Կանայք աշխատանքի շուկայում. օրենսդրական փոփոխություններ
Հայաստանի Հանրային խորհուրդը ձեռնամուխ է եղել Աշխատանքային օրենսգրքի փոփոխմանը: Այլ առաջարկությունների թվում նախատեսված է փոփոխել կանանց ֆիզարձակուրդում գտնվելու երաշխիքային ժամկետները: Առաջարկվում է նաև քայլեր ձեռնարկել մեծացնելու կանանց ներգրավվածությունը տնտեսական ոլորտում, ինչը նախաձեռնության հեղինակների համոզմամբ անմիջականորեն առնչվում է նրանց գործունեությունը քաղաքական դաշտում մեծացնելու հնարավորությունների հետ:
«Ժամանակակից լավ պետություն ունենալու համար աշխատավորների շահերի պաշտպանությունը ֆունդամենտալ նշանակություն ունի»,-այսպես բացատրեց իրենց նախաձեռնությունը ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանը, ով ևս մասնակցում էր ՀՀ Աշխատանքային օրենսգրքում և իրավանորմատիվային ակտերում փոփոխություններ կատարելու վերաբերյալ Հանրային խորհրդում նոյեմբերի 30-ին հրավիրած քննարկմանը:
Հանրային խորհրդի ֆինանսատնտեսական և բյուջետային հանձնաժողովում ստեղծված աշխատանքային խմբի ղեկավարը Վազգեն Սաֆարյանն է: Նրանք մի քանի ամիս ուսումնասիրել են տեղական արհմիությունների առաջարկությունների փաթեթը, միջազգային փորձը, մասնավորապես՝ 2009 թվականին հունիսիս 19-ին Աշխատանքի միջազգային կոնֆերանսի կողմից ընդունված Global Jobs Pact-ը:
Հանրային խորհրդում այն կարծիքին են, որ չնայած վերջին տարիներին օրենսգրքում բարեփոխումներ են եղել հոգուտ աշխատավորների, սակայն գործող իրավական փաստաթուղթը որոշ առումներով չի բավարարում ոչ Հանրային խորհրդին, ոչ էլ արհմիություններին:
Հանրային խորհրդի ֆինանսատնտեսական և բյուջետային հանձնաժողովի անդամ, աշխատանքային խմբի ղեկավար Սուսաննա Մուրադյանի խոսքով, հետազոտվել են Հայաստանում Global Jobs Pact-ի կիրառության հնարավորությունները, և, ըստ դրա, համապատասխան առաջարկներ են մշակվել: Ս. Մուրադյանը խմբի կողմից մշակված ու ներկայացվելիք առաջարկությունները երազանքներ չի համարում, «այլապես դրանց թիվը կհասներ մի քանի հարյուրի, դրանք շատ իրատեսական առաջարկություններ են, որոնք կարելի է իրականացնել այս պահին և այս երկրում»:
Աշխատանքի միջազգային կազմակերպության հրապարակած թվերը վկայակոչելով, Ս. Մուրադյանն ասաց, որ անցած տարվա ընթացքում անկայուն աշխատողների թիվը կազմել է 1.52 մլրդ մարդ, ինչը 23 մլն-ով ավելի է 2009 թվականին գրանցված ցուցանիշից: Ողջ աշխարհում անկայուն աշխատողների գերակշիռ մասը` 50.5 տոկոսը կանայք են:
Աշխատանքի միջազգային կազմակերպության մասնագետներն այն համոզման են, որ Եվրոպան, որով հիանում են շատերը, ճաշակում է իր քաղաքակնության դառը պտուղները, իսկ տնտեսական ճգնաժամը հենց այդ քաղաքականության հետևանք էր:
Ս. Մուրադյանի անձնական կարծիքով, Հայաստանը մինչ հայտնի ճգնաժամն էլ էր գտնվում ճգնաժամի մեջ, դրա ընթացքում էլ, դրանից հետո էլ: «Չգիտեմ, երբ մենք դուրս կգանք այդ իրավիճակից»,-ասաց նա, վկայակոչելով ազգային վիճակագրական ծառայության հրապարակած թվերը, ըստ որոնց 2008-2010 թվականների ընթացքում աճել է աղքատության մակարդակը, դրանց սրությունն ու խորոթյունը, ըստ այդմ, Հայաստանի բնակչության 1/3-ն ապրում է աղքատության մեջ, 21.3 տոկոսը ապրում է շատ աղքատ, իսկ 3 տոկոսը` ծայրահեղ աղքատ, վերջին 2 տարում 46 հազար մարդ դարձել է ծայրահեղ աղքատ:
«Սա կազմում է 270 հազար մարդ: Այս թվերը համադրելով, կարծում եմ, զանգերը հնչեցնելու ժամանակն է»,-ասաց Ս. Մուրադյանը:
Ըստ պաշտոնական վիճակագրության Հայաստանում հունվար-ապրիլ ամիսներին գրանցված էր 66 հազար գործազուրկ, իրականում, ըստ բանախոսի, այդ թիվը 2-3 անգամ ավելի է: Նույն այդ ժամանակահատվածում Զբաղվածության պետական ծառայության գործակալությունում որպես աշխատանք փնտրողներ գրանցված են 78.6 հազար մարդ, նրանց ավելի քան 70 տոկոսը կամ 46.3 հազարը կանայք են: «Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ գործազուրկի կարգավիճակ ստացած կանայք ավելի մեծ թիվ են կազմում քաղաքներում»,- նշեց նա:
Ս. Մուրադյանի խոսքով, հաշվի առնելով այս ու մի շարք այլ տվյալներ, Աշխատանքային օրենսգրքում փոփոխությունների մի առանձին հատված նվիրված է կանանց:
«Հայաստանում տնտեսության բոլոր բնագավառներում կանանց ու տղամարդկանց գործունեության հավասար իրավունքն ամրագրված է օրենքով: Սակայն իրականում կանանց ֆինանսատնտեսական գործունեությունը սահմանափակվում է մանրածախ առևտրով ու մանր ու միջին ձեռնարկությունների գործունեությամբ` մասնավորապես սպասարկման ոլորտում»,-ասաց աշխատանքային խմբի անդամը:
Ցածր եկամուտը, մշակութային, քաղաքական, հասարակական, սոցիալ-տնտեսական գործընթացներում կանանց ոչ բավարար մասնակցության հետևանքով կանայք հայտնվում են անելանելի վիճակում և համաձայնվում գրեթե յուրաքանչյուր աշխատանքի` ցանկացած վարձարտության ու ցանկացած պայմաններով, սա էլ իր հերթին բերում է աշխատաշուկայի` ըստ սեռի խտրականության:
«Թվարկեմ խտրականության մի քանի ձևեր` ըստ աշխատավարձի, երբ կանանց նույն աշխատանքի համար ավելի քիչ են վճարում, քան տղամարդկանց պաշտոնական առաջխաղացման դեպքում նախապատվությունը տրվում է տղամարդկանց, գործատուները կանանց տեսնում են ավելի ցածր վարձատրվող պաշտոններում»,-նշեց Մուրադյանը:
Աշխատանքային իրավունքներ պաշտպանության ու ծնելիության խթանման առումով աշխատանքային խումբը օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ առաջարկություններ է պատրաստել:
Աշխատանքային օրենսգրքի 114 հոդվածի 1-ին մասի 1-2-րդ ենթակետերը սահմանում են, որ գործատուն իրավունք չունի լուծել պայմանագիրը հղի կանանց, ինչպես նաև մինչև մեկ տարեկան երեխա խնամող կանանց հետ, ըստ օրենսգրքի, եթե բաժինը փակվում է, ապա կինն այդ մեկ տարվա երաշխիքն էլ չունի:
«Այսինքն նա կարող է լինել հետծննդյան արձակուրդում և պարզվի, որ իրեն աշխատանքից ազատել են: Մենք առաջարկում ենք, որ երեխայի խնամքի ժամանակատվածը թողնել 3 տարի, երաշխիքայինը դարձնել 2 տարի, քանի որ երկու տարեկան երեխային կարելի է մանկապարտեզ տանել, ինչը հնարավոր չէ մեկ տարեկան երեխայի դեպքում»,-նկատեց Ս. Մուրադյանը:
Հանրային խորհրդում սա առաջին քննարկումն էր առաջարկվող փոփոխությունների վերաբերյալ: Քննարկումները կշարունակվեն: Նշենք, որ փոփոխություններ նախատեսված են նաև երիտասարդների մասով: Աշխատանքային խումբը մտադիր է համապարփակ փոփոխություններ իրականացնել` կրճատելու գործազրկությունը, խթանելու կանանց ու երիտասարդների ներգրավվածությունը աշխատանքում:
Հ. Կարապետյան
Կարդացեք նաեւ այս թեմայի շուրջ մեր կայքում.
Ինչո՞ւ աշխատող 10 աղջիկներից 5-ը ամուսնացած չե՞ն…
Աշխատանքը ստվերում.«Մեզ այսօր է պետք ապրել…»
Դիտումների քանակը` 4619