Կանայք դեռևս բախվում են գենդերային նախապաշարմունքների ազդեցությանը՝ հատկապես աշխատավայրում
Ամբողջ քաղաքակիրթ աշխարհը ճանաչում է կանանց և տղամարդկանց հավասարությունը: Անթույլատրելի է խտրականությունը որևէ հիմքով: Յուրաքանչյուր պետություն պետք է համապատասխան պայմաններ ստեղծի, որպեսզի հասարակական կյանքի բոլոր ոլորտներում ապահովի կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը:
Այս անհավասարությունները առաջանում են մի շարք գործոնների արդյունքում, որոնց շարքին է դասվում դեռևս հին ժամանակներից եկող այն կարծիքը, որ կանայք <<թույլ սեռ են>>, ուստի նրանց ուժերից վեր է որոշ մասնագիտություններում հաջողության հասնելը: Այս թյուր կարծիքը կարելի է չեղարկել համապատասխան լավ կադրերի կրթությամբ և վերապատրաստմամբ: Սեռերի միջև գենդերային հավասարությունը հանդիսանում է սուր խնդիր նույնիսկ ժամանակակից հասարակության մեջ: Շատերի կարծիքով այս խնդիրը անցյալի ժառանգությունն է, բայց պրակտիկան ցույց է տալիս հակառակը, օրինակ, ժամանակակից շատ մասնագիտություններում աշխատակիցների ճնշող մեծամասնությունը արական սեռի անձինք են, հատկապես ՏՏ մասնագետների շրջանում: Ահա՛ և գենդերային նախապաշարմունքներ, մանավանդ, որ աշխատանքը հիմնականում նստակյաց է և դարբնի մուրճի հարվածներ չի պահանջում, բացի այդ, կանայք շատ դեպքերում նույնիսկ ավելի կարգապահ և կազմակերպված են, ինչի շնորհիվ էլ հասնում են հաջողության տղամարդկանց միջավայրում: Երբ գոյություն ունեն գենդերային կարծրատիպեր և նախապատվություններ, ապա աշխատավայրը կարող է դառնալ շատ լարված, հատկապես, եթե անձը չի տեղավորվում ընդհանուր գենդերային հնարավորությունների շրջանակներում, ոլորտներում: Արևմուտքի զարգացած երկրներում սեռերի իրավահավասարության խախտման դեպքում գործատուին կարող են ներկայացվել հայցեր, պահանջներ: Գենդերային կարծրատիպերի առկայությունը կարող է նույնիսկ զգացվել աշխատանքի ընդունվելիս հարցազրույցների անցկացման ընթացքում: Առավել հաճախ նման դեպքերում կարող են դրսևորվել տղամարդկանց և կանանց հարցազրույցի անցկացման տարբեր ձևեր: Օրինակ, կանանց սովորաբար տրվում են նմանատիպ հարցեր. <<Դուք ունե՞ք երեխաներ>>, կամ <<Ունե՞ք ծրագրեր ապագայում երեխաներ ունենալու հետ կապված>>: Այդ երկու հարցերն էլ ունեն զրոյական ազդեցություն աշխատակցի աշխատանքի որակի վրա: Ընտանեկան կամ անձնական կյանքի հարցերը պետք է դուրս լինեն նախասիրության սահմաններից, որոշ դեպքերում նրանք պարզապես անօրինական են: Յուրաքանչյուր կին ունի կամ պլանավորել է ունենալ երեխաներ, և դա իր մասնագիտական հմտությունների վրա ոչ մի ազդեցություն չի ունենում: Հնարավոր է, որ երեխաների առկայությունը տղամարդկանց պրոֆեսիոնալիզմի և ինքնանվիրման վրա ավելի շատ ազդեցություն է ունենում: Անթույլատրելի են դեպքերը, երբ նախապատվություն է տրվում կամ առավել ևս, երբ աշխատակցին աշխատանքից հեռացնում են հատկացվող արձակուրդի ժամանակ կնոջ հղիության կամ ծննդաբերության ընթացքում:
Եվս մեկ գենդերային խնդիր է ենթակաների հետ շփումը: Արդյո՞ք ղեկավարների կողմից տարբեր շփման ձևեր են ընտրվում տղամարդ և կին աշխատակիցների հետ հաղորդակցության համար: Նախընտրելի է համարվում գենդերային չեզոք խոսակցական ոճի ընդունումը:
Աշխատավայրում կանանց անհավասարության հիմնախնդրի հետ սերտորեն կապված է ևս մեկ հիմնախնդիր, այն է «Ապակե առաստաղի» երևույթը: «Ապակե առաստաղ» եզրույթը գործածվել է կանանց կողմից իրենց իրավունքների պայքարի համար, երբ ծառայողական առաջխաղացումը կամ կարիերային սանդուղքը հանգում է անտեսանելի խոչընդոտների, ոչնչով չի բնութագրվում, միայն գենդերային կարծրատիպերով կամ նախապատվություններով: Գործատուն իրեն պետք է հարց տա, արդյո՞ք կազմակերպության տղամարդ և կին աշխատակիցները կարող են հավասարապես բարձրանալ կարիերային հնարավորությունների աստիճանով: Եթե ոչ, ապա ինչու՞: Կա՞ն արդյոք բավարար պատճառներ ապակե առաստաղի հաստատման համար: Յուրաքանչյուր աշխատակից, անկախ իր սեռից, պետք է ունենա հավասար հնարավորություններ, տղամարդիկ և կանայք պետք է կարողանան հասնել ցանկացած կարիերային փուլի, երբ հաշվի առնվեն միայն նրանց հմտությունները և մասնագիտական հատկանիշները:
Դիրքորոշման կողմնակալություն: Գենդերային անհավասարության ևս մեկ մակարդակ է: Օրինակ, համարվում է, որ կանայք ավելի հարմար են քարտուղարի կամ ընդունարանի աշխատանքի համար, որը ոտնահարում է տղամարդկանց իրավունքները տվյալ պաշտոնում: Իսկ ահա´, ընկերության առաջին գծի անվտանգության ծառայությունում նախապատվությունը տրվում է տղամարդկանց, որը ոտնահարում է արդեն կանանց իրավունքները: Այս տեսակի գենդերային կանխակալությունները գերակշռում են բոլոր տեսակի բիզնեսներում: Խորհուրդ է տրվում չհետևել սահմանված կարծրատիպերին, հակառակ դեպքում ընկերությունները կարող են բաց թողնել տվյալ աշխատանքի համար դիմած առավել տաղանդավոր և որակավորված դիմորդներին: Մեզ մոտ խնդիրը մի-փոքր այլ է. ընտանեկան պարտականությունների, ձևավորված և տարածված կարծրատիպերի և կարծիքների համաձայն՝ Հայաստանում կինը, որպես կանոն, չի բարձրաձայնում իրեն հուզող խնդիրները: Տարբեր վիճակագրական տվյալների համաձայն` Հայաստանի բնակչության 50 %-ից ավելին կանայք են: Բարձրագույն կրթություն ստացողների 60 %-ը կազմում են կանայք: Կանանց թիվը հատկապես մեծ է մանկավարժության, արվեստի և առողջապահության ոլորտներում: Սեռային անհավասարության խնդիրը կարելի է լուծել, բայց կարիք չկա դրա համար առանձնանալ և ստեղծել կանանց միություններ, այլ պետք է այս գործընթացում ներգրավել նաև տղամարդկանց, որպեսզի նրանք հասկանան և գիտակցեն խնդրի բուն էությունը և բացասական ազդեցությունները ոչ միայն կանանց, այլև՝ տղամարդկանց վրա:
Վերջին տարիներին Հայաստանում կանանց և տղամարդկանց միջև գոյություն ունեցող տարբերակված մոտեցումները նվազելու միտում ունեն: Կանայք այսօր ավելի ազատ են թե՛ հագուստի, թե՛ վարքի, թե՛ մտածելակերպի առումով: Հայաստանում կինն ու տղամարդը ունեն, թեկուզ ոչ բացահայտ, սակայն անհավասար վիճակ, ինչպես անձնական, այնպես էլ հասարակական կյանքում` կապված կարծրատիպային մտածողության և գենդերային խնդիրների ոչ ճիշտ ընկալման հետ: Ճիշտ է, հավասարությունը չի կարող լինել բացարձակ, բայց խոսելով հավասարության մասին` պետք է նկատի ունենալ իրավահավասարության սկզբունքը և հավասար հնարավորությունների առկայությունը: Ստացվել է այնպես, որ կրթական ոլորտում կինն ունի բացահայտ առավելություն տղամարդու նկատմամբ, այպես օրինակ վերջին 20 տարիների ընթացքում ՀՀ ԲՈՒՀ-երի շրջանավարտների շրջանում կանանց թիվը ավելի մեծ է, քան տղամարդկանց, որպես դրա հետևանք կին աշխատակիցները ավելի կրթված են, քան տղամարդիկ, սակայն նրա այդ առավելությունը չի գնահատվում, և պետական և մասնավոր ղեկավար պաշտոնները հիմնականում զբաղեցնում են տղամարդիկ: Այս առումով մեծ խտրականություն է դրվում երկու սեռերի միջև, իսկ կնոջ և տղամարդու հավասարությունը կարևոր է առողջ ընտանիքի ստեղծման համար: Հետազոտությունները փաստում են նաև, որ ՀՀ-ում, նախորդ տարիների համեմատ, գենդերային բռնության, այդ թվում` ընտանեկան բռնության հիմնախնդիրն ավելի է սրվել: Աղքատության բարձր մակարդակը, գենդերային կարծրատիպերը, գենդերային զգայունության անբավարար մակարդակը, գենդերային իրավահավասարության ապահովման և գենդերային բռնության կանխարգելման ազգային մեխանիզմների թույլ կարողությունները այն գործոններն են, որոնք նպաստում են գենդերային բռնության բարձր մակարդակին և վերջինիս հետագա աճին:
Իմ կարծիքով` Հայաստանում սխալ են հասկանում գենդերային հավասարություն հասկացությունը: Մասնավորապես հայ տղամարդիկ կարծում են, որ եթե հաստատվեց գենդերային հավասարություն ընդունվեց համապատասխան օրենք, ապա վերջ, կինը սկսելու է իշխել, ղեկավարել: Իրականում գենդերային հավասարությունը ենթադրում է, որ կինը կարող է հասարակական գործունեություն ծավալել, քաղաքականությամբ զբաղվել, այսինքն` զուտ կանանցի հարցերից ընտանեկան և խնամքի պարտականություններից զատ, կինը կարող է ինքնահաստատվել բազմաթիվ այլ ոլորտներում, ինչը բնականոն երևույթ է եվրոպական երկրների համար:
Մանանա Մարտիրոսյան
Հ.Գ. Նյութը ներկայացված է «Կանայք աշխատանքի շուկայում. բացահայտե՛նք խոչընդոտները» թեմայով մրցույթին:
Դիտումների քանակը` 2184