Կանանց ձայնը պետք է լսելի լինի

Հայ ֆեմինիստ-ակտիվիստները  ասելիք ունեն  Կանանց կարգավիճակի հանձնաժողովում

Վաղը Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի կենտրոնական գրասենյակում մեկնարկելու է Կանանց կարգավիճակի հանձնաժողովի 58-րդ  նստաշջանը, որի  հիմնական թեման է ՝ Հազարամյակի զարգացման նպատակները  կանանց և  ազջիկների համար: ՄԱԿ-անդամ պետությունների հետ մեկտեղ նստաշրջանին մասնակցելու է նաև  Հայաստանի կառավարության պատվիրակությունը:  Նստաշրջանի աշխատանքների ձևաչափն այնպիսին է, որ նրան զուգահեռ ընթանում են ոչ կառավարական կազմակերպությունների մասնակցությամբ քննարկումներն ու այլ միջոցառումները՝ ապահովելով անմիջական կապը ՄԱԿ-ի դահլիճում տեղի ունեցող կառավարությունների մակարդակով լիագումար նիստերի հետ:   Հայաստանի ոչ կառավարարական կազմակերպություններից նստաշրջանին մասնակցելու է «Հասարակություն առանց բռնության» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Աննա Նիկողոսյանը, ով տրամադրել է WomenNet.am –ին իր ելույթի հիմնական թեզերը.    

 

 

…ՄԱԿ-ի Կանանց կարգավիճակի հանձնաժողովի ամենամյա նստաշջանը  կարևոր իրադարձություն է և եզակի հնարավորություն՝  կանանց իրավունքների հարցերով զբաղվող ՀԿ-ների ներկայացուցիչներին ողջ աշխարհից  մեկ վայրում համախմբելու և մասնակցելու այն միջազգային գործընթացներում, որոնք մեզ ազդեցություն են թողնում միլիոնավոր կանանց և աղջիկների կյանքի վրա:

 

Շատ մարդիկ մտածում են, որ իրենք չեն կարող փոխել այն, ինչ կատարվում է իրենց հետ կամ իրենց շուրջը: Նրանք կարծում են, որ չեն կարողանա պայքարել բռնության, ճնշման, խարանման և խտրականության դեմ իրենց համայնքում կամ երկրում: Միևնույն ժամանակ կան հիանալի ակտիվիստներ, կանանց իրավունքների պաշտպաններ, ովքեր կարծում են, որ իրենք կարող են դրական փոփոխության հասնել իրենց համայնքում, թեկուզ և  այդ փոփոխությունները շատ չնչին են՝ տարածաշրջանային կամ միջազգային մակարդակով նկատելի լինելու համար:  Եվ այդ պատճառով նրանք կարծում են, որ միայնակ չեն կարող ազդել աշխարհում տեղի ունեցող գործընթացների վրա և այդ մակարդակներում իրենց ձայնը լսելի դարձնելը անհնարին է:

 

Համոզված եմ, որ դա այդպես չէ:  Շատ ժամանակ միայն հավատն է պակասում այդ ներազդեցությունը իրագործելու համար: Յուրաքանչյուր կին այս աշխարհում ունի հնարավորություն և ներուժ՝ դարձնելու իր ձայնը լսելի,  ազդելու որոշումների կայացման վրա՝ լինի դա  կառավարության կամ միջազգային մակարդակով:  ՄԱԿ-ի  Կանանց իրավիճակների հանձնաժողովի ձևաչափը ընձեռում է այդ հնարավորությունը կանանց հասարակական կազմակերպությունների ներկայացուցիրներին:

 

Որպես կանանց իրավունքները և գենդերային հավասարությունը Հայաստանում խթանող «Հասարակություն առանց բռնության» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն, և որպես ԱՍՏՐԱ տարածաշրջանային ցանցի անդամ՝ ես պատրաստվում եմ ներկայացնել իմ երկիրը և տարածաշրջանը՝ մարտի 10-ին մեկնարկող Կանանց իրավիճակի հանձնաժողովի 58-րդ նստաշջանում: Մեր կազմակերպությունը՝ լինելով  Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի 19 երկրների սեռական և վերարտադրողական առողջության և իրավունքներով զբաղվող շուրջ 36 կազմակերպություններ միավորող ԱՍՏՐԱ  ցանցի անդամ,  բարձրաձայնելու է նաև  այդ ոլորտի հետ կապված հիմնախնդիրները և   2015-ից հետո գործընթացների  օրակարգում դրանք  ընդգրկելու առաջարկը:

 

Ինչպես հայտնի է, նստաշրջանի հիմնական թեման է ՝ Հազարամյակի զարգացման նպատակները  կանանց և  ազջիկների համար: Կարելի է փաստել, որ  մեր տարածաշրջանում Հազարամյակի զարգացման նպատակները շատ կարևոր ներդրում ունեցան. դրանց շրջանակում նվազեցվեց մայրական մահացությունը, ստեղծվեցին ազգային քաղաքականություններ՝ սեռական և վերարտադրողական առողջության վերաբերյալ,  հիմնվեցին ընտանիքի պլանավորման և սեռական և վերարտադրողական առողջության կլինիկաներ տարածաշրջանի մի շարք երկրներում, վավերացվեց Ստամբուլի Կոնվենցիան տարածաշրջանի հինգ երկրներում  և ստորագրությամբ՝ վեց երկրներում:

 

Չնայած էական առաջընթացին, հետագա՝  2015-ից հետո  ծրագրվող՝ այսպես կոչված  «Post-2015» գործընթացների շրջանակում որոշ նպատակներ օպերատիվ վերանայման կարիք ունեն,  քանի որ  դեռևս շատ անելիք կա Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում:

 

Կրոնական և նեո-ազգայնական ծայրահեղական խմբավորումների էական աճը անհանգստություն է առաջացնում տարածաշրջանում և լուրջ մարտահրավեր է հանդիսանում կանանց և աղջիկների մարդու իրավունքների իրականացման համար: Սա հանգեցրեց բազմաթիվ, հաճախ հաջողված փորձերի՝ կանանց վերարտադրողական և սեռական իրավունքների  սահմանափակման ուղղությամբ:

 

Տարածաշրջանի որոշ երկրների  կառավարություններ դեռևս շարունակում են դեմ լինել օրինական և անվտանգ աբորտի համընդհանուր հասանելիությանը, ժամանակակից հակաբեղմնավորիչնեչին և բարձրորակ սեռական և վերարտադրողական ծառայություններին:  Նրանք չեն ապահովում բազմակողմանի սեռական կրթություն դպրոցներում և չեն ճանաչում կանանց իրավունքը՝ հասկանալու և վերահսկելու իրենց իսկ գրավչությունը, պտղաբերությունը և մարմնի անձեռնմխելիությունը: Դրա հետ մեկտեղ մեր տարածաշրջանի երկրներում առկա է սելեկտիվ աբորտների անընդունելի երևույթը, ինչը գենդերային անհավասարության և  գենդերային կարծրատիպերի արդյունք է:

 

Սեռական դաստիարակության պակասը հանգեցնում է անչափահասների շրջանում հղիության աճի բարձրացման, սեռական ճանապարհով փոխանցվող վարակների, սեռական բռնության և այլն: Անցանկալի հղիությունը հանգեցնում է կրթության դադարեցման, աղքատությանև սոցիալական մեկուսացման, ինչպես նաև վտանգավոր աբորտների, որոնք սպառնում են կանանց առողջությանը և կյանքին:

 

Գենդերային բռնությունը և ընտանեկան բռնությունը դեռևս շատ տարածված են տարածաշրջանում, բռնության ենթարկվածներին հասանելի չեն ծառայությունները, տեղեկատվական և գենդերային կրթությունը: Կան երկրներ, որտեղ չկա ընտանեկան բռնության մասին օրենք, և Հայաստանը, ցավոք,  նույնպես  օրինակն է այն իրականության, թե ինչպես  օրենսդրությունը չի կարողանում պաշտպանել կանանց և աղջիկների իրավունքները: Շատ կանայք են մահանում համապատասխան  օրենքների և քաղաքական կամքի բացակայության պատճառով, մինչդեռ  այս երևույթին վերջ դնելու  արդյունավետ մեխանիզմներ կան և   կարող էին կիրառվել:

 

Հաշվի առնելով այն բոլոր մարտահրավերները, որոնց բախվում է մեր տարածաշրջանը, ես Կանանց իրավիճակի հանձնաժողովում  հանդես կգամ կոչով՝ պարտադիր ներառելու Հազարամյակի զարգացման նպատակների 2015-ից հետո գործընթացներում   սեռական և վերարտադրողական առողջության և գենդերային հիմքով բռնության կանխման վերաբերյալ դրույթները:  Միևնույն ժամանակ ես պատրաստվում եմ կոչ անել կառավարություններին՝ ապահովել բարձրորակ և համակողմանի սեռական կրթությունը և  դաստիարակությունը  դպրոցներում,  հասանելիությունը ապահով և անվտանգ աբորտին և ժամանակակից հակաբեղմնավորիչներին, վերացնել համընդհանուր անվտանգ աբորտի բոլոր օրինական և կառուցվածքային խոչընդոտները, համապատասխան քայլեր ձեռնարկել գենդերային բռնության բոլոր ձևերի  և ընտանեկան բռնության վերացման համար, ինչպես նաև  կատարել CEDAW- ի, Հազարամյակի հռչակագրի, Պեկինյան գործողությունների հարթակի, Կահիրեի գործողությունների ծրագրի և կանանց մարդու իրավունքների պաշտպանության շրջանակում պետությունների կողմից ստանձնած պարտավորությունները և հանձնառությունները:

 

Հայաստանում և մեր տարածաշրջանում կանանց իրավուքնների պաշտպան լինելը չափազանց դժվար է: Քեզ սխալ են հասկանում քո ընկերները, ընտանիքը, հասարակությունը: Քո խոսքերն ու գործողությունները աղավաղված կերպով են ընկալվում ծայրահեղական խմբերի խողմից և  ավելի են սրվում ԶԼՄ-ների պատճառով: Մինչ փորձում ես օգնել կանանց,  երբեմն ընկալվում ես որպես «երկրի ավանդական արժեքները խարխլող» սպառնալիք  քո ազգի համար:

 

Այնուամենայնիվ, ես հավատում եմ, որ մեր պայքարը կանանց հիմնարար իրավունքների և ազատությունների համար և գենդերային հավասարության համար շատ շուտով կհասնի միջազգային ճանաչման և գնահատանքի: ՄԱԿ-ի  Կանանց իրավիճակի հանձնաժողովը մի շարք իրադարձություններով հանդերձ այս հնարավորություններից մեկն է:  Եվ, այսպես, ես ուղղում եմ իմ խոսքերը բոլոր կանանց և աղջիկներին, կանանց իրավունքների պաշտպաններին. մի՛ դադարեք հավատալ, որ ձեր մտքերն ու մտահոգությունները լսելի կդառնան, խոսե՛ք, բարձրացրե՛ք ձեր ձայնը և շարունակե՛ք ձեր պայքարը հանուն հավասար իրավունքների և  հավասար հնարավորությունների: Միշտ էլ կգտնվեն մարդիկ, ովքեր կլսեն և կհետևեն ձեզ, պարզապես մի՛ սպասեք, այլ պահանջե՛ք, որ ձեր իրավուքնները իրագործվեն, և հասարակությունն ուշադրություն դարձնի ձեր խնդիրների  վրա: Համոզվե՛ք ինքներդ,  թե ինչպես է դա աշխատում…

 

Աննա Նիկողոսյան,

Գործադիր տնօրեն

«Հասարակություն առանց բռնության» ՀԿ,  Հայաստան

Դիտումների քանակը` 3216

Գլխավոր էջ