Կանայք ավելի շա՞տ են դիմում ինքնաբացարկի
Ինքնաբացարկի ինստիտուտը կանանց մասով աշխատել է հիմնականում համայնքի ղեկավար առաջադրված թեկնածուների դեպքում: ԿԸՀ տվյալներով` սեպտեմբերի 18-ին և հոկտեմբերի 2-ին կայացած ընտրություններում որպես համայնքի ղեկավար ի սկզբանե առաջադրվել է 59 կին, ինքնաբացարկներից հետո մնացել են 26-ը, ընտրվել` միայն 9-ը: Ընդ որում` ընտրված կանանցից 7-ը վերընտրվել են:
Դիտարկումները ցույց են տալիս, որ կանայք ավելի շատ են դիմում ինքնաբացարկի: Այսպես, սեպտեմբերի 18-ին ընտրություններում որպես համայնքի ղեկավարի թեկնածու գրանցված 548 քաղաքացիներից 140-ը ներկայացրել են ինքնաբացարկի դիմում, այսինքն` մեկ քառորդը, ընդ որում, համայնքի ղեկավար առաջադրված 21 կանանցից ինքնաբացարկ են հայտնել 11-ը, այսինքն` կեսը:
Ի դեպ, ինքնաբացարկների արդյունքում համայնքի ղեկավար ընտրող 237 համայնքներից 125-ում քվեարկվել է մեկ թեկնածու, այսինքն` ակնհայտ է, որ ինքնաբացարկի դիմած քաղաքացիներից առնվազն 125-ը ի սկզբանե «ոչ ռեալ» թեկնածուներ էին, այսինքն` ովքեր առաջադրվել էին իրենց բարեկամի կամ վերադասի գրանցումն ապահովելու նպատակով, քանի որ օրենքն արգելում էր մեկ թեկնածուով ընտրությունները: Ի դեպ, ինքնաբացարկ հայտնած կին թեկնածուները հիմնականում գյուղապետարանների և համայնքային կառույցների շարքային աշխատողներ են եղել: Նման դեպքերն անշուշտ չեն նպաստում կանանց առանց այդ էլ ցածր քաղաքական վարկանիշի բարձրացմանը` հանրային կարծիքում ևս մեկ անգամ ամրագրվելով, որ կանայք լուրջ մրցակից չեն, որ նրանք ղեկավարվող են, ինքնուրույն հանդես գալու և ինքնուրույն որոշումներ ընդունելու ունակ չեն: Ճիշտ են ասում, որ կանայք, մտնելով քաղաքականության մեջ, սկսում են պատասխանատվություն կրել ոչ միայն իրենց սեփական արարքների համար, ինչպես դա տեղի է ունենում տղամարդկանց դեպքում, այլև իրենց ողջ սեռի:
Նշենք, որ ավագանու թեկնածուների դեպքում ինքնաբացարկի դիմած կանանց և տղամարդկանց համամասնությունը գրեթե նույնն էր:
Դիտումների քանակը` 2042