Կանանց նոր նշանակումներ. ովքե՞ր են

WomenNet.am-ը   մանրամասներ է ներկայացնում վերջերս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ պատասխանատու պաշտոններում նշանակված կանանց կենսագրականներից: Խոսքը  Հրազդանի քաղաքապետի պաշտոնակատար նշանակված  Լիլիթ Ստեփանյանի, Ջրային կոմիտեի նախագահ Ինեսսա Գաբայանի և  Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանի մասին է:

 

Հրազդանի քաղաքապետի պաշտոնակատար նշանակված Լիլիթ Ստեփանյանը մինչ նաշանակումը  Կրթության ազգային ինստիտուտի Կոտայքի մարզային մասնաճյուղի փոխտնօրենն էր, մի քանի ամիս փոխարինում էր տնօրենին: Հասարակագիտության ուսուցիչ է, քաղաքագետ, կրթության մասնագետ, գիտությունների թեկնածու: Պատգամավոր Սասուն Միքայելյանի օգնականն է եղել: Ամուսնացած է, ունի դուստր: «Շատ անսպասելի առաջարկ էր: Գլխավոր անելիքը լինելու են Հրազդանին քաղաքի դիմագիծը վերադարձնելը»,-հարցազրույցներից մեկում ասել է նա:

 

Ջրային կոմիտեի նախագահի պաշտոնը ստանձնած Ինեսսա Գաբայանը տեխնիկական գիտությունների թեկնածու է, ծնվել է 1957 թ. հուլիսի 3-ին, Երեւանում: Աշխատանքային գործունեությունը սկսել է 70-ականների վերջին՝  սկզբում ներգրավված է եղել  Ախուրյանի ջրամբարի պատվարիմիջազգային շինարարությունում  որպես  մոնիտորինգի և գործիքավորման բաժնի ինժեներ, ապա՝  1982 – 1985 թթ. աշխատել է Հայջրպետնախագիծ ինստիտուտում  որպես  առաջատար ինժեներ: Այնուհետև աշխատել է  Շրջակա միջավայրի պահպանության պետական կոմիտում նախ որպես կադաստրի բաժնի վարիչ, ապա բնապահպանական փորձաքննության բաժնի վարիչ, հետո՝ 1991 – 1996 թթ  ՀՀ գյուղատնտեսության նախարարության ջրային ռեսուրսների վարչությունորպես պետի պաշտոնակատար: Դրանից հետո ինը տարի աշխատել է  ՀՀ ոռոգման համակարգերի վերականգնման ԾԻԳ-ում, այնուհետև եղել » Հարավային Կովկասի ջրային ռեսուրսների կառավարման ծրագրի» հայաստանյան ղեկավարը, 2007-2018 թթ. «Հիդրոէներգետիկա» ՍՊԸ-ի տնօրենն է եղել, ապա խորհրդատու: 

 

Նշենք, որ Գաբայանը անկուսակցական է: Տիրապետում է հայերեն, անգլերեն, ռուսերեն լեզուներին: Մեկ մենագրություն, երեսունից ավել գիտական հոդվածներ ունի, տասը մասնագիտական ուղեցույցների խմբագիր: Նա նաև ԷկոԼուրի և ՀՀ բնապահպանության նախարարության հետ համատեղ ՄԱԶԾ-ԳԷՀ Փոքր դրամաշնորհների ծրագրի աջակցությամբ իրականացված «Աջակցություն փոքր ՀԷԿ-երին վերաբերող բարեփոխումներին` գետային էկոհամակարգերի կայուն օգտագործման նպատակով հանրության և ՀՀ բնապահպանության նախարարության երկխոսության միջոցով» և  «Աջակցություն նոր բարեփոխումներին փոքր ՀԷԿ-երի բնագավառում ՔՀԿ-կառավարություն երկխոսության միջոցով» ծրագրերի փորձագետ է եղել: 

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի պաշտոնում  նշանակված  30-ամյա Տաթևիկ Ռևազյանը կրթությունը ստացել է Կոպենհագենում, սովորել է Կոպենհագենի բիզնես դպրոցում՝ բիզնես կառավարում և կազմակերպչական հաղորդակցություն մասնագիտությամբ, ապա ավարտել է մագիստրատուրան, 2012-2013թթ. սովորել է Ստոկհոլմի տնտեսագիտության դպրոցում, ունի միջազգային կառավարչի որակավորում: Եղել է «Ամսթրիմ» ՀԿ համահիմնադիր և գործադիր տնօրենը (2013-2016թթ), «Մոմոնդո» ընկերության ընդհանուր վաճառքի և համագործակցության մենեջեր (2015-2017թթ), «FLYR» գործակալության գլոբալ համագործակցության տնօրեն: Տիրապետում է հայերեն, ռուսերեն, անգլերեն և դանիերեն լեզուների, հասկանում է շվեդերեն, նորվեգերեն:

ՀՀ Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ  Հռիփսիմե Գրիգորյանն էլ  Տաթևիկ Ռևազյանի նշանակման հետ կապված Կոմիտեի ֆեյսբուքյան էջում  գրել է. «Կարևորելով մեր երկու կառույցների համագործակցությունը’ ակնկալում ենք համատեղ արդյունավետ աշխատանք և լուրջ ձեռքբերումներ մոտ ապագայում»:

 

Հիշեցնենք, որ ավելի վաղ WomenNet.am-ն գրել էր Տաթևիկ Ռևազյանի մասին   «Կինը և նորարարությունը»  նախագծի շրջանակում.   « Դեռ ուսանող ժամանակ հասկացա, որ ավիացիան ինձ համար շատ հետաքրքիր է: Այն ժամանակ սովորելուն զուգահեռ աշխատում էի Կոպենհագենի օդանավակայանում: Ու սկսեցի մտածել` «լավ, ես ավիացիան եմ սիրում, հետո, էլ ի՞նչն է ինձ համար կարևոր»: Հասկացա, որ ուզում եմ Հայաստանում աշխատատեղեր բացել: Արդյունքում այս երկու մտքերը միացրեցի իրար ու սկսեցի փնտրել հստակ նշված ուղղությունով` «ավիացիա ու աշխատատեղեր Հայաստանում»»,- ասել էր Տաթևիկը WomenNet.am –ի  հետ զրույցում՝ պատմելով, որ համացանցում ավիացիոն ոլորտի նորություններ կարդալիս մի օր պատահաբար իմացել է Սան Ֆրանցիսկոյում «FLYR» ստարտափի մասին, որն էլ առիթ հանդիսացավ Հայաստան վերադառնալու և այստեղ «FLYR»-ի հայաստանյան թիմի ձևավորման աշխատանքներով զբաղվելու համար:

 

Հ. Կարապետյան

Դիտումների քանակը` 2711

Գլխավոր էջ