ՏԻՄ – ընտրություններ. կին- թեկնածուները 10% են կազմում

Սեպտեմբերի 9-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում համայնքի ղեկավարի պաշտոնի համար պայքարող թեկնածուներից միայն  5%-ն են կանայք, իսկ ավագանիի կազմում ընդգրկվելու համար առաջադրվածների  10%-ն են կին:

 

 

ԿԸՀ հաղորդմամբ  սեպտեմբերի 9-ին ՏԻՄ ընտրություններ կանցկացվեն 535 համայնքներում, որոնցից 397-ում` համայնքի ղեկավարի, իսկ 454-ում` ավագանու խորհրդի ընտրություններ: Ի սկզբանե առաջադրվել էր 5201 թենկածու,  որոնցից 412-ն ինքնաբացարկ է հայտարարել: Ի դեպ, կանանց թիվը ցուցակներում հատկապես նվազել է ինքնաբացարկների պատճառով: Դրանք մեծ տոկոս են կազմում համայնքի ղեկավարի դեպքում: Այստեղ առաջադրված կանանց մոտ 35% հրաժարվել է հետագա պայքարից:  Ի տարբերություն ավագանու, որտեղ կանանց ինքնաբացարկների թիվը  մոտ 6% է կազմում:

 

 

Համայնքների ղեկավարների պաշտոնների համար կպայքարի, ընդհանուր առմամբ, 716 թեկնածու, իսկ ավագանու խորհրդի անդամության համար` 4073 թեկնածու:

 

 

ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանի դիտարկմամբ առաջիկա տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում կանանց ակտիվությունը նկատելի է ու այդ իմաստով տարբերվում է նախորդ ընտրություններից :

 

«Եթե մենք նայում ենք 2008թ-ի ՏԻՄ ընտրությունները նույն համայնքներում և համեմատում ենք այսօրվա թվերի հետ, ապա թեկնածուների մասնակցության իմաստով թվերը գրեթե նույնն են` չնչին շեղումներ կան` շուրջ տասնյակ թեկնածուների տարբերությամբ: Բայց կանանց ակտիվության առումով իրավմամբ ունենք ակտիվություն եւ այն նկատելի է»,- ասաց ԿԸՀ նախագահը  WomenNet.am-ի հետ զրույցում :

 

 

Մասնավորեցնելով թվային այդ պատկերը, Տիգրան Մուկուչյանը տեղեկացրեց, որ գրանցված թեկնածուների թվում կանայք ակտիվ են թե’ համայնքի ղեկավարի պաշտոնին հետագայում տնօրինելու հավակնություններում, թե’ ավագանու անդամ լինելու առումով:

 

 

Այդպես, գրանցված 5201 թեկնածուներից համայնքի ղեկավարի պաշտոնի համար պայքարում է 683 տղամարդ և  33 կին, իսկ ավագանու անդամության համար` 3657 տղամարդ և 416 կին:

 

 

«Ես կարծում եմ, որ այս ակտիվությունը կբերի նաև նրան, որ առաջիկայում ՏԻՄ-երում, նաև համայնքի ղեկավարի պաշտոններում կանայք ավելի շատ ներկայացված կլինեն »,- հավելեց Տիգրան Մուկուչյանը:

 

 

Ըստ ժամանակացույցի  ՏԻՄ –ընտրություններ կանցկացվեն նաեւ սեպտեմբերի 23-ին: Առաջադրված թեկնածուների թվում կանանց համամասնությունը գրեթե նույնն է, ինչ սեպտեմբերի 9-ին կայանալիք ընտրություններում:

 

 

Նշենք , որ  նորանկախ Հայաստանի պատմության մեջ մենք երբեւիցե  կին-քաղաքապետ չենք ունեցել և 866 գյուղական համայնքներից էլ  միայն 24-ն են կանայք ղեկավարում:

 

Էնզելա Մակարյան

 

 

P.S. Այս տարի   ՏԻՄ կենտրոնացված ընտրություններ տեղի են ունեցել փետրվարին և հուլիսին, իսկ ապրիլին, մայիսին, հունիսին և օգոստոսին մի շարք համայնքներում, կայացել են արտահերթ ընտրություններ: Ընդհանուր առմամբ, 59 համայնքներում, որտեղ արդեն տեղի են ունեցել համայնքի ղեկավարի ընտրություններ, միայն 5-ում են կանայք առաջադրել իրենց թեկնածությունը: Ընտրվել էր միայն մեկը՝ Մարինե Խռոյանը  Դաշտադեմ համայնքից ( Լոռի մարզ):

Ավագանու անդամի ընտրություններ տեղի են ունեցել 15 համայնքներում: Առաջադրված 136 թեկնածուներից 19-ը կանայք են, որոնցից 10-ը ընտրվել են ավագանու անդամ:

 

 

 

Դիտումների քանակը` 5320

Գլխավոր էջ