Կանայք անտեսեցին խորհրդարանական լրացուցիչ ընտրությունները

Ինչպես հայտնի է , դեկտեմբերի 2-ին երկու ընտրատարածքում`թիվ 1 և թիվ 35 նշանակված են Ազգային ժողովի մեծամասնական կարգով լրացուցիչ ընտրություններ: Ընտրական պայքարը և Ավանում, և Գյումրիում ընթանալու է  բացառապես տղամարդկանց միջև, քանի որ որևէ կին ընտրություններին մասնակցելու հայտ չի ներկայացրել:

 

Նշենք, որ թիվ 1-ում թեկնածուները չորսն են` «Ժառանգությունից»`  Ստյոպա Սաֆարյան, ՀԱԿ-ից` Արմենակ Դովլաթյան, ՀԺԿ-ից` Էդուարդ Պետրոսյան և ՀՀԿ-ից` Ռոբերտ Սարգսյան: Ի դեպ,  մայիսի 6-ի ընտրություններում, այստեղ առաջադրված  Առուստամյան Գայանեն 5206 ձայն հավաքեց:  Ընտրատարածքը հիշարժան է նաև նրանով, որ  հաղթող թեկնածուն  Ռուբեն Հայրապետյանը անհարգալից վերաբերմունք ցուցաբերեց  Գայանե Առուստամյանի նկատմամբ ` հրաժարվելով նրա հետ բանավեճից, այն պատճառաբանությամբ, թե  “ նա  կին է և ես ինձ վիրավորված կզգամ նրան բանավեճում հաղթելով»: Թերեւս, այս միջադեպը սեքիզմի   դրսևորման  ամենացայտուն  օրինակն էր անցած ընտրություններում:  

 

Թիվ 35-ում պայքարի մեջ է մտել 3 թեկնածու`ՀՀՇ-ից Մուրադ Գրիգորյան, անկուսակցական Արման Խաչատրյան և ՀՀԿ-ից` Արման Սահակյան:

 

Հիշեցնենք, որ մայիսի 6-ին կայացած խորհրդարանական հերթական ընտրությունների արդյունքում օրենսդիր մարմին անցավ 14 կին:  Մեծամասնական ընտրակարգով առաջադրված 11  կանանցից խորհրդարան անցան միայն  երկուսը`   թիվ 40 ընտրատարածքից ՀՀԿ-ական Մարինե Մարաբյանը, թիվ 17-ից  `  ՀՀԿ-ական Կարինե Պողոսյանը: Մնացած  12 կանայք խորհրդարան են եկել կուսակցությունների համամասնական ցուցակներով:

 

Հ. Կարապետյան

 

Դիտումների քանակը` 3157

Գլխավոր էջ