Կանայք աշխատանքի շուկայում. գործատուների պահանջները երբեմն աբսուրդի են հասնում

 

 

Վերլուծելով աշխատանքի տեղավորման գործակալությունների  տվյալները   կարելի է  եզրակացնել՝   այսօր Հայաստանի աշխատաշուկայում առավել պահանջարկ ունեն գրասենյակային, սպասարկման և ծառայությունների ոլորտի (մատուցողուհիներ, վաճառողներ, վարսահարդարներ և այլն), ինչպես նաև առևտրի ոլորտի աշխատողները:

 

Նույն այդ  տվյալները ցույց են տալիս նաև, որ այսօրվա աշխատաշուկայի ամենալուրջ խնդիրը ոչ այնքան աշխատատեղերի սակավությունն է, որքան աշխատանք փնտրողների տարիքը: Առաջարկվող աշխատանքների հայտարարություններից  պարզ երևում է ՝  աշխատանքի տեղավորվելու համար առաջնային պայմանն  է արտաքին տեսքը, էլ չենք խոսում տարիքի մասին՝ երեսունն անց աղջիկը աշխատաշուկայում որպես աշխատուժ սպառվել է:
Իսկ ամենացավալին այն է, որ աշխատանք գտնելուց հետո էլ նրանք  բախվում են հազար ու մի խնդիրների՝ սկսած  առանց աշխատանքային պայմանագրի աշխատանքի վերջացրած սեռական ոտնձգություններով:

 

«Գործատուների պահանջները երբեմն աբսուրդի են հասնում: Պահանջում են 20 տարեկան վաճառողուհիների՝ մի քանի տարվա աշխատանքային փորձով»,- մեզ հետ զրույցում ասաց  աշխատանքի տեղավորման գործակալության աշխատակիցը:   Մյուս կողմից՝  «Մարդիկ, ովքեր ժամանակին բարձրագույն կրթություն են ստացել, աշխատանքային երկարատև փորձ ունեն, այսօր ստիպված են հավաքարար կամ սպասք լվացող աշխատել, քանի որ այլ աշխատանքի նրանց պարզապես չեն վերցնում»,- ասում է  40-ամյաՆարինեն:

 

 

51-ամյա Թամարան մեզ հետ զրույցում պատմեց, որ արդեն 10 տարի աշխատում է հացի փռում: Հազիվ են կարողանում ապրել: «Ամուսինս մահացավ, երբ մեծ տղաս 10 տարեկան էր, փոքրս՝ 7: Դժվարությամբ եմ երեխաներիս մեծացրել, այսօր էլ կաշվիս դուրս գալով նրանց ուսման եմ տալիս: Մի կողմից ասում եմ, որ ամեն ինչ կանեմ, մենակ երեխաներս իրենց նպատակին հասնեն, բայց մյուս կողմից էլ մտածում եմ՝ այս երկրում անիմաստ է ինչ-որ բան անել: Ես էլ բարձրագույն կրթություն ունեմ, մասնագիտությամբ քիմիկ եմ, բայց ո՞ւմ է պետք  այդ մասնագիտությունը. այն  այսօր ինձ ոչինչ էլ չի տալիս», – ասաց Թամարան:

 

 

30-ամյա Մարինեն էլ նշեց, որ մի քանի տարի է, ինչ չի կարողանում աշխատանք գտնել: Մասնագիտությամբ վարսավիր է, սակայն վարսավիրանոցում չի ցանկանում աշխատել: «Աշխատանքի հայտարարությունները շատ են, սակայն պայմանները՝ սարսափելի: Ընդամենը մեկ վարսավիրանոցում եմ աշխատել, բայց որոշել եմ էլ չաշխատել: Նախ աշխատածիս 50 տոկոսը տալիս էի վարսավիրանոցի տիրոջը, ինչը հարմար չէր: Դա ձեռնատու կլիներ այն դեպքում, եթե շատ հաճախորդներ ունենայի: Վարսավիրանոցում աշխատելու ժամանակ օրերով անգործ էի մնում, ունեցած հաճախորդներիս էլ կորցրեցի, քանի որ նրանք չեն ցանկանում վարսավիրանոցում ավելի շատ գումար վճարել: Նրանց հարմար է, որ ես գնամ իրենց տները և 500 դրամով մազ կտրեմ կամ ֆենեմ: Ես այդ քայլին գնում եմ միայն նրա համար, որ գոնե օրվա հացի փող աշխատեմ: Բացի այդ, վարսավիրանոցի տերը ինձ հետ որևէ պայմանգիր չէր կնքում: Ես անօրինական աշխատող էի, ինչը բնականաբար հետագայում լուրջ խնդիր կառաջացներ:  Հիմա աշխատանք եմ փնտրում,  բայց չեմ գտնում: Իհարկե հացի փռում, էլի ինչ-որ արտադրամասերում աշխատանք կա, բայց օրական 1000 դրամ վարձավճարով, ինչը ծիծաղել է»:

 

 

Նշենք, որ պայմանագրերի խնդրին բախվում են հատկապես սպասարկման ոլորտում աշխատող կանայք,  այստեղ կարևոր խնդիրներից մեկը եղել և մնում են աշխատանքային պայմանագրերը: Մեծամասնությունն աշխատում է առանց որևէ պայմանագրի:

 

 

Մեր զրուցակից՝ պասարկման ոլորտում աշխատող 6 կնոջից  միայն մեկն էր  պայմանագրով աշխատում: Երևանի սրճարաններից մեկում մատուցողուհի աշխատող Արմինեն պատմեց, որ մի քանի անգամ գործատուին ասել է, որ պայմանագիր կնքի, սակայն վերջինս պատասխանել է. «Եթե դուրդ չի գալիս, կարող ես դուրս գալ»: Իսկ դուրս գալու տարբերակ չունի, ուսման վարձ է մուծում:

 

 

32-ամյա Գոհարը, ով ավարտել է Ա.Բակունցի անվան մանկավարժական քոլեջը, աշխատանք է գտել հագուստի խանութում, որտեղ աշխատում է առանց հանգստյան օրերի, օրական` 12 ժամ, ամսական վարձատրվելով 70.000 դրամ: «Դրանով հազիվ հասցնում եմ կոմունալ վարձերը մուծել»,- ասում է Գոհարը:  Նա երկար ժամանակ աշխատել է առանց պայմանագրի, ընդամենը երկու ամիս է, ինչ գործատուն պայմանագիր է կնքել:

 

 

WomenNet-ի հետ զրույցում ՀՀ աշխատանքի պետական տեսչության պետ Հակոբ Մանուկյանը նշեց, որ աշխատակիցները երբեմն մատների արանքով են նայում իրենց իրավունքների ոտնահարմանը, քանի որ վախենում են կորցնել աշխատանքը: Ըստ նրա՝  առևտրի, սպասարկման, կրթության, առողջապահության ոլորտներից ամենաշատն են բողոքում, քանի որ այստեղ աշխատավարձը կամ չեն վճարում, կամ առանց հիմնավոր պատճառի աշխատանքից ազատում են, կամ էլ՝ առանց պայմանագիր կնքելու մարդկանց աշխատեցնում են:

 

 

«Իրականում մենք մենթալիտետի խնդիր ունենք: Հասարակությունը այն կարծիքին է, որ ավելի լավ է աշխատանք ունենա, քան առանց աշխատանքի մնա: Իհարկե, դա գալիս է սոցիալական խնդիրներից, բայց հետագայում այդ մարդիկ ավելի լուրջ խնդիրների առաջ կկանգնեն: Ի վերջո և՛ գործատուները, և՛ աշխատողները պետք է հիշեն կենսաթոշակային տարիներին ապրելու մասին»,- ասաց Աշխատանքի պետական տեսչության պետը:

 

 

Նրա խոսքերով՝ պետք է փոխել այս մտածելակերպը և հասնել նրան, որ խախտված իրավունքի հետ մարդիկ չհամակերպվեն: Մինչդեռ, ըստ Հ.Մանուկյանի, մարդիկ այն դեպքերում են դիմում Աշխատանքի պետական տեսչություն, երբ արդեն դրված է աշխատանքից ազատման հարցը, կամ խնդիրներ կան աշխատավարձի վճարման հետ: «Այսպիսի իրավիճակներից խուսափելու համար աշխատողը չպետք է համակերպվի ստեղծված իրավիճակի հետ»,- նշեց նա:

 

 

Անդրադառնալով դիմում-բողոքներին, Հ.Մանուկյանն ասաց, որ բողոքներն ավելացել են. անցյալ տարի տեսչությունը ստացել է 543 դիմում-բողոք՝ սպասարկման, արտադրության, առևտրի, կրթության և առողջապահության ոլորտներից: Դրանք վերաբերում էին աշխատավարձի չվճարմանը, այդ թվում՝ արտաժամյա աշխատանքի համար, ինչպես նաև աշխատանքից ազատելու դեպքերին: Նրա խոսքերով՝  բողոքների 80 տոկոսը բավարարվել են, գործատուներն էլ` պատժվել:

 

 

«Մենք մեր աշխատանքը համարում ենք կատարված միայն այն դեպքում, երբ աշխատողը տեսչություն երկրորդ անգամ է դիմում գրում՝ նշելով, որ իր դիմումը բավարարվել է, որ իր աշխատանքային իրավունքը վերականգնվել է: Կարծում եմ, որ դիմում-բողոքների ավելացման պատճառը նաև աշխատողների իրազեկվածության մակարդակի բարձրացման հետ է նաև կապված»,-ասաց նա:

 

 

Ինչ վերաբերում է աշխատանքի իրավունքի խախտմանը, ապա Հ.Մանուկյանը նշեց, որ իրականում խախտվում է և տղամարդկանց, և կանանց աշխատանքի իրավունքը:

 

 

Ամենացայտուն խախտումը նրա բնորոշմամբ այն է, երբ գործատուն պահանջում է 25-ից մինչև 30 տարեկան աշխատողներ: «Սակայն զավեշտալին այն է, որ նրանք պահանջում են բարետես, բարձրահասակ կանանց: Այսինքն՝ ընդունում են աշխատանքի մեկին, ով մասնագիտական ոչ մի կարողություն չունի: Դա կոչվում է  խտրականություն, իսկ մենք պետք է հասնենք նրան, որ այդ խտրականությունը վերացնենք»,- ասաց նա:

 

 

Հակոբ Մանուկյանը հայտնեց, որ վերջերս հանդիպումներ են ունեցել ԵԱՀԿ-ի և Հայաստանում Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի համապատասխան մասնագետների հետ, ովքեր ուզում են առաջարկությամբ հանդես գալ՝ ստեղծել խտրականության մասին օրենքի նախագիծ: «Սա ողջունելի է, քանի որ Հայաստանում կա նման խնդիր և ժամանակն է, որ այս ուղղությամբ որոշակի քայլեր արվեն»,- ընդգծեց նա:

 

 

Աշխատանքի տեսչության պետը ներկայացնելով միջազգային փորձը, նշեց, որ եվրոպական երկրներում նույնիսկ գովազդային հոլովակներում, եթե բարետես արտաքինով աղջիկ նկարահանված լինի, ապա դա կարող է դիտվել որպես խտրականություն, և համապատասխան ընկերությունը կարող է տուգանվել: «Մենք խտրականության խնդիրների լուծման պրոցեսի մեջ ենք: Եթե մի քանի տարի առաջ ընդհանրապես այդ մասին այդքան էլ չէր խոսվում, ապա այսօր այդ պրոցեսը սկսվել է, իսկ արդյունքները դրական են: Կարծում եմ, որ ապագայում  այդ խնդիրները կլուծվեն,  և կգնահատվի ոչ թե կնոջ արտաքինը, այլ խելքը»,- ասաց Հակոբ Մանուկյանը:

 

Մերի Մարգարյան

Դիտումների քանակը` 4621

Գլխավոր էջ