Ծնվել ու ապրել: Աշխարհում յուրաքանչյուր 11 վայրկյանը մեկ հղի կին կամ նորածին երեխա է մահանում

 

Յուրաքանչյուր տարի ամբողջ աշխարհում 2.8 միլիոն հղի կին կամ նորածին է մահանում. այլ կերպ ասած՝ 11 վայրկյանը մեկ 1 մահ է գրանցվում: Այս մահերը հիմնականում կանխարգելելի են: ՅՈՒՆԻՍԵՖ-ը, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամը և Համաշխարհային բանկը մայրական և մանկական մահացության վերաբերյալ նոր տվյալներ են հրապարակել:

 

Մայրերի ու նրանց փոքրիկների համար ծննդաբերության շրջանը հատկապես բարդ փուլ է: Մայրական մահացության պատճառ հանդիսացող բարդությունները կարող են ի հայտ գալ ցանկացած ժամանակ և առանց նախազգուշացման թե՛ հղիության ու թե՛ անմիջապես ծննդաբերության ընթացքում:  Ըստ վերջին տվյալների՝ 2017թ-ին հղիության ու ծննդաբերության բարդությունների պատճառով յուրաքանչյուր օր ավելի քան 800 կնոջ մահ է գրանցվել:

 

Նորածինների համար կյանքի առաջին 28 օրը կրիտիկական նշանակություն ունի: Նրանց համար ամենառիսկայինը ծնվելուն հաջորդող մեկ ամիսն է: 2018թ-ին յուրաքանչյուր օր 7000 նորածնի մահ է գրանցվել: Այդ մահերի 1/3-ը գրանցվել է անմիջապես նրանց ծնվելու օրը, իսկ ¾-ը՝ ծնվելուն հաջորդող առաջին շաբաթվա ընթացքում: Երեխաների մահացության նոր տվյալների համաձայն՝ նորածնային մահերը կազմում են մինչև 5 տարեկան մահերի գրեթե կեսը:

 

«Ամբողջ աշխարհում երեխայի ծնունդը անչափ ուրախալի նորություն է: Մինչդեռ, յուրաքանչյուր 11 վայրկյանը մեկ երեխայի ծնունդը դժբախտություն է մեկ ընտանիքի համար»,-ասում է ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրեն Հենրիետտա Ֆորը (Henrietta Fore): «Ծննդաբերության ժամանակ մայրիկներին ու փոքրիկներին աջակցող հմուտ ձեռքերը՝մաքուր ջրի, համապատասխան սննդի, դեղամիջոցների ու պատվաստումների հետ միասին, իսկապես կարող են լուծել կյանքի ու մահվան հարցը: Մենք ամեն ինչ պետք է անենք՝ առողջապահության որակյալ ծառայությունների համաշխարհային ծածկույթ ներդնելու համար, որպեսզի կարողանանք փրկել այդ անգին կյանքերը»:

 

 

Երեխաների մահացության վերաբերյալ մի քանի հիմնական նոր տվյալներ

 

  1. Նորածնային մահացության ցուցանիշը ավելի դանդաղ է նվազումքան մինչև 5 տարեկան երեխաների մահացության ցուցանիշը: Աշխարհում 1990-2018թթ-ին նորածնային մահացության ցուցանիշը նվազել է տարեկան 2,6 տոկոսով, իսկ մինչև 5 տարեկան երեխաների մահացությունը՝ տարեկան 3,6 տոկոսով:
  2. Երկրների միջև հսկայական տարբերություններ կան: Օրինակ՝ Ենթասահարյան Աֆրիկայում մայրական մահացության ցուցանիշը 50 անգամ գերազանցում է բարձր եկամուտ ունեցող երկրների ցուցանիշը: Իսկ մինչև 1 ամսական երեխաների մահացությունը 10 անգամ ավելի բարձր է:
  3. Նորածինների ու հղի կանանց մահերի մեծամասնության պատճառները կանխարգելելի են և բուժելի: Նորածինների մահերի հիմնական պատճառներն են նրանց վաղաժամ կամ շատ փոքր քաշով ծնվելը, ծննդաբերության բարդությունները կամ բնածին արատները, սեպսիսը և փայտացումը:
  4. 2018-ին գրեթե 6,2 միլիոն մինչև 15 տարեկան երեխա է մահացել: Ամբողջ աշխարհում 2018-ին մանկական մահերի 85 տոկոսը կազմել են մինչև 5 տարեկան երեխաների մահերը: 2,5 միլիոն մահերը գրանցվել են երեխայի մինչև մեկ ամսական լրանալը, իսկ 4 միլիոնը՝ մինչև երեխայի մեկ տարեկան լրանալը:
  5. Իրավիճակը հնարավոր է բարելավել: 1990թ-ից մինչև 15 տարեկան երեխաների մահացությունը նվազել է 56 տոկոսով:
  6. Մենք պետք է հիմա գործենք: Եթե հիմա ոչինչ չանենք, ապա 2019-2030 թթ-ին կկորցնենք 62 միլիոն մինչև 15 տարեկան երեխաների կյանքեր:

 

 

ՅՈՒՆԻՍԵՖ-ը  կոչ է անում կառավարություններին , մասնավոր հատվածին և քաղաքացիական հասարակությանը. 

 

  • Ավելացնել ներդրումները և բարձրացնել իրազեկվածությունը հատկապես նորածնային և մայրական առողջությանը վերաբերող ոլորտներում և թիրախել մահերի հիմնական պատճառները, ինչպիսիք են՝ թոքաբորբն ու փորլուծությունը:
  • Վերապատրաստել բուժաշխատողներին և վերազինել բուժհաստատությունները համապատասխան սարքավորումներով:
  • Ներդրումներ անել մինչ ծննդաբերական ծառայությունների ոլորտում՝ հզորացնելով առողջապահական համակարգը:
  • Ապահովել մաքուր, ֆունկցիոնալ բուժհաստատություններ՝ հոսող ջրով, օճառով և էլեկտրաէներգիայով:
  • Զորեղացնել դեռահաս աղջիկներին, մայրիկներին և ընտանիքներին, որպեսզի նրանք պահանջեն և ստանան որակյալ խնամք ու ծառայություններ։

 

 

Իրավիճակը Հայաստանում

 

2018թ-ին հղիության հետ կապված բարդություններից, ծննդյան և հետծննդյան ժամանակահատվածում գրանցվել է մայրական մահացության 8 դեպք: ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ մայրական մահացության գործակիցը 2018թ-ին կազմել է 21.9 միավոր 100,000 կենդանի ծնվածի հաշվով: Հայաստանը առաջխաղացում է գրանցել այս ոլորտում և 2000թ-ի համեմատ՝ Հայաստանում մայրական մահացության ցուցանիշը նվազել է 58 տոկոսով:

 

Ինչ վերաբերում է Հայաստանում մինչև մեկ տարեկան երեխաների մահացությանը, ապա 2018թ-ին մանկական մահացության գործակիցը կազմել է 7.1` 1000 կենդանի ծնվածի հաշվով: Այստեղ նույնպես իրավիճակը բարելավվել է: 2000թ-ի համեմատ՝ մանկական մահացության ցուցանիշը նվազել է 55 տոկոսով:

 

Այնուամենայնիվ, 2018թ-ին Հայաստանը կորցրել է 260 մինչև մեկ տարեկան և 56 1-4 տարեկան երեխաների կյանք:

 

 

Աղբյուրը՝

ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակ

 

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում. 

 

Այս տարվա սկզբից Հայաստանում գրանցվել է մայրական մահացության տասը դեպք

 

Դիտումների քանակը` 1323

Գլխավոր էջ