Կանանց հանրապետական խորհուրդ. «Երեք խնդիր ապագա նախագահի ուշադրությանը»
Կանանց հանրապետական խորհրդի անդամ Աիդա Թոփուզյանի դիտարկմամբ` գենդերային խնդիրները Հայաստանում շատ են, դրանց մասին տարիներ շարունակ խոսվում է , բայց լուծում չի տրվում, և բնական է, որ ձեռքի մեկ շարժումով հնարավոր չէ լուծել կուտակված բոլոր հարցերը: Սակայն գոյություն ունի օրակարգային երեք հարց, որոնք ըստ Կանանց հանրապետական խորհրդի, առաջնահերթ լուծման կարիք են զգում և պետք է լինեն ապագա նախագահի ուշադրության կենտրոնում, անկախ նրանից ով կզբաղեցնի այդ պաշտոնը:
‹‹Առաջին խնդիրը ընտանիքի հարցն է: Կանանց հանրապետական խորհուրդը վերհանել ու բազմիցս քննարկել է ընտանիքի հետ կապված խնդիրները՝ նե րկայացնելով իր տեսակետները կառավարությանը: Դրանք վերաբերում են և’ բազմազավակ ընտանիքներին, և’ երեխայի ու մոր առողջությանը: Կառավարությունից մեզ ասացին, որ կիսում են մտահոգությունն ու 2014-ը կհայտարարեն ընտանիքի տարի: Սակայն մեզ համար առավել կարևոր է, որ ոչ միայն հայտարարեն, այլև այդ ուղղությամբ քայլեր ձեռնարկեն, որոնց արդյունքում կարողանանք ունենալ ամուր և ապահով ընտանիքներ: Իհարկե խնդիրների լուծման բանալիներից թերևս գլխավորը՝ ֆինանսական հարցերի կարգավորումն է: Թեպետ այսօր կառավարությունը խրախուսում է երեք և ավելի երեխայով ընտանիքի մոդելը, բազմազավակ ընտանիքները ֆինանսական աջակցություն են ստանում, սակայն մենք գտնում ենք, որ միայն դա բավարար չէ: Կան հարցեր, որոնք անհրաժեշտ է հատուկ հսկողության տակ առնել, օրինակ, բազմազավակ ընտանիքների բնակարանային խնդիրների լուծմամբ լրջորեն զբաղվել: Օրակարգային պետք է լինի առողջ ընտանիքի գաղափարը՝ մենք պետք է ոչ թե բուժենք, այլ կանխարգելենք››,- ասաց տիկին Թոփուզյանը:
Երկրորդ կարևորագույն խնդիրն ըստ Թոփուզյանի գենդերային հավասարակշռությունն ապահովելու ուղղությամբ կառավարության գործողություններն են, իրենցիսկ կողմից ընդունված գենդերային ռազմավարության իրագործումն է: Այս համատեքստում կան մի շարք օրակարգային խնդիրներ, օրինակ, էապես բարձրացնել կանանց բավարար մասանակցությունը քաղաքական գործընթացներին կամ որոշումների կայացման մակարդակում, ապահովվել գենդերային հավասարակշռությունը պաշտոնյաների վերապատրաստման հարցում:
‹‹Բնակչության կեսից ավելին կանայք են, բարձրագույն կրթություն ունեցող քաղաքացիների մեծամասնությունը` նույնպես, կուսակցություններում սև գործը կատարում են կանայք, բայց երբ հարցը վերաբերում է ղեկավար պաշտոններին, կանանց մասին մոռանում են: Այս վիճակը վերջապես պետք է շտկվի››:
Երրորդ կարևորագույն հարցը ՝ Աիդա Թոփուզյանի ներկայացմամբ, քաղաքացիական հասարակության ձևավորումն ու կայացումն է.
‹‹Այսօր այնպիսի տպավորություն է` կարծես հասարակությունն ու իշխանությունը առանձնացած լինեն ու ամեն մեկն իր համար է ապրում ու գործում: Մինչդեռ քաղաքացիական հասարակություն-ԶԼՄ-իշխանություն կապի հաստատումը շատ կարևոր է պետության զարգացման տեսանկյունից: Հասարակակակն սեկտորի լիարժեք կայացման հարցը պետք է լինի օրակարգային: Այսօր այս դաշտում հարաբերությունները ամուր չեն նաև հասարակական կազմակերպությունների ֆինանսական անկայունության պատճառով: Ընդհանուր առմամբ հասարակական սեկտորը խառնված է; Բարձրաստիճան պաշտոնյաները կարող են ստեղծել հասարակական կազմակերպություններ, իրենք էլ ղեկավարեն, ինչը, իմ կարծիքով, անընդունելի է, որովհետև նրանց գործառույթներ են տարբեր ու շահերի բախումն այս պարագայում ակնհայտ է ու անխուսափելի: Սա գալիս է նրանից, որ օրենսդրությունը հստակ չէ: Մինչև հիմա չենք կարողանում հստակեցնել քաղաքացիական հասարակության կազմակերպությունները, որոնք են»…
Հ. Հ.
Դիտումների քանակը` 5340