Կանա՞յք են որոշողը
Վերջերս հայկական մամուլում տեղեկատվություն հրապարակվեց ռուս հայտնի լրագրող Վլադիմիր Պոզների գրքում Հայաստանին վերաբերող հատվածի վերաբերյալ: Ավելի քան 20 տարի առաջ գրված «Հրաժեշտ պատրանքներին» գրքում հեղինակը անդրադարձել է նաեւ Հայաստան կատարած իր այցին, որի ընթացքում կարճ ժամանակով հյուրընկալվել է Գեղարկունիքի մարզի մի հայկական ընտանիքում, որտեղ ընթրիքի ժամանակ տան կանայք տղամարդկանց հետ սեղանի շուրջ չեն նստել: Պոզներին սա զարմացրել եւ զայրացրել էր, սակայն նրան ուղեկցող վարորդը բացատրել էր, թե իրականում այդ ընտանիքում կանայք են որոշողը, որ տան տղամարդն անգամ կենաց ասելիս հայացքով թույլտվություն է հայցել նրանցից: «Այդ ձեր կանայք են նույն սեղանին նստում ձեզ հետ, բայց ոչինչ չեն որոշում, իսկ մերն այդպես չէ: Մենք կնոջը լսում ենք, քանի որ նա է կյանքը, նա է սկիզբն ամենի»,- ռուս լրագրողին բացատրել է հայ վարորդը: Սակայն այս կարծիքը ավելի քան վիճելի է: Արդյո՞ք հայ ընտանիքներում կինն է որոշողը, եւ տղամարդն իսկապես լսո՞ւմ է նրան, թե՞ ոչ: Այս հարցերի պատասխանները փորձեցինք ստանալ տարբեր տարիքի եւ սեռի քաղաքացիներից:
Համլետ 43 տ. «Էս են հարցն ա, որ ամեն ընտանիք մի ձեւի կլինի, ես չեմ կարա սաղի տեղը խոսամ: Կոնկրետ իմ ընտանիքում ես խորհրդակցում եմ կնոջս հետ, բայց որոշումը կայացնողը ես եմ»:
Օնիկ 51 տ. «Եթե ընտանիքում կինն է որոշողը, ուրեմն դա հայ ընտանիք չի, ես չեմ պատկերացնում էդպիսի բան մեր ընտանիքում»:
Լենա 38 տ. «Կարծում եմ՝ ավելի գեղեցիկ է, որ կինն իր դերում է լինում, տղամարդն՝ իր: Մեր ընտանիքում ամուսինս է հիմնական որոշողը: Ես վստահում եմ իրեն, ինքը միշտ ճիշտ լուծումներ է գտնում»:
Լիաննա 19 տ. «Չեմ կարող ասել, թե մեր տանը մայրս է որոշողը, բայց շատ հարցեր կան, որ նա անում է այնպես, ինչպես ճիշտ է գտնում, պարզապես բացահայտ դա չի անում, չի վիճում հայրիկիս հետ: Մայրս նախ անում է իր ուզածը, հետո նոր տեղյակ է պահում այդ մասին հայրիկին»:
Գեւորգ 21 տ. «Հայրս զոհվել է արցախյան ազատամարտում, ինձ մայրս է մեծացրել ու միշտ նա է եղել տան գլխավորը: Եթե ես հետագայում ամուսնանամ, երեւի թե կնոջս հետ միասին որոշումներ կկայացնեմ»:
Աշոտ 36 տ. «Եթե տան հիմնական աշխատողն ու փող բերողը ես եմ, պարզ ա, որ ես պիտի որոշեմ շատ հարցեր: Կինս էլ կենցաղային հարցերն ա ինքնուրույն որոշում: Ես իրա գործերին չեմ խառնվում, ինքն էլ՝ իմ»:
Իվետա 25 տ. «Կարծում եմ՝ Պոզների գրքում նշված տեսակետը չափազանցված է ու այդքան էլ չի համապատասխանում իրականությանը: Գուցե կան որոշ այդպիսի ընտանիքներ Հայաստանում, բայց մեծ մասում ամուսինը հրամայում է, կինը՝ հնազանդվում: Ցավոք, այսօր դեռ այդպես է»:
Անուշ 28 տ. «Ես գիտեմ այդպիսի ընտանիքներ, որտեղ գործում է կանանց իշխանությունը, բայց այսպես ասած՝ ստվերային: Այսինքն՝ կինը մյուսների մոտ ցույց չի տալիս, որ ինքն է տան գլխավորը, բայց ամուսինը կանխավ գիտի նրա կամքը ու այդպես է վարվում»:
Էդգար 21 տ. «Ինձ թվում է՝ զարգացած տղամարդը կլսի իր կնոջը ու հաճախ կանի այնպես, ոնց որ կինն է խորհուրդ տալիս, բայց դա չի նշանակում, որ նա հնազանդվում է, նրանք երկուսով են որոշում կայացնում»:
Սահակ 50 տ. «Տանը միշտ էլ տղամարդն է որոշողը, կնոջ խոսքը չի անցնում»:
Գուրգեն 22 տ. «Հորաքույրս շատ ուժեղ կին է, իրենց տանը ամուսինն ու տղան են աշխատում, բայց ինքն է տնօրինում ընտանեկան բյուջեն, ինքն է տան ղեկավարը»:
Սաթենիկ 30 տ. «Անկեղծ ասած՝ ինձ դուր չի գա, որ ամուսինս լսի ես ինչ եմ ասում ու էդպես անի: Տղամարդը պետք է կնոջից էլ խելացի լինի ու ի վիճակի լինի ինքնուրույն որոշումներ կայացնելու»:
Սարգիս 37 տ. «Գուցե տղամարդը լսի, թե մայրն ինչ է ասում, բայց դժվար թե կնոջ ասածով անի: Համենայնդեպս, ես էդպիսի ընտանիք չեմ ճանաչում»:
Ա.Ղ.
Դիտումների քանակը` 4702