Կանայք աշխարհի խորհրդարաններում միջինում 20,3 տոկոս են կազմում
Միջխորհրդարանական միությունը ներկայացրել է իր հերթական զեկույցը, որը ներառում է աշխարհի խորհրդարաններում կանանց ներկայացվածության 2012թ․ ցուցանիշները։ Զեկույցի շնորհանդեսը տեղի է ունենել ՄԱԿ-ի կանանց կարգավիճակի հանձնաժողովի 57-րդ նստաշրջանին, որն ընթանում է այս օրերին Նյու Յորքում:
Զեկույցը փաստում Է, որ անցած տարի կանայք օրենսդիր իշխանության բարձրագույն մարմիններում զբաղեցրել են տեղերի 20. 3%-ը, 2011-ի` 19.5 տոկոսի փոխարեն:
Նախորդ տարում խորհրդարանական ընտրություններ են անցկացվել 48 երկրում։ Դրանցից 22-ում օգտագործվել են քվոտաներ, որոնք հանգեցրել են օրենսդիր իշխանությունում կանանց թվի ավելացման մինչև 22-24%։ Այնտեղ, որտեղ քվոտաների համակարգը չի կիրառվել, կանայք խորհրդարանական ընտրություններում ստացել են 12% ոչ ավելի։ Հիշեցնենք, որ Հայաստանում 20 տոկոսանոց քվոտայի կիրառման պարագայում կանանց ներկայցվածությունը խորհրդարանում ընդամենը 10,7 տոկոս է:
Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղար Անդրես Ջոնսոնի խոսքով, չնայած իշխանության վերին էշելոններում կանանց ներկայացվածության քվոտաների սահմանման նկատմամբ աշխարհում առկա ոչ միանշանակ վերաբերմունքին՝ այդ համակարգը կարևոր մեխանիզմ է գենդերային հավասարության զարգացման համար, ինչպես նաև ժողովրդավարության կարևոր գործիք է։
Խորհրդարանում կանանց ներկայացվածության ցուցանիշով ՄԱԿ-ի հրապարակած զեկույցում Հայաստանը Կիպրոսի հետ կիսում է 108-րդ հորիզոնականը: Իր 10.7 տոկոսով Հայաստանը հետ է մնում ոչ միայն տարածաշրջանի մյուս երկրներից, այլ ամենացածր ցուցանիշներ ունեցող արաբական ( 15,7 տոկոս) եւ խաղաղաօվկիանոսյան լողավազանի երկրներից (12,7 տոկոս):
Ըստ ՄԱԿ-ի պաշտոնական կայքէջում հրապարակաված աղյուսակի, հարևան Թուրքիան Չիլիի հետ կիսում է 92-րդ տեղը: Թուրքիայի խորհրդարանում 550 պատգամավորներից 78-ը կամ ընդհանուր թվի 14.2 տոկոսը կանայք են:
Վրաստանը` 12 տոկոս ցուցանիշով 103-րդ տեղը կիսում է Սիրայի, Հորդանանի հետ: Վրաստանում 150 պատգամավորներից 18-ը կանայք են: Տարածաշրջանային երկրներից այդ առումով ավելի շահեկան դիրքում է Ադրբեջանը: 85-րդ տեղը զբաղեցնող այդ երկրի խորհրդարանի 125 անդամներից 20-ը կանայք են (16%):
Հարևաններից միայն Իրանն է, որ Հայաստանին է հաջորդում: Հայաստանի հարավային հարևանի խորհրդարանի 290 անդամներից միայն 9-ն են կանայք (3.1 տոկոս):
Ցուցակը եզրափակում են Օմանը, Եմենը, որոնց խորհրդարաններում մեկակակն կանայք կան, դրանց հետևում է Քաթարը, նաուրոն, Պալաուն, որոնց խորհրդարաններում կանայք ընդհանրապես չկան:
Խորհրդարաններում կանանց ներկայացվածության ցուցանիշով առաջատարներն են Ռուանդան` 56.3 տոկոս ցուցանիշով, Անդորրան` 50 տոկոս, Կուբան` 45.2տոկոս, Սեյչելեսը` 44.7 տոկոս, Սենեգալը` 42.7 տոկոս, Ֆինլանդիան` 42.5 տոկոս, Հարավային Աֆրիկան` 42.3 տոկոս: Լավագույն տասնյակը եզրափակում է Իսլանդիան` 39.7 տոկոս ցուցանիշով:
Եվրոպական խորհրդարաններում ընդհանուր առմամբ կանանց ներկայացվածության ցուցանիշները բարձր են միջին վիճակագրականից. 23.2%։ Անցյալ տարի նկատելի առաջընթաց են արձանագրել Սերբիան, որտեղ կին պատգամավորների թիվն ավելացել է մինչև 10%, և Ղազախստանը, որտեղ պատգամավորների շրջանում կանանց թիվ ավելացել է մինչև 8.4%։ Բելառուսում կին պատգամավորների թիվը 5%-ով նվազել է, Նիդեռլանդներում նրանց թիվը նվազել է 2%-ով։
Հ. Կարապետյան
Դիտումների քանակը` 3260