Կանանց հանդեսներ. մեր անցյալն ու սնգուրված ներկան
Վերջին ժամանակներս արդի լրատվամիջոցներում մի ուշագրավ օրինաչափություն է նկատվում. շարունակ շուկա են մտնում կանանց հանդեսների նորանոր անուններ: Դրանցից շատերը թիթեռի կյանք են ունենում, սակայն նորերը ստեղծելու ջանքերը չեն սպառվում: Հավանաբար համանման օտարալեզու հանդեսների լայն սպառումն է նորահայտ խմբագիրների ոգևորության աղբյուրը: Դատելով այդ հանդեսների բովանդակությունից, որոնք, ի դեպ, միմյանցից գրեթե չեն տարբերվում, կարելի է մտածել, որ ժամանակակից հայ կանայք տառապում են մշտապես երիտասարդ մնալու և հրապուրիչ տեսք ունենալու, դիետաներ պահելու, արվեստով շպարվելու ու նորաձև հագնվելու, աստղերի անձնական կյանքի գաղտնիքները բացահայտելու և տղամարդկանց սերն ու ուշադրությունը մշտապես բորբոք պահելու հոգսերով: Մի՞թե այդպես է:
Հարկ է նաև նշել, որ այսպես կոչված «գլամուր ոճի» հայալեզու կրկնօրինակները, չգիտես ինչու, առաջնորդվում են արտասահմանյան բնագրերի առավել հետամնաց նմուշներով և անուշադրության են մատնում մի շարք կանանց հանդեսների վերջին տարիների` շեշտադրումներ փոխելու փորձերը: Մասնավորապես աստիճանաբար հրաժարվելու հիմար, եսասեր, տղամարդուն հաճոյանալու վրա սևեռված տիկնիկի կերպարից հօգուտ առավել տարածված իմիջի՝ անկախ, ինքնավստահ գործարար կնոջ: «Հայ գլամուրում» այս նոր շեշտադրումները, ավաղ, համարյա չեն նկատվում: Դրանց էջերում ծավալվում է կյանքի և հենց կնոջ նկատմամբ սպառողական վերաբերմունքի քարոզչությունը և կինը ներկայանում է սոսկ որպես իր, որը պետք է ունենա ապրանքային տեսք:
Երևույթը, սակայն, ուշագրավ է նրանով, որ հայ մամուլը կանանց հանդեսների հրատարակման բավական հին պատմություն ունի (սկսած 1862 թվականի «Հավերժահարսից» և «Կիթառից»), հետևաբար այսօր մեզ անցյալի ու ներկայի զուգահեռներ գծելու բացառիկ հնարավորություն է ընձեռվում:
Հայուհիներին հասցեագրված առաջին պարբերականների քաղաքականությունն ակնհայտորեն կանանց և հասարակության առաջընթացին էր ուղղված:
Սարգիս Փափազյանի «Հավերժահարսում» (1862, Զմյուռնիա) տպագրվում էին համաշխարհային գրականության գանձարանի նմուշներ` ընտիր հայերեն թարգմանությամբ, ճանաչողական նյութեր և քաղաքական, ընկերային կյանքի թարմ լրատվություն: Էլպիս Կեսարացյանի «Կիթառը» (1862, Կ. Պոլիս) փորձում էր հայ օրիորդների ու տիկինների մեջ արթնացնել ազգասիրություն, ուսման սեր, քաղաքավարություն ու համարձակություն:
Մարի Պեյլերյանի «Արտեմիսը» (1902, Կահիրե, Ալեքսանդրապոլ) նպատակ ուներ «հայ իգական սեռի համար անկախ թերթ, նրա ազատ ձայնի» ամբիոն դառնալ, «ատով հայ կինը ցույց պիտի տար, թե ինքն ալ ունի մտային ընդունակություն ըմբռնելու և շոշափելու համար այն ամեն ընկերային ու հանրային կարևոր հարցերը, որոնք ուղղակի կամ անուղղակի կապ ունին իր կնոջական պարտականություններուն, իրավունքներուն ու պահանջներուն հետ»: «Արտեմիսը», թղթակցություններ ստանալով բազմաթիվ հայահոծ գաղութներից, անաչառ կերպով վեր էր հանում հայ կնոջ թերությունները, այն բոլոր երևույթները, որոնք կարող էին կնոջ անկումի պատճառ դառնալ, ներկայացնում էր գավառի կնոջ տխուր պատկերը, արթնացնում նրա` «նախապաշարումներով թմրած հոգին»:
Կանանց հասցեագրված պարբերականների շարքում լավագույն փորձերն իրավացիորեն վերագրվում են Հայկանուշ Մառքին, որի խմբագրած «Ծաղիկ» և «Հայ կին» հանդեսները իրենց որակով ու լրագրողական պատշաճ մակարդակով մինչև օրս մնացել են չգերազանցված:
«Ծաղիկը» (1905-1907 թթ., Կ.Պոլիս) նպատակ ուներ համախմբել կանանց գրական ուժերը և երիտասարդ սերնդի մեջ մտածելու և գրելու տենչ արթնացնել: Իրոք, «Ծաղիկ»-ին աշխատակցել են ժամանակի գրեթե բոլոր օժտված կին մտավորականները` Սիպիլը, Զ. Գալեմքյարյանը, Արշակուհի Թեոդիկը, Զապել Եսայանը և այլք: Հետևելով «Ծաղիկի» էջերին` կարելի էր հարուստ տեղեկություններ քաղել ինչպես Արևմտահայաստանի տարբեր գավառների կանանց կացության, այնպես էլ աշխարհի տարբեր երկրների կանանց շարժման մասին, որոնք մատուցվում էին հայ իրականության մեջ ողջամիտ ֆեմինիզմի գաղափարները արմատավորելու համար: Օրինակ բերելով արտասահմանյան գործընկերների արդյունավետ փորձերը` Մառքը մշտապես գործնական քայլերի էր կոչում հայ կանանց հանուն իրենց իրավունքների: Իսկ իր առաջնորդողներով փորձում էր փակել ֆեմինիզմի թյուր ընկալումներն ու մեկնաբանությունները:
«Ծաղիկը», որ ընդհատվել էր դեպքերի բերումով, խմբագրի տեղափոխության պատճառով, լուրջ հայտ էր: 22-ամյա Հայկանուշ Մառքը համարից համար ավելի ու ավելի էր ամրապնդում այն կարծիքը, որ օժտված հրապարակախոս ու կազմակերպիչ է, բարձր մակարդակի լրագրող: Այնպես որ տարիներ անց` 1919-ին, «Հայ կին» հանդեսի շլացուցիչ մուտքը անակնկալ չէր մտավոր հասարակայնության համար, այլ վաղուց սպասված վայելք: Ինչպես և «Ծաղիկի» դեպքում, «Հայ կին»-ի շուրջը հավաքվեցին ժամանակի գրեթե բոլոր նշանավոր կին մտավորականները: Հանդեսը թղթակիցներ ուներ նաև Փարիզում ու Միացյալ Նահանգներում:
Հայկանուշ Մառքը «Հայ կինը» հրատարակեց հասուն տարիքում` «Ծաղիկի» փորձն ունենալով, նրա տված դասերի հիման վրա: Երբ թերթում ես ամսագրի էջերը, զարմանում ես, թե ինչ խորաթափանցությամբ ու արվեստով էր կարողանում խմբագրուհին ամեն անգամ նորովի մոտենալ կանանց հարցին` երբեք չկրկնելով և հարցի նորանոր նիստեր երևան հանելով: Բայց «Հայ կինը» ձգում էր ոչ միայն իր հրապարակախոսությամբ, այլև լրագրական ինքնատիպ հնարքներով:
«Հայ կինը» դիմացավ ժամանակի փորձություններին ու հարատևեց 13 տարի շարունակ: Այն սիրելի զրուցակից դարձավ և հայ կնոջ ձայնը լսելի դարձրեց աշխարհի բոլոր կողմերում:
Ո՞ւր կորան այս ավանդույթները: Մի՞թե ներկայիս հայ կինը շպարվելուց ու տարաշխարհիկ կերակուրների բաղադրատոմսերից բացի այլ հետաքրքրություն ու ասելիք չունի: Նա՞ է փոխվել, թե՞ նրա նկատմամբ վերաբերմունքը:
Մոտ մեկուկես դար առաջ, երբ հայ կինն առաջին անգամ «հանդգնություն» ունեցավ իր պարբերաթերթով ասպարեզ մտնել ու իր խոսքն ասել հասարակայնությանը, այդ նորամուտը, երևույթ դարձավ և ունեցավ ոչ միայն կողմնակիցներ ու ջերմ պաշտպաններ, այլ նաև հակառակորդներ: Մասնավորապես, բավական բուռն արձագանքեց Ստեփան Ոսկանը իր «Արևմուտք» (1864, Փարիզ) հանդեսում: Տեսեք, ասում էր, գործվածքը ծալել է, ասեղը մի կողմ դրել, թելը կծկել, մատնոցը հանել, թուղթ է փռել իր առջև և գրիչով զրահավորված` նետվել աշխարհի ամենափշոտ դաշտը: «…Օրիորդի գիրգ մատներու չը վայելեր Հայկին աղեղը կիթառի աղիք ընել և զայն պրկելով ազգային սեր երգել»,- պնդում էր նա` խորհուրդ տալով նորելուկ խմբագրուհուն «բոլորովին թողնել հրապարակը»: Ամենայն հավանականությամբ Ստ. Ոսկանը հանդիմանության խիստ խոսքերի է արժանացել իր այս անզուսպ տողերի համար, այդ է պատճառը, որ «Արևմուտքի» հաջորդ իսկ համարում գրում էր. «…Օրիորդներու կրթության թշնամի չենք… Մեզի համար կրթությունը, մանավանդ օրիորդի կրթությունը, արտաքին զարդ չէ, ավելի մտքի և սրտի կը վերաբերվի, քան թե մորթի… Փոխ առնունք ուրեմն Եվրոպայեն լույս և ոչ սնգույր»:
Ցավոք, այսօր` մեկուկես դար անց, գերադասում ենք միայն Արևմուտքի սնգույրը, ոչ թե լույսը: Մի՞թե սա նահանջ չէ:
Անահիտ Հարությունյան
Կարդացեք այս թեմայի շուրջ հեղինակի այլ նյութերը մեր կայքում.
«Երևելի տիկնանց դարը»` գիրք, որը շատ ու շատ կարծրատիպեր է կոտրում
«Կինը, որ Սիպիլ կստորագրե, պարծանքն է իր սեռին»
Հայկանուշ Մառք. «Պիտի կրենք մեր պատասխանատվությունը, պիտի ստեղծենք մեր իրավունքները»…
Սրբուհի Տյուսաբ. «Պարզապես Հայուհի մ’եմ»
Դիտումների քանակը` 4007