իսկ  վերջին Սահմանադրական բարեփոխումներից հետո այդ դրույթը հստակ ձևակերպվեց որպես առանձին սահմանադրական նորմ:

 

Արամ Վարդևանյանի խոսքերով՝ Կառավարությունը հետևողական է այս հարցերում, և հիմա ՀՀ արդարադատության նախարարությունը մշակել է Ընտանեկան բռնության մասին օրենքի նախագիծը, որի ընդունումն, ըստ նրա, խիստ անհրաժեշտ է:  Հիշեցնելով, որ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ օգնականների, խորհրդականների համարները հասանելի են բոլորին , նա նշեց, որ  վերջին շրջանում ստացած դիմումները, զանգերը փաստում են.  կանանց իրավունքների մասով առկա է բավականին լուրջ խնդիր. դա վերաբերում է նաև երեխայի խնամքի հարցերին:

 

«Ունենք դեպքեր, որ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով՝ երեխայի խնամքը հանձնվում է մորը, սակայն գործնականում հայրը կամ չի հանձնում երեխային, կամ այլ խնդիրներ են առաջանում, ու ԴԱՀԿ-ն չի կարողանում ապահովել դատարանի վճռի կատարումը»,- ասաց նա, նշելով, որ  խնդրով  զբաղվող կազմակերպությունների  կողմից վարչապետին ուղղված բաց նամակից հետո  առնվազն երկու դեպքում  նշված  խնդիրը լուծում է ստացել. «Վարչապետի հանձնարարականով՝ մանրամասն ուսումնասիրեցինք, և այսօր ուրախությամբ կարող եմ արձանագրել, որ այդ դեպքերից երկուսը, որոնք գրեթե երեք տարի ձգձգվել են, վերջին յոթ օրում լուծում են ստացել: Այսինքն՝ երեխաները վերադարձել են մոր մոտ»:

 

Նա նաև նշեց, որ հետևողական լինելու դեպքում հնարավոր է բազմաթիվ խնդիրներին լուծում տալ, սակայն  հարկավոր է  նաեւ ունենալ համակարգային մոտեցում՝ օրենսդրական երաշխիքներ: « Ես վստահ եմ, որ այդ ուղղությամբ արդյունավետ աշխատանք կտարվի: Հայ ազգը պատմականորեն եղել է կնամեծար: Այն ժամանակահատվածում, երբ Հայաստանի իրավական փաստաթղթերում  կանանց իրավունքների պաշտպանության երաշխիքներ նախատեսված են եղել, ապա որոշ եվրոպական երկրներ նման երաշխիքներ չեն ունեցել: Ուստի, առկա խնդիրները հնարավոր է շտկել, արձագանքել  և դրանց տալ համակարգային լուծում»,- ընդգծեց ՀՀ վարչապետի օգնականը:

 

 

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ֆիլարետ Բերիկյանի խոսքերով էլ՝ վերջին տարիներին հասարակության գիտակցությունը բավականին փոխվել է և դա բոլորի աշխատանքի արդյունքն է: «Իհարկե այդ արդյունքները դեռ բավարար չենք համարում, բայց կառավարությունը շարունակում է համապատասխան քայլեր անել»,- ասաց նա՝ հավելելով, որ խոսքն առաջին հերթին, վերաբերում է օրենքին:

 

 

ՀՀ արդարադատության նախարարության իրավական ապահովման վարչության պետ Բագրատ Ղազինյանն էլ նկատեց, որ տարիներ շարունակ կանանց իրավունքերը պաշտպանող կազմակերպությունները բարձրաձայնում են, որ  բազմաթիվ խնդիրներ պարզապես չեն լուծվում օրենքի բացակայության պատճառով: Ըստ նրա՝  քաղաքացիական հասարակությունը և Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարությունը ժամանակին  օրինագիծ են մշակել, որում  սակայն Արդարադատության նախարարությունը բազմաթիվ խնդիրներ է բացահայտել, ուստի վարչապետի որոշմամբ ձևավորվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ, որտեղ որոշում է կայացվել նախապատրաստել օրենքի բոլորորվին նոր նախագիծ:

 

Ներկայացնելով «Ընտանեկան բռնության դեմ պայքարի և կանխարգելման» մասին այդ  նոր նախագիծը Բագրատ Ղազինյանը հավաստիացրեց  , որ դրանով   շատ հարցեր կարող են լուծվել եւ   նախագծի ընդունման դեպքում որակապես նոր մակարդակի  վրա կբարձրացվեն ընտանեկան բռնության դեմ պայքարի միջոցառումները: Մասնավորապես, ըստ նրա, նախագծով առաջարկվում է ոչ միայն կանխարգելել, այլ անհրաժեշտ միջոցառումներ իրականացնել բռնության դեմ պայքարի համար: 

 

 

«Լինում են դեպքեր, երբ արարքը ակնհայտ հանցագործության հատկանիշներ չի պարունակում, հետևաբար, ոստիկանությունն  իրավասությամբ օժտված չե, որպեսզի կիրառի համապատասխան միջոցներ: Մենք նախագծով կարգավորում ենք այդ խնդիրը»,- ասաց Բագրատ Ղազինյանը:

 

 

ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանն էլ  մեզ հետ  զրույցում  նշեց, որ Հայստանում կանանց հանդեպ բռնությունները բավականին մեծ թիվ են կազմում: Ըստ որոշ տվյալների, 2016 թ-ի ընթացքում հանրապետությունում գրանցվել է բռնության 300-400 դեպք,  որից 7-ը ավարտվել է սպանությամբ: «Սա լուրջ թիվ է և պետք է մտածել, թե ինչ պետք է անենք: Պետք է  շարունակել աշխատել»,-ասաց նա:

 

 

Գարիկ Հայրապետյանի դիտարկմամբ,    այնուամենայնիվ  վերջին տարիներին հասարակությունում նկատվում է մտածելակերպի փոփոխություն: «2002-2003 թթ-ին մարզերում փորձում էինք մի  ծրագիր իրականացնել, եւ երբ խոսում էինք մարզպետների հետ այս թեմայով, մարզպետներից մեկը նշեց, թե  դուք ուզում եք ասել, որ ժամը 6-ից հետո գնամ տուն ու կինս ինձ ճաշ չտա ու ես իրավունք չունեմ իրեն ապտակելո՞ւ: Կարծում եմ՝ մենք այդ մտածելակերպից մի քիչ առաջ ենք շարժվել: Համենայնդեպս, այդ փոփոխությունը տեղի է ունենում, բայց սա դժվար գործընթաց է՝ վարքագծային, մտածելակերպային փոփոխություն է, որ ժամանակ է պահանջում, ուղղակի մենք պետք է մեր մշակույթին հարիր այնպիսի ճանապարհ գտնենք, որ մեր ընտանիքներում ապահովենք փոխադարձ սերն ու հարգանքը»,- ասաց Գարիկ Հայրապետյանը:

 

 

Նշենք, որ «Գենդերային բռնության դեմ ակտիվիզմի 16 օր»-ը միջազգային քարոզարշավ է, որն իրականացվում է նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 10-ը. քարոզարշավի նպատակն է խթանել կանանց և աղջիկների նկատմամբ բռնության վերացմանն ուղղված գործողություններն աշխարհով մեկ:

 

Մ.Մարգարյան

 

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

Հայ հասարակությունն արդարացնում է կնոջ նկատմամբ բռնությունը. հետազոտության արդյունքներ

 

Կանանց նկատմամբ բռնությունը համարվում է մարդու իրավունքների ամենալուրջ խախտումներից մեկը

 

«Աշխարհը կրկին ողողվեց նարնջագույնով»

 

 

Դիտումների քանակը` 3966

Գլխավոր էջ