«Կանայք՝ գործարարություն և օրենք 2018». բարելավել աշխատանքային օրենսդրությունը կանանց համար

Տնտեսությունը չի կարող զարգանալ իր ողջ ներուժով, քանի դեռ կանայք և տղամարդիկ ամբողջովին մասնակից չեն երկրի  զարգացման գործընթացներին: Համաշխարհային բանկի կողմից օրերս հրապարակված «Կանայք՝ գործարարություն և օրենք 2018»  զեկույցը գնահատում է այն օրենքները, որոնք առնչվում են կանանց աշխատանքային ու ձեռնարկատիրական գործունեությանն աշխարհի 189 տնտեսությունում և ներկայացնում այն 87 իրավական բարեփոխումները, որոնք իրականացվել են կանանց տնտեսական հնարավորությունների և գենդերային հավասարության ուղղությամբ վերջին 2 տարում:

 

Առավել ցածր ցուցանիշներ ունի վարկերի հասանելիությունը

 

Ըստ զեկույցի, Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում, որտեղ ընդգրկված 25 երկրներից մեկը Հայաստանն է, գլոբալ մակարդակով իրականացվել են կանանց՝ աշխատանքի տեղավորման բարեփոխումների մեկ քառորդը: Այդ ցուցանիշով երկրները աշխարհում դարձել են ոլորտի առաջատարը: Վերջին երկու տարիների ընթացքում Եվրոպայի ու Կենտրանական Ասիայի երկրներն իրականացրել են 15 իրավական բարեփոխումներ՝ ընդլայնելով կանանց՝ տնտեսական մասնակցության հնարավորությունները: Միաժամանակ այս երկրները դանդաղում են բռնություններից, հատկապես աշխատավայրում, կանանց պաշտպանությանն ուղղված գործողություններ կատարելիս: Երկրների 72%-ը ունեն հատուկ հանձնաժողովներ, որոնք ընդունում են գենդերային խտրականության վերաբերյալ դիմումներ:

 

Զեկույցի հեղինակներն օգտագործել են 100 բալանոց համակարգ, գնահատելով բարեփոխման ծրագրերի իրականացման առաջընթացը պետություններում յոթ ցուցիչներով՝ ինստւտուտների հասանելիություն, աշխատանքային գործունեության խթանում, դատական համակարգի, ինչպես նաև վարկերի մատչելիություն, բռնությունից կանանց պաշտպանություն, զբաղվածություն, գույքի տնօրինում: Նշվում է, որ ոչ մի երկիր չի հավաքել  առավելագույն 100 միավոր յոթ ցուցանիշներից յուրաքանչյուրի համար: Գրեթե բոլոր ցուցանիշներով լավ արդյունքներով երկրների շարքում են Միացյալ Թագավորությունը, Նոր Զելանդիան եւ Իսպանիան:

 

Նշենք, որ զեկույցը հրապարակվում է երկու տարին մեկ և նախորդ՝ 2016-ի զեկույցի տվյալներով Հայաստանը ներգրաված էր այն 18 երկրների թվում, որոնք   իրենց օրենսդրության մեջ չունեն կանանց նկատմամբ խտրականություն ենթադրող դրույթ: Այս տարվա զեկույցի համաձայն, Հայաստանը «առավելագույնը 100 միավոր» է ստացել «ինստւտուտների հասանելիության» և «գույքի տնօրինման» ցուցիչներով: Բարձր միավորներ են արձանագրվել «աշխատանքի ընդունման» (86 միավոր) եւ «աշխատանքային գործունեության խթանման» առումով (80 միավոր): Դատական ​​համակարգին մատչելիության տեսակետից Հայաստանը 50 միավորով է ներկայացված, «վարկի մատչելիության» ցուցիչով՝  25 միավորով, «կանանց բռնությունից պաշտպանվածության»՝ 20 միավորով:

 

Միջին հաշվով Եվրոպայի ու Կենտրանական Ասիայի երկրների տարածաշրջանում կանանց աշխատանքի ընդունման հնարավորությունը  գնահատվել է 77 բալ: Լավագույն 100 բալ արդյունքը այս ցուցիչով գրանցվել է միայն երկու երկրում՝ Լատվիայում ու Լիտվայում: Տարածաշրջանի երկրներում առավել ցածր ցուցանիշներ ունի վարկերի հասանելիությունը, ինչը նշանակում է, որ կանայք վարկ վերցնելու սահմանափակումներ ունեն: Յոթ երկիր ստացել է 0 բալ, ընդամենը երկու երկիր է ստացել 100 միավոր, իսկ միջիանցված ցուցանիշը՝ 33 միավորն է:

 

Ցածր է բռնությունից պաշտպանության ցուցանիշը

 

Ցածր է նաև բռնությունից պաշտպանության ցուցանիշը՝ 59: Տարածաշրջանի չորս երկրներում բացակայում են աշխատվայրում ոտնձգություններն արգելող օրենքները, իսկ երեքում՝ Հայաստանում, Ռուսաստանում, Ուզբեկստանում չկան ընտանեկան բռնության դեմ պայքարի օրենքներ: Հիշեցնենք, որ Հայաստանում   ընտանեկան բռնության կանխագերլման մասին օրենքն ընդունվել է անցյալ տարվա դեկտեմբերին միայն: Ինչ վերաբերում է աշխատավայրում սեռական ոտնձգությունների խնդրին, ապա այժմ քննարկման փուլում գտնվող ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխությունների նախագծով առաջարկվում է աշխատանքային հարաբերություններում խտրականությունը բացառող հոդվածում  ավելացնել նաև  «ֆիզիկական և (կամ) հոգեկան և (կամ) սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված արարքները կամ դրա սպառնալիքները»: 

 

Չնայած տարածաշրջանի երկրներում կանանց բռնությունից պաշտպանելու առումով դեռ անելիքները շատ են, սակայն այդ ֆոնին առաջընթաց է նկատվում Լիտվայում: Այստեղ օրենք են ընդունել, որով արգելվում սեռական ոտնձգությունների իրականացումը կրթության ոլորտում, ինչպես նաև աշխատավայրում սեռական ոտնձգության պաշտպանության նաև քաղաքացիա-իրավական միջոց է ներդրվել:

 

Վերացնել վնասակար աշխատանքը և՛ կանանց, և՛ տղամարդկանց համար

 

Նկարագրելով աշխարհի երկրներում վերջին 2 տարում կատարված փոփոխությունները, զեկույցի հեղինակները նշում են, որ  67 երկրում ընդհանուր առմամբ իրականացվել է   87 իրավական բարեփոխում գենդերային հավասարության ոլորտում:

 

Այսպես, մի քանի երկրներ քայլեր են ձեռնարկել կանանց զբաղվածության իրավական արգելքները վերացնելու ուղղությամբ:  Բոսնիա և Հերցեգովինայում վերացվել են կանանց զբաղվածության մի քանի սահմանափակումներ: Հիմա կանայք կարող են աշխատել ստորջրյա պայմաններում, ներգրավված լինել ծանր ու վնասակար աշխատանքներում: Բուլղարիայում բոլոր սահմանափակումներն են վերացվել, Տաջիկստանում էլ հանել են կանանց գիշերը աշխատելու արգելքը: Չնայած այս ամենին, տարածաշրջանի 14 երկրներում դեռ  գործում են արգելքներ կանանց որոշակի ոլորտներում աշխատելու վերաբերյալ, 9 երկրում կանանց արգելում են իրականացնել մի քանի տեսակի աշխատանք, դրանք համարվում են վտանգավոր, ծանր կամ էլ բարոյապես անընդունելի:

 

Նշենք, որ Կանանց նկատմամբ  խտրականության վերացման կոմիտեն գնահատում է արգելքները որպես խտրականութուն,  մինչդեռ դրանցից հրաժարվելու տրամաբանությունը  հանգեցնում  է պետության պարտավորությանը քայլեր ձեռնարկելու և կանանց, և տղմարդկանց համար աշխատանքի վնասակարությունը  վերացնելու ուղղությամբ:  Այսինքն, վնասակար աշխատանքի նկատմամբ պետության մոտեցումը պետք է հիմնված լինի ոչ թե սեռի հատկանիշով բացառելու, այլ աշխատանքային պայմանները բարելավելու վրա: Այդ դիտարկումը արվել էր Կանանց նկատմամբ  խտրականության վերացման կոմիտեի կողմից նաև Հայաստանի վերաբերյալ:

 

104 երկրում կան սահմանափակումներ  կանանց տնտեսական մասնակցության վերաբերյալ

 

189 երկրներից 104-ն ունեն սահմանափակումներ տնտեսությունում կանանց մասնակցության վերաբերյալ, նշում են ՀԲ զեկույցի հեղինակները: Նրանց գնահատմամբ, երկրների 95 %-ը կարող են բարելավել աշխատանքային օրենսդրությունը կանանց համար:

 

Կատարված փոփոխությունների թվում զեկույցի հեղինակները նշում են, որ Ալբանիայում աշխատանքային նոր օրենսգիրք են ընդունել: Այն սահմանում է կանանց ու տղամարդկանց հավասար վարձատրություն նույն աշխատանքի դիմաց: Նմանատիպ մի օրենք էլ ընդունվել է Թուրքիայում, որով արգելվել է աշխատավայրում կամ օրինակ ծառայողական առաջխաղացման ժամանակ գենդերային հենքով պայմանավորված խտրականությունը:

 

Ադրբեջանում ու Մոլդովայում ուժի մեջ են մտել տղամարդկանց ու կանանց համար կենսաթոշակային նույն տարիքը սահմանող օրենքները, Ալբանիայում ու Մոլդովայում էլ սահմանվել է , որ երեխայի խնամքի  վճարովի արձակուրդից կարող են օգտվել նաև հայրիկները, դա օգնում է կանանց շարունակել իրենց աշխատանքային գործունեությունը նաև ընտանիք կազմելուց հետո:

 

Նկատենք, որ Հայաստանում օրենքով երեխայի խնամք կարող են իրականացնել թե հայրիկները, թե մայրիկները,  այլ հարց է ինչ չափով  են տղամարդիկ օգտվում այդ հնարավորությունից, և արդյոք «երեխայի խնամքի նպաստի» չափը  կարող է նրանց բավարար չափով մոտիվացնել: Ինչ վերաբերում է թոշակային տարիքին, ապա տղամարդկանց ու կանանց դեպքում գործում է միասնական թիվ՝ 63 տարեկանը:

 

Անդրադառնալով գենդերային հավասարության հասնելուն միտված բարեփոխումներին, զեկույցում նշվում է Կոնգոյի օրինակը, երբ ամուսնացած կանայք իրավունք են ստացել աշխատանքային կամ այլ պայմանգրեր կնքել, գործարք կատարել, բանկային հաշիվ բացել ինչպես ամուսնացած տղամարդը: Նրանք նաև իրավունք են ստացել ամուսնու հետ քննարկել ու ընտրել տունը, որտեղ անցկացնելու են համատեղ ամուսնական կյանքը: Իրաքում բարեփոխում է համարվում այն, որ ամուսնացած կանայք էլ տղամարդկանց պես նույն ընթացակարգով կարող են դիմել էլեկտրոնային անձնագիր ստանալու համար: Այդ գործընթացում այլևս պարտադիր պայման չէ, որ կինը խնամակալ ունենա: Սենեգալում էլ նման փոփոխություն է կատարվել կենսաչափական անձնագրեր ստանալու դեպքում, միայն թե կնոջ անձնագրում նշվում նաև ամուսնու անունը:

 

Ըստ զեկույցի ամփոփման,  18 երկրում ամուսնացած կանայք չեն կարող մասնագիտություն կամ աշխատանք ընտրել առանց ամուսինների թույլտվության: Նախորդ զեկույցում նշվում էր, որ 31 երկրներում կանայք, ի տարբերություն տղամարդկանց, իրավունք չունեն ընտրել, թե որտեղ են ապրելու, 18 երկրում նրանք աշխատելու իրավունք չունեն:

 

Խտրականությունը խոչընդոտում է տնտեսական աճը

 

Զեկույցը նաև շեշտադրում է այն փաստը, որ գենդերային բացերը  աշխատանքի շուկայում  միջինում  15% -ով իջեցնում են եկամուտների մակարդակը զարգացած երկրներում: Զարգացող երկրներում այդ կորուստներն ավելի շատ են, և, ընդհանուր առմամբ, գենդերային խտրականությունը աշխատանքի շուկայում անմիջականորեն խոչընդոտում է տնտեսական աճը: Զեկույցում նշված է, որ այն երկրներում , որոնց աշխատանքային օրենսդրության մեջ ամրագրված է գենդերային հավասարության սկզբունքը ավելի բարձր է աշխատաշուկայում կանանց  մասնակցության տոկոսը և բարձր են նրանց եկամուտները:

    

Հ. Կարապետյան

Դիտումների քանակը` 2559

Գլխավոր էջ