Ընտանիքն ու աշխատանքը. համատեղելու հնարավորություններ
Դպրոցները փակվելուն պես աշխատող շատ ծնողներ կանգնում են բարդ խնդրի առաջ: Ո՞ւմ խնամքին թողնել երեխաներին: Նորից սկում են հնարավոր ու անհնար տարբերակներ առաջ քաշել, քննարկել: Ի վերջո, քննարկումներն ավարտվում են կամ մայրիկի երկարատև արձակուրդ վերցնելով, կամ երեխային ծնողներից հեռու՝ տատիկ-պապիկների կամ էլ այլ բարեկմանրի տուն ուղարկելով: Ճամբարի տարբերակն էլ կա, բայց այն վճարովի է և ի վերջո երեք ամիս երեխան ճամբարում մնալ չի կարող չէ՞:
Մինչ դպրոցահասակ դառնալն էլ աշխատող մայրիկներն ու հայրիկները երկար փնտրտուքների մեջ են: Առաջին հարցերից մեկը որտե՞ղ կա երկարօրյա դպրոց: Հիմա Երևանում նման ուսումնական հաստատություններն ավելացել են, սակայն մեծ մասամբ վճարովի են՝ ամսական մինչև 110 հազար դրամ:
Ի՞նչ են պատմում կանայք
Արմինեի դուստրը սեպտեմբերին 2-րդ դասարան կհաճախի: Մեկ տարվա ընթացքում արդեն երկու դպրոց է փոխել: «Սկզբում որոշեցի վճարովի դպրոց տանել, որտեղ նաև դասապատրաստում կանեն: Աշխատանքից հետո՝ երեկոյան երեխան էլ է հոգնած լինում, ես էլ, ավելի լավ կլինի զրուցենք, դասերը ստուգենք: Ընթացքում հասկացա, որ չեմ հասցնում վարձը վճարել: Ստիպված սկսեցի անվաճար երկարօրյա դպրոց փնտրել»,- WomenNet.am-ին պատմեց Արմինեն:
Անվճար դպրոցում երեխային ավելի քիչ են պահում՝ մինչև ժամը 15-ը: Մայրն աշխատանքը վերջացնում է ժամը 19-ին: Ստիպված ամսական որոշակի գումար է տալիս հարևանուհուն, որպեսզի երեխային դպրոցից տուն բերի, կերակրի, մինչև ինքը տուն հասնի: Մինչ դպրոցն գնալը Արմինեն մանկապարտեզի հարցում էր փնտրտուքների մեջ ու խնդիրների առաջ:
«Ես միայնակ մայր եմ, միակ աշխատողը: Աշխատանքից հրաժարվելու իրավունք չունեմ: Ում ասես չեմ խնդրել, որ երեխայիս մանկապարտեզից վերցնեն: Դեպքեր են եղել, որ աշխատանքից ես եմ շուտ դուրս եկել, երեխային վերցրել ու վերադարձել աշխատանքի»,-պատմում է նա:
Երեխայի հիվանդության պատճառով աշխատանքի չգնալը, շաբաթ օրերը երեխայի հետ աշխատանքի գնալը, երեխային մանկապարտեզից վերցնելու համար մի քանի անգամ շուտ դուրս գալը բացասաբար են անդրադառնում մասնագիտությամբ հաշվապահի կարիերայի վրա: Երբ ընկերությունը, որտեղ Արմինեն աշխատում էր, վերաձևավորվում էր, ընթացող կրճատումների հետևանքով առաջին տուժողներից մեկն է դառնում:
«Հետո ես սկսեցի փնտրել այնպիսի պայմաններով աշխատանք, որպեսզի երեխային ինքս կարողանամ վերցնել դպրոցից: Բայց կիսատ աշխատանքային օրով գործ այդպես էլ չգտա»,-ասում է կինը:
Մեկ ամիս տևած փնտրտուքներից հետո Արմինեն կարողանում է նոր գործ գտնել՝ աշխատանքը վերջացնում է ժամը 18-ին: Երեխային էլի պահող, խնամող ու դաս սովորեցնող է պետք:
«Ես զարմանում եմ, ինչու է մանկապարտեզում աշխատանքն ավարտվում է 16:30-17:00, երբ երեխաների մեծ մասի ծնողներն աշխատանքն ավարտում են 18-18:30: Կամ գոնե լինեն պետական երկարօրյա դպրոցներ, որոնք քիչ թե շատ կթեթևացնեն ծնողների հոգսերը»,-մտահոգություններն է հայտնում նա:
Հայկուհու ընտանիքում բոլորն աշխատում են՝ ինքը, ամուսինը, սկեսրայրը, սկեսուրը: Երկու երեխա ունի:
«Մեկ տարի ֆիզարձակուրդում մնալուց հետո գործատուն անընդհատ կանչում էր: Պատասխանատու գործ է, տեսնում էր, նորեկները չեն կարողանում հասցնել: Հասկանում եմ իրեն, բայց ո՞ւմ խնամքին թողնեմ մեկ տարեկան երեխայիս»,-պատմում է Հակուհին:
Ի վերջո տատիկն ընդառաջում է, աշխատանքից դուրս գալիս, որ թոռնիկներին պահի:
«Ծնված օրվանից երեխայիս հերթագրել եմ՝ մանկապարտեզ ընդունվելու համար: Հիմա փոքրիկս 2.6 տարեկան է, մանկապարտեզ չեն ընդունում, ասում են, դեռ հերթը չի հասել, երեք տարեկանից ենք ընդունելու: Տատիկն ու պապիկը վազում են երեխաների հետևից, պապիկը մեծին դպրոցից բերում է, էլի աշխատանքի գնում, շատ անգամներ ուսուցչին ենք խնդրել, որ մոտեցնի տաքսիին ու տուն ճանապարհի, մի քանի անգամ ամուսինս է գործից դուրս եկել, որ երեխային դպրոցից տուն հասցնի»,-ասում է նա:
Այս պայմաններում երեխաներին չեն կարողանում երգի, պարի, լողի կամ էլ մեկ այլ խմբակ տանել: Երիտասարդ զույգն այս պայմաններում երրորդն ունենալու մասին չի էլ ուզում լսել:
«Գիտեք, եթե լինեն 1-2 տարեկան երեխայի խնամքի կենտրոններ, թեկուզ վճարովի, կարելի է մտածել, բայց այս պարագայում պետությունը աշխատող ծնողների համար որևէ հարմարություն չի ստեղծում, բայց չէ որ նրանց վճարած հարկերից էլ է բյուջեն լցվում»,-նկատում է երիտասարդ կինը:
Ի՞նչ են փաստում հետազոտությունները
Հայաստանում ընտանիքակենտրոն քաղաքականության բացակայությունը ստիպում է երիտասարդ մայրերին կամ հրաժարվել առանց այդ էլ մեծ դժվարությամբ ձեռք բերած աշխատանքից, կամ էլ, լավագույն դեպքում, աշխատել կես դրույքով: Սրա մասին են վկայում նաև Օքսֆամի և «ՕքսԵՋեն» հիմնադրամի «ՀԱՎԱՍԱՐ» քարոզարշավի շրջանակներում ԵՊՀ Գենդերային հետազոտությունների և առաջնորդության կենտրոնի կողմից իրականացված «Կանանց և տղամարդկանց տնտեսական գործունեությունը Հայաստանում» հետազոտության տվյալները:
Այսպես. 2010-2014 թվականների տվյալների համաձայն՝ կանայք Հայաստանում առավելապես ներգրավված են աշխատաշուկայում ոչ լրիվ աշխատանքային օրով: «Այս միտումը գնալով ավելի է խորացել. կանայք նշված ժամանակահատվածում գնալով ավելի շատ են ներգրավվել աշխատաշուկայում ոչ լրիվ աշխատանքային օրով. 2010-2014 թվականների ընթացքում այս ցուցանիշը 58.2%-ից դարձել է 63.4%»,-նշված է զեկույցում:
Զեկույցի հեղինակները փաստում են, ոչ լրիվ աշխատանքային օրով աշխատող ամուսնացած կանանց թիվը գերազանցում է նույն կարգավիճակ ունեցող տղամարդկանց թվին (2013 թվականի տվյալների համաձայն՝ կանանց 58.4% է զբաղված ոչ լրիվ աշխատանքային օրով՝ տղամարդկանց ՝ 41.6%-ի համեմատությամբ):
Հետազոտության արդյունքում պարզ է դարձել, որ երբևէ չամուսնացած, այրի և ամուսնալուծված կանայք ավելի շատ են զբաղված լրիվ աշխատանքային օրով, քան ամուսնացած և համատեղ ապրող կանայք:
Ուսումնասիրողներն ընդգծում են, որ 2014 թվականին, ըստ ՀՀ վիճակագրական տվյալների, ընտանեկան հանգամանքների պատճառով գործազուրկ են եղել միայն կանայք (100%):
Հատկանշական է, որ կանայք տնտեսապես ակտիվ են 45-49 և 50-54 տարիքային խմբերում՝ ի տարբերություն տղամարդկանց: Դա նույնպես ապացուցում է, որ երիտասարդ կանայք ՝ հնարավորություն չունենանլով համտեղելու աշխատանքն ու փոքր երեխաների խնամքը դուրս են մղվում աշխատանքի շուկայից:
Ըստ Ասիական զարգացման բանկի 2015 թվականի գնահատման տվյալների՝ բարձրագույն կրթությամբ կանայք դառնում են գործազուրկ թե´ վերջիններիս որակավորման՝ աշխատաշուկայի պահանջներին չհամապատասխանելու պատճառով և թե այն պատճառով, որ ամուսնանալով կանգնում են ընտանիքի եւ աշխատանքի համատեղման խնդրի առջեւ:
Հ. Կարապետյան
Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.
Տղամարդիկ ընտանիքը պահողներն են, իսկ կանա՞յք
Այսուհետ Ձեր դայակի համար կվճարի պետությունը
Ճապոնական ընկերությունները սկսել են թույլ տալ աշխատակիցներին իրենց երեխաներին բերել գրասենյակ
«Պահանջվում են մինչև 25 տարեկան, բարետես աղջիկներ….»
Հայաստանի կանայք աշխատանքի շուկայում. խոչընդոտների եւ արգելքների արանքում
Աշխատող մայրերն ունենում են ավելի հաջողակ դուստրեր և ավելի հոգատար որդիներ
Կանանց ու տղամարդկանց հավասարությունն և ժողովրդագրությունը
Հավասար հնարավորությունների քաղաքականություն – ի՞նչ է դա նշանակում
«Այնպիսի պայմաններ ստեղծել, որ մարդիկ ցանկանան ավելի շատ երեխաներ ունենալ»…
Ծնելիությունը խթանելու համար անհրաժեշտ է լուծել նաև մանկապարտեզների հարցը
Զուգահեռներ. Ճապոնիան մշակել է երկրում ծնելիության աճը խթանելու ծրագիր
Երկու և ավելի երեխա ունեցող ուսանողների ուսման վարձը սեպտեմբերից փոխհատուցվելու է
«Ամեն ընտանիքում մեկ նոր զավակ, մեկ նոր մանուկ». Խ.Սուքիասյանի առաջարկը
Չաշխատող կանայք հունվարի 1-ից մայրության նպաստ կստանան. կարգը հաստատվեց / լրացված
Ինչպես խրախուսել բազմազավակությունը
Ժողովրդագրական մարտահրավերներ՝ ինչպե՞ս դիմակայել
Փորձագետ. «Ծնելիությունը պետք է խթանել երկրորդ երեխայից սկսած »
«Կառավարության կողմից սահմանված ծննդյան միանվագ գումարների չափերը տարօրինակ են»
Բազմազավակ ընտանիքները աղքատության ճիրաններում
Երիտասարդ սերնդի խնդիրները Հայաստանում
«Չէիք կարող պահել, չունենայիք, ո՞ւմ հույսով եք ունեցել»…
Որտեղի՞ց գտնել 2,4 մլրդ. դրամը նորաստեղծ ընտանիքների համար
Դիտումների քանակը` 3836