Կանանց լիդերության դպրոց. հաջողության գաղտնիքը
Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիան նշեց Մարտի 8-ը իր Լիդերության դպրոցի շրջանավարտների հետ միասին: Կանանց միջազգային օրվա նախօրեին Երևանում կայացավ Ասոցիացիայի Կանանց լիդերության դպրոցի նախկին և ներկա շրջանավարտների երրորդ հանդիպում-համաժողովը:
Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիայի նախագահ Ջեմմա Հասրաթյանի խոսքով, պատահական չէ համաժողովի անվանումը՝ «Գիտելիքներից դեպի քաղաքական լիդերություն. հաջողության գաղտնիքը»: Իրականում լիդերության դպրոցը անցած բոլոր կանայք, որոնք աշխատում են հասարակական կազմակերպություններում, քաղաքական կուսակցություններում, պետական կառավարման մարմիններում, գտել են իրենց հաջողության բանալին: «Նրանք այսօր հզոր ռեսուրս են հանդիսանում ցանկացած ոլորտի, այդ թվում քաղաքականության համար: Գուցե նրանք դեռ չեն հասել իրենց քաղաքական կամ մասնագիտական կարիերայի բարձունքներին, բայց բոլորն էլ ունեն դրա համար անհրաժեշտ ներուժն ու համարձակությունը», – նշեց Ջ.Հասրաթյանը:
Ի դեպ, Ասոցիացիայի 2000 թվաականից գործող Կանանց լիդերության դպրոցը ավելի քան 1800 շրջանանվարտ ունի: Համաժողովին մասնակցում էին նրանց մի մասը միայն՝ հասարակական կազմակերպությունների, քաղաքական կուսակցությունների կին լիդերներ և ակտիվիստներ, որոնք տարբեր տարիներին սովորել և ավարտել էին Երևանի և մարզերում գործող կանանց լիդերության դպրոցների դասընթացները: Ներկա էին Ասոցիացիայի մասնաճյուղերի ղեկավարները, ՀՀ ԱԺ պատգամավորներ, ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ներկայացուցիչները, ինչպես նաև դպրոցում դասավանդող փորձագետները:
Ուշադրության կենտրոնում էին դպրոցի վերջին երկու հոսքերի շրջանավարտները, ովքեր համաժողովի ընթացքում ստացան իրենց ավարտական վկայականները: Դպրոցի այդ հոսքերը հնարավոր եղավ կազմակերպել ԵԱՀԿ երևանյան գրասենյակի և Նիդեռլանդների կառավարության, ինչպես նաև Հայաստանում «Բաց հասարակության հիմնադրամներ»-ի աջակցությամբ:
Ժողովրդավարության զարգացման հարցերով ԵԱՀԿ երևանի գրասենյակի պատասխանատու Օլիվեր ՄակՔոյը դիմելով հանդիպման մասնակիցներին նշեց, որ շատ հաճելի է գիտակցել, որ կանանց հզորացմանը ուղղված իրենց աջակցությունը իրական արդյունքներ է տալիս և այսօր արդեն տեսանելի օրինակներ կան.
– Ձեզանից յուրաքանչյուրը, շատ արժեքավոր ներուժ է թե´ Հայաստանի զարգացման , թե´ երկրի անվտանգության տեսանկյունից: Եթե Հայաստանն ուզում է առաջ գնալ, ապա պետք է օգտագործի այդ ռեսուրսը: Իսկ նոր շրջանավարտներին կուզենայի մաղթել, որ ավարտական վկայականը ստանալուց հետո փորձեն մտածել և հասկանալ ինչպես կարող եք առավելագույնս օգտագործել այստեղ ստացած գիտելիքները: Ուրախ եմ, որ մենք մեր լուման ենք ունեցել ձեզ աջակցելու հարցում: Նաև կուզենայի ապագայում տեսնել, որ հայաստանյան կուսակցություններն էլ ունենային այնպիսի քաղաքական պլատֆորմ, որը կխթանի և կապահովի կանանց քաղաքական առաջընթացը, – ասաց նա:
Համաժողովին ներկա էր նաև պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը Հայաստանի Հանրապետական Կուսակցությունից, ով անդրադառնալով իրենց կուսակցությունում կանանց ունեցած հաջողությունների և կանանց խորհրդի մասին նշեց.
– ՀՀԿ-ի ներսում ստեղծված է մի համակարգ, որը բոլոր պայմանները ստեղծում է, որպեսզի կանայք տեղում ակտիվանան: Դա կուսակցության Կանանց խորհուրդն է, որը օր-օրի հզորանում է և առաջ է գնում և դրան նպաստում են այն կանայք, ովքեր ավարտել են Ասոցիացիայի դպրոցը՝ ձեռք բերելով այստեղ կանանց առաջ գնալու համար անհրաժեշտ գիտելիքները:
Ասոցիացիայի փոխնախագահ և դպրոցի դասախոս Լիլթ Զաքարյանը իր ելույթում նշեց.
– Այսքան տարիների իմ լիդերության դպրոցում դասավանդելու արդյունքում ես տեսնում եմ մի բան՝ մեր կուսակցություններում կան լավ կադրեր, խելացի,բանիմաց: Շատ դեպքերում այդ կադրերը տեսանելի չեն, անգամ իրենց կուսակցությունների ղեկավարների համար և կարծում եմ, որ մեր առաջիկա խնդիրները պետք է լինեն, որ մեր լրագրող ընկերները, ովքեր տարիներ շարունակ աշխատում են գենդերային լրագրության դաշտում , նույնպես օգնեն, որ տեսանելի դարձնենք բոլորի համար այն կանանց , որոնք իրոք արժանի են ուշադրությանը:
Նա առանձնացրեց այն խնդիրները, որոնց վրա առաջիկայում պետք է աշխատի Ասոցիացիան, և որոնց լուծման հարցում մեծ հույսեր է կապում Լիդերության դպրոցի շրջանավարտների հետ: Խոսքը «Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների մասին օրենքի մասին է, որի մշակմանը մասնակցել են նաև Ասոցիացիայի փորձագետները: «Այդ օրենքն Ազգային ժողովում արդեն երրորդ ընթերցման ռեժիմում է և շուտով կընդունվի, մեր հաջորդ քայլերը կապված կլինեն այն կյանքի կոչելու հետ», – ասաց Լիլիթ Զաքարյանը:
Շարունակելով առաջիկա անելիքների թեման Ասոցիացիայի նախագահ Ջեմմա Հասրաթյանը անդրադարձավ խորհրդարանական ընտրությունների ընթացքում Ասոցիացիայի կողմից կատարված հետազոտության արդյունքներին, որոնք ցույց տվեցին Ընտրական օրենսգրքի մեջ գենդերային քվոտան առնվազն 40 տոկոսի չափով ամրագրելու անհրաժեշտությունը:
Ելույթի իրավունքը փոխանցելով ՕԵԿ խմբակցության ներկայացուցիչ, ՕԵԿ փոխնախագահ Մհեր Շահգելդյանին հորդորեց վերջինիս օգնել, որպեսզի առաջիկայում Ընտրական օրենսգրքում ավելացնեն այդ քվոտան. «Մանդատներից հրաժարվելու պրակտիկան ցույց տվեց, որ պետք է նաև ավելացնենք մի շատ կարևոր դրույթ` եթե կին պատգամավորը ինքնաբացարկ է հայտնում, ապա նրա տեղը պետք է զբաղեցնի համամասնական ցուցակում ներգրավված հաջորդ կին թեկնածու, ոչ թե տղամարդը, ինչպես դա արվում է»,- ընդգծեց Ջ.Հասրաթյանը:
«Նախաձեռնությունները սկսվում են հասարակական դաշտից, հետո հասնում քաղաքական դաշտ»,- արձագանքեց Մհեր Շահգելդյանը՝ հավանական համարելով, որ առաջարկը կյանքի կկոչվի:
Հանդես գալով որպես Կանանց լիդերության դպրոցի դասախոս Մհեր Շահգելդյանը ներկայացրեց նաև իր դիտարկումները դպրոցի մասին.
– Ասոցիացիայաի աշխատանքը համարում է մեծ ներդրում վերապատրաստման ոլորտում, գիտելիքների ոլորտում, հասարակական, ժողովրդավարական արժեքների արմատավորման հարցում: Ողջունում եմ լիդերության դպրոցը մի քանի տեսանկյունից` նախ, որ այն քաղաքական գործունեություն ծավալելու համար գիտելիքների որոշակի պաշար է տալիս, երկրորդը հնարավորություն է տալիս անցնել վերապատրաստում կարծիքների բախման, կարծիքների փոխանակման տեսանկյունից, և երրորդը այն դասախոսությունների շարք չէ, այլ կոմունիկացիայի մի գործընթաց է, որը խիստ կարևոր է մեր ժամանակահատվածում:
Հանրային խորհրդի քաղաքացիական հասարակության ինստիտուտների հանձնաժողովի նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը, ով տարիներ շարունակ մշտապես դասախոսում է դպրոցում, շնորհավորելով շրջանավարտներին դիպլոմներ ստանալու առիթով շեշտեց, որ ինքը ոչ միայն դասախոսել է, այլև շատ բան է սովորել.
– Հիշեցնելով Կոնֆուցիոսի խոսքերը, որ առանց մտածելու սովորելն անօգուտ է, առանց սովորելու մտածելն անիմաստ է , ուզում եմ շարունակել այսօրվա առիթին դրանք հարմարեցնելով ՝ առանց սովորելու և մտածելու ակտիվությունը վտանգավոր է: Այսօրվա հանդիպման, ինչպես նաև սրան նախորդող բոլոր միջոցառումների մեծագույն առաքելությունը տեսնում եմ իրականում կարող ուժերի ակտիվացման մեջ:
Կարինե Պետրոսյան
P.S. Դպրոցի շրջանանվարտների հետ WomenNet.am- ի զրույցները հաջորդիվ
Դիտումների քանակը` 5375