Կանանց իրավունքներով զբաղվող ՀԿ-ներ. «Պահանջում ենք Ռուբեն Հայրապետյանի հրաժարականը»
«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան» իր մտահոգությունն է հայտնում ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի կողմից վերջերս հնչեցված հայտարարությունների առնչությամբ` դատապարտելով, մասնավորապես, «հայ տղամարդն ու հայ կինը չպետք է հավասար լինեն», «դա նորմալ չի», «հայ տղամարդը իր աղջկան չի տանի ֆուտբոլի» սեքսիստական բնույթի արտահայտությունները:
Վերոնշյալ հայտարարությունները դեմ են և խախտում են ՀՀ Սահմանադրության 14.1, ՖԻՖԱ-ի Ստատուտի 3, ՖԻՖԱ-ի վարքագծի կանոնադրության 23 հոդվածները, ինչպես նաև Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվեցիայի, «Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին» օրենքի դրույթները:
ՀՀ Սահմանադրության 14.1 հոդվածը արգելում է խտրականությունը, ի թիվս այլոց, սեռի հատկանիշով:
ՖԻՖԱ-ի Ստատուտի 3 հոդվածը խստորեն արգելում է որևէ անհատի կամ անձանց խմբի դեմ խտրականությունը, ի թիվս այլոց, սեռի հիմքով` դրա համար որպես պատժամիջոց նախատեսելով ՖԻՖԱ-ի անդամակցության կասեցումը կամ դադարեցումը:
ՖԻՖԱ-ի վարքագծի կանոնադրության 23 հոդվածը արգելում է անհատի կամ անձանց խմբի արժանապատվության արատավորումը խտրական արտահայտություններով , ի թիվս այլոց, սեռի հիմքով:
«Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին» օրենքը արգելում է գենդերային խտրականությունը, որի թվին է դասվում գենդերային կարծրատիպերի վերարտադրությունը զանգվածային լրատվությամբ, կրթության եւ մշակույթի միջոցով, այնպիսի պայմանների հաստատումը, պահանջների ներկայացումը, որոնք առաջացրել են կամ կարող են առաջացնել բացասական հետեւանքներ` որոշակի սեռի անձանց վնաս պատճառելու ձեւով (6-րդ հոդված 3 մաս):
Այսպիսով`Ռուբեն Հայրապետյանը, հանդիսանալով ՖԻՖԱ-ի անդամ հանդիսացող ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ, բացահայտորեն խախտել և արհամարհել է ՖԻՖԱ-ի վարքագծի կանոնադրությունը, ՖԻՖԱ-ի Ստատուտը, ՀՀ Սահմանադրությունը` ակնհայտ խտրական և կանանց արժանապատվությունը արատավորող արտահայտություններ հնչեցնելով: Հաշվի առնելով վերը նշված հանգամանքները, այդ թվում ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի ՖԻՖԱ-ում անդամակցության կասեցման կամ դադարեցման վտանգը` պահանջում ենք պարոն Հայրապետյանի հրաժարականը:
Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.
Կանայք հայ ֆուտբոլում անելիքներ չունե՞ն
«Ես ինձ վիրավորված կզգամ, որ հաղթեմ կնոջը»…
Կինը՝ «նիխտ պոլիտիկ». Ռուբեն Հայրապետյանը` սեքսիստ
Դիտումների քանակը` 3829