Կանանց շահերը ներկայացված չեն նախագահական ընտրություններին
Այսպիսի կարծիք հայտնեց Կանանց ռեսուրսային կենտրոնի տնօրեն Լառա Ահարոնյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում : Ըստ նրա՝ եղած թեկնածուներ նախընտրական ծրագրերում չունեն դրույթներ, որոնք պետք է բարելավեն կանանց վիճակը Հայաստանում, եւ ոչ էլ կան կին թեկնածուներ:
«Մեր հասարակության մեջ կան խոցելի խմբեր, որին մասնավոր պետք է անդրադառնալ: Եվ երբ մեր հանրապետության մեջ բնակչության հիսուն տոկոսից ավելին խնդիր ունի իր սեռի պատճառով, դու քո ծրագրում դրան կարեւոր տեղ պիտի տաս, բայց դա մենք չենք տեսնում», – ասաց Լառա Ահարոնյանը:
Կանանց ռեսուրսային կենտրոնը մի քանի տարի աշխատել է ընտանեկան բռնությանը վերաբերող օրենսդրական փաթեթի վրա, որը 2012-ին կառավարությունը պետք է քննարկեր ու ներկայացներ Ազգային ժողով, ինչպես սպասում էին Ռեսուսային կենտրոնում, բայց օրինագիծը չի մտել ԱԺ:
Լառա Ահարոնյանի կարծիքով, Հայաստանի քաղաքական վերնախավը չունի կամք կանանց հարցերի նկատմամբ լուրջ վերաբերմունք ձեւավորելու ուղղությամբ: Նա ուրախ կլիներ, եթե ԱԺ-ում կանայք ավելի մեծ թվով ներկայացված լինեին:
«Մենք հիմա այն փուլում ենք, որ կանայք պետք է լինեն ներկայացված, որ մարդկանց աչքը վարժվի, որ կանայք քաղաքականության մեջ են», – հավելում է Ահարոնյանը:
«Այսօր մենք չունենք Հիլարի Քլինթոն ոչ այն պատճառով, որ կանայք ճնշված են,
այլ որովհետեւ դաշտը շատ նեղ է»
«Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը, ով պատրաստվում էր առաջադրվել որպես նախագահի թեկնածու, բայց չառաջադրվեց, «որովհետեւ ներկա ուժերի բաշխումով բացառվեց լուրջ գաղափարական պայքարը», «Ազատություն» ռադոիակայանի հետ զրույցում ասաց, որ առաջադրվելու դեպքում չէր ցանկանա, որ իրեն ընտրեին կին լինելու պատճառով, որովհետեւ «դա ոչ թե իր արժանիքն է, այլ պարզապես բնության պատահականությունը»:
«Հավասար հնարավորություններից Հայաստանում հավասարապես զրկված են թե՛ կանայք, թե՛ տղամարդիկ», – ասաց «Ազատ դեմոկրատներ»-ի փոխնախագահը: – «Այսօր մենք չունենք Հիլարի Քլինթոն ոչ այն պատճառով, որ կանայք ճնշված են, այլ որովհետեւ դաշտը շատ նեղ է»:
«Ես շատ դեմ եմ գենդերային հարցին ֆորմալ հնչեղություն տալուն, ֆեմինիստական շարժում ստեղծելուն: Կուզեի, որ լիներ կին թեկնածու, անգամ կուզեի, որ ես լինեի այդ թեկնածուն ե՛ւ տարածաշրջանի դրական նախադեպի, ե՛ւ «մեսիջ» հասցնելու համար, բայց ես ասեմ, որ ես կանացի «մեսիջ» չէի տանելու, չէի խոսելու կոնկրետ կնոջ հիմնահարցերից. գտնում եմ, որ դա դաշտի արատավոր նեղացում է»:
«Հայաստանում պետք է իրացվեն ոչ թե կանանց, այլ մարդու իրավունքները», – հավելեց Սեդրակյանը` վստահություն հայտնելով, որ երբ երկրում ազատություն տիրի, կանայք արագ կինքանդրսեւորվեն բոլոր ոլորտներում ու կմտնեն նաեւ քաղաքականություն:
Հայ կանանց ուժերին նա վստահ է ու չի կարծում, որ կանայք մեր երկրում ճնշված են, հատկապես, որ կարծում է, թե «Հայաստանի բոլոր գաղափարական լոկովոտիվները կանանց ձեռքին են՝ լրագրությունը, կրթությունը»:
Նանե Սահակյան
Աղբյուրը՝ http://www.azatutyun.am/content/article/24886114.html
Դիտումների քանակը` 4566