Կանանց իրավունքները` ժողովրդավարության եւ մարդու իրավունքների շրջանակից դո՞ւրս են…

Այս հարցն առաջացավ, երբ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը  մերժեց  որոշ հասարակական կազմակերպությունների դիտորդական առաքելություն իրականացնելու  դիմումները՝ ժողովրդավարության եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերը կանոնադրության մեջ  ներառված չլինելու  պատճառաբանությամբ:

 

Մասնավորապես, ԿԸՀ-ն նշյալ պատճառով մերժել էր “Մեղրու կանանց ռեսուրս կենտրոն” ՀԿ-ին, իսկ “Մարտունու կանանց համայանքային խորհրդ” ՀԿ-ի դիմումն ընդունվել է միայն համապատասխան կանոնադրական փոփոխություններից հետ:

 

Նշենք, որ ՀՀ Ընտրական օրենսգրքի  համաձայն, դիտորդական առաքելություն իրականացնելու իրավունք ունեն այն հասարակական  կազմակերպությունները, որոնց կանոնադրական խնդիրները ներառում են ժողովրդավարության եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցեր: Եթե նման ձեւակերպումը բացակայում է , ապա այդ հանգամանքը ԿԸՀ-ին իրավունք է վերապահում մերժել դիմումը:

 

WomenNet.am – ը դիմեց ԿԸՀ իրավաբանական վարչություն պարզելու համար՝ արդյո՞ք կանանց իրավունքների պաշտպանությունը չի տեղավորվում ժողովրդավարության եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի շրջանակում:

 

« Մենք ունենք Իրավական ակտերի մասին ՀՀ օրենքը, որը պարզաբանում է տալիս, ինչպես պետք է կիրառել “եւ” ու “կամ” շաղկապները,  եթե  նրանք առկա են իրավական ակտում: Մասնավորապես, Ընտրական օրենսգրքի «ժողովրդավարության եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցեր» ձեւակերպման  մեջ « եւ»  շաղկապի հետ կապված երկու պայմանների  առկայությունը պարտադիր է », –  մեկնաբանեց Նունե Հովհաննիսյանը:

 

Նրա խոսքով, կազմակերպությունների կանոնադրութունն ուսումնասիրելիս ԿԸՀ-ն չի նայում, թե  այնտեղ  “կանանց”,  “երիտասարդների”  կամ այլոց իրավունքների պաշտպանությունն է նշված: “ԿԸՀ-ն պարտադիր նայում է, որ կանոնադրական խնդիրներում լինի «ժողովրդավարության եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցեր» ձեւակերպումը» ,- պարզաբանեց մեր զրուցակիցը, հավելելով,  որ մերժում ստացած կազմակերպությունների կանոնադրության մեջ բացակայել է օրենքի պարտադիր պահանջը, ուստի ԿԸՀ որոշումն իրավաչափ է:

 

Նշենք, որ կանանց իրավունքներով զբաղվող նշված կազմակերպությունները   ԿԸՀ-ի  որոշումը չեն վիճարկել, իսկ “Մարտունու կանանց համայանքային խորհուրդ” ՀԿ-ն` կանոնադրական համապատասխան  լրացումից հետ ի վերջո  հավատարմագրվել է:

 

Հիշեցնենք, որ մայիսի վեցի խորհրդարանական ընտրությունների ընթացքում դիտորդական առաքելություն կիրականացնեն 54  տեղական եւ 11միջազգային կազմակերպությաններ համապատասխանաբար, 31451 տեղական  եւ 647 միջազգային դիտորդներով:

 

Մարիաննա Ղահրամանյան

Դիտումների քանակը` 4176

Գլխավոր էջ