Հավասարությունը որպես ծնելիությունը բարձրացնելու բաղադրատոմս
Ստեղծել այնպիսի իրավիճակ, որ երեխա ունենալը ռիսկ չի դիտարկվի ընտանիքի բարեկեցության համար, ապահովել ընտանեկան և մասնագիտական պարտականությունները համատեղելու հնարավորություններ, աջակցել կանանց, ովքեր երեխա ունենալուց հետո ուզում են պահպանել իրենց մրցունակությունը աշխատաշուկայում – սա է ծնելիության բարձրացման ժամանակակից բաղադրատոմսը ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանի ներկայացմամբ: Նրա խոսքով, հենց այս Ճանապարհով Սկանդինավյան երկրները կարողացան 25 տարում ծնելիությունը 1,4-ից մինչև 1,9 հասցնել:
Հայաստանում ծնելիության ցուցանիշների անկմանը անդրադառնալու առիթ հանդիսացավ Բնակչության համաշխարհային օրվա առթիվ հրավիրված ասուլիսը, որի ընթացքում ներկայացվեցին «Հայաստանի Հանրապետության բնակչության իրավիճակային վերլուծություն» հետազոտության արդյունքները: Այն իրականացվել է ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի կողմից՝ «Օժանդակություն բնակչության հարցերով քաղաքականությունների իրականացմանը» ծրագրի շրջանակներում: ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանի և «Օժանդակություն բնակչության հարցերով քաղաքականությունների իրականացմանը» ծրագրի համակարգող Աննա Հովհաննիսյանի ներկայացմամբ հետազոտության նպատակն էր համապարփակ և մեկտեղված ներկայացնել բնակչության և վերարտադրողական առողջության ներկա միտումները և դրանց կապերն ու ազդեցությունը երկրի զարգացման վրա:
Ծնելիություն և ծերացում
ՄԱԿ-ում արձանագրում են՝ ամբողջ աշխարհում նկատվում է ծնելիության անկում: Անգամ աֆրիկյան երկրներում, որտեղ ամենաբարձր ցուցանիշն էր արձանագրվում՝ 10-12 երեխա էին ունենում, այժմ այդ ցուցանիշը իջել է՝ հասնելով 6,5-ի:
ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի ներկայացուցիչը նշում է, որ ծնելության անկումը մի քանի բացատրություն ունի. պետք չէ ունենալ ութ երեխա, որպեսզի ցանկալի չորսը կենդանի մնա, այսինքն մահացությունն է պակասել, բարելավել են ծառայությունները, կյանքը թանկացել է, հողատնտեսությամբ չեն զբաղվում, որպեսզի ինչքան երեխա ունենան, իրենց հողից ստացած բերքով կերակրեն:
Գարիկ Հայրապետյանի խոսքով, աշխարհում ամենացածր ծնելիություն Եվրոպայում է. «Ամենացածր ծնելիությունը հարավ-արևելյան եվրոպական երկրներում են, ամենաբարձր ծնելիությունը՝ սկանդինավյան երկրներում»:
Հայաստանում այս տարի առաջին անգամ բնական աճը զրոյական է` կազմել է 0.3 տոկոս` նվազման միտումով, և ծնելիության գործակիցը խիստ մտահոգիչ է:
1990-ականներից սկսած կենդանի ծնունդների թվի գրեթե կրկնակի կրճատում է տեղի ունեցել ավանդաբար ամենապտղաբեր տարիքային խմբում՝ 20-24 տարեկանների մեջ (1000 կնոջ բաժին ընկնող 223.9-ից մինչև 122.3):
Բնակչության բնական աճի բացասական ցուցանիշների պատճառներն են՝ ծնելիության անկումը, միգրացիոն հոսքերը, իսկ հետագայում նաև ավելի մեծ դեր կունենա՝ ազգաբնակչության ծերացումը, այսինքն` մենք ունենալու ենք մեծ թվով մեծահասակ մարդիկ, հետևաբար նաև մահերի ցուցանիշն է ավելանալու:
Հետազոտության արդյունքների համաձայն, Հայաստանի 65 տարեկանից բարձր բնակչությունը կազմում է 10.7 տոկոս, ինչը գերազանցում է ծերացող բնակչությամբ երկիր համարվելու 7 տոկոսանոց շեմը: Ներկայում 65 տարեկանից բարձր տարիքի կանանց թիվը գրեթե 50 տոկոսով գերազանցում է տղամարդկանց թվին: Կանխատեսվում է, որ մինչև 2050 թվականն այդ ցուցանիշը կհասնի 22 տոկոսի, ինչը մեծ բեռ կդնի երկրի առողջապահական, սոցիալական ապահովության և այլ համակարգերի վրա: «Հարկ է այդ համակարգերի պատրաստականության վերլուծություն կատարել»,-նկատեց բանախոսը:
Հայաստանը տարեցների կախյալության գործակցով՝ 65+ բնակչության հարաբերությունը 15-64 տարեկան բնակչությանը ԱՊՀ երկրների շարքում երրորդն է (15.3 տոկոս): Նրան նախորդում են Վրաստանը և Բելառուսը: Մինչև 15 տարեկանների բաժինը բնակչության կազմում էականորներն նվազել է 30,6 տոկոսից (1990 թ.) մինչև 19,4 տոկոս (2015 թ.): Երեխաների կախյալության գործակիցը 27,7 տոկոս է: Այդ ցուցանիշով նախկին ԽՍՀՄ երկրների շարքում զիջում է միայն Ադրբեջանին:
2050 թվականին, ամենալավատեսական կանխատեսումներով, Հայաստանի բնակչության թվաքանակը կկազմի 3 միլիոն 100 հազար մարդ, իսկ ամենահոռետեսականով` մոտ 1 միլիոն 700 հազար, նշեց Գարիկ Հայրապետյանը:
Սկանդինավյան երկրների փորձը և Հայաստանի անելիքները
Ներկայացնելով սկանդինավյան երկրների՝ ծնելիության խթանմանն ուղղված քայլերն ու արձանագրած արդյունքները, Հայրապետյանն ասաց, որ 25 տարեկան կնոջ պարագայում ծնելիության ցուցանիշը 1,4-ից հասել է 1,9 –ի: Հիմնական քայլերը երեխա ունեցած կանանց համար հավասար պայմանների ապահովում, այնպիսի իրավիճակի ստեղծում, որ երեխա ունենալն ընտանիքի բարեկեցության համար ռիսկ չդիտարկվի:
Գարիկ Հայրապետյանը հիշեցրեց այս տարվա մարտին անցկացված խորհրդարանական լսումները՝ ՀՀ ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2016-2018թթ-ի ազգային ծրագրի» վերաբերյալ: Նշենք, որ այս ծրագրի նորարական լուծումներին Գարիկ Հայրապետյանը մեկ անգամ չէ, որ անդրադարձել է, այդ թվում WomenNet.am -ի հետ բացառիկ հարցազրույցում:
Մեջբերելով պաշտոնական վիճակագրության տվյալները, նա շեշտադրեց, որ Հայաստանում միջին աշխատավարձը 215 986 դրամ է (պետական հատվածում՝ 198 664 դրամ, մասնավոր հատվածում՝ 240 351 դրամ):
«Սա նշանակում է, որ մեկ աշխատողով երիտասարդ ընտանիքը լուրջ դժվարություններ կունենա թե բնակարանային խնդրի լուծման, թե երեխաներին անհրաժեշտ խնամք հատկացնելու, թե հաջորդ երեխայի վերաբերյալ որոշում կայացնելու հարցում»,-ասաց ՄԱԿ ներկայացուցիչը, նշելով, որ ծրագրում մեծ բաղադրիչը հատկացված է բնակարանների խնդրի լուծմանը:
«Դա կարևոր հարց է, բայց առավել կարևոր է, որ այս ծրագրով կանանց աջակցող միջոցներն են նախատեսված, օրինակ՝ հղի կանանց կրթության սուբսիդավորում, վերապատրաստում, որպեսզի մնան մրցունակ աշխատաշուկայում, կարողանան վերադառնալ աշխատաշուկա երեխա ունենալուց հետո»,- ասաց Գ.Հայրապետյանը:
Վերարտադրողական առողջություն
Գ. Հայրապետյանի խոսքով, հետազոտությամբ պարզվել է, որ վերարտադրողական առողջության ծառայությունների հասանելիության առումով կան խնդիրներ՝ հատկապես հաշմանդամություն ունեցող անձանց համար: Գյուղական և փոքր համայնքներում այդ ծառայությունների աշխարհագրական հասանելիությունը շատ ավելի ցածր է, քան քաղաքներում:
Շագանակագեղձի քաղցկեղը երկրում մահացության պատճառների շարքում զբաղեցնում է 10-րդ տեղը՝ 100.000 բնակչի հաշվով հասնելով 18.81-ի: Ըստ նրա, չնայած այս անհանգստացնող փաստին, շատ քիչ տեղեկություններ են առկա տղամարդկանց վերարտադրողական առողջության խնդիրների մասին: «Սա բավականին լուրջ խնդիր է, որն հավելյալ հետազոտությունների կարիք ունի պատճառները հասկանալու, ճանապարհներ գտնելու համար»,-ասաց Գ.Հայրապետյանը:
Կանանց վերատադրողական առողջության մասով նա շեշտադրեց այն փաստը, որ մոտ տարեկան 4,5 հազար ծնունդ ենք կորցնում բնական վիժումների պատճառով: «Եթե մենք ավելի լուրջ վերաբերվենք այս հարցին, կկարողանանք տարեկան երկու անգամ կրճատել այս թիվը»,-ասաց նա:
Յուրաքանչյուր 4-րդ ծնունդ արվում է կեսարյան հատումով
Առողապահության նախարարությունը 07.07-ին՝ հայտարարեց, որ ռեկորդային թվով ծնունդներ են գրանցվել: Գործից հասկացողները միանգամից արձագանքեցին, կեսարյան հատումով ծննդաբերողներն ընտրել են հենց «գոլդ» օրը:
Հայրապետյանն այսօր փաստեց, որ Հայաստանում կեսարյան հատումների ցուցանիշը 1996 թ-ից գերազանցում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհուրդ տրվող 5 տոկոսի շեմը և 2014 –ին հասել է 25.8 տոկոսի, այսինքն յուրաքանչյուր չորրորդ ծնունդ արվում է կեսարյան հատումով:
«Շատ դեպքերում կեսարյան հատումը նպաստում է մայրական մահացության դեպքերի նվազմանը, սակայն կեսարյան հատումը հետագայում ունի լուրջ առողջապական հետևանքներ մայրական առողջության վրա: Այս ցուցանիշը մեզ համար բացահայտում էր, անսպասելի էր: Պետք է հասկանալ, որոնք են պատճառները»,- ասաց նա:
***
Նշենք, որ ասուլիսը տեղի էր ունեցել Բնակչության համաշխարհային օրվա առթիվ և անդրադառնալով օրվա թեմային՝ ներդրումներ կատարել դեռահաս աղջիկների համար ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանը, նկատեց. «Կան երկրներ, որտեղ դեռահաս, երիտասարդ աղջիկները չեն կարողանում մտնել հասարակություն, 6-9 տարեկանից ամուսնացնում են: Այս առումով Հայաստանն ավելի բարվոք վիճակում է, չնայած ունենք շատ այլ խնդիրներ, օրինակ՝ ունենք բռնություն, վերջին թվերը չափից շատ են»…
Հ. Կարապետյան
Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.
Բնակչության համաշխարհային օրվա կիզակետում դեռահաս աղջիկներն են
Ֆրանսիական «բեյբի բում»-ի գաղտնիքները
Ընտանիքն ու աշխատանքը. համատեղելու հնարավորություններ
Կանանց ու տղամարդկանց հավասարությունն և ժողովրդագրությունը
Այսուհետ Ձեր դայակի համար կվճարի պետությունը
Հավասար հնարավորությունների քաղաքականություն – ի՞նչ է դա նշանակում
«Այնպիսի պայմաններ ստեղծել, որ մարդիկ ցանկանան ավելի շատ երեխաներ ունենալ»…
Ծնելիությունը խթանելու համար անհրաժեշտ է լուծել նաև մանկապարտեզների հարցը
Զուգահեռներ. Ճապոնիան մշակել է երկրում ծնելիության աճը խթանելու ծրագիր
Երկու և ավելի երեխա ունեցող ուսանողների ուսման վարձը սեպտեմբերից փոխհատուցվելու է
«Ամեն ընտանիքում մեկ նոր զավակ, մեկ նոր մանուկ». Խ.Սուքիասյանի առաջարկը
Չաշխատող կանայք հունվարի 1-ից մայրության նպաստ կստանան. կարգը հաստատվեց / լրացված
Ինչպես խրախուսել բազմազավակությունը
Ժողովրդագրական մարտահրավերներ՝ ինչպե՞ս դիմակայել
Փորձագետ. «Ծնելիությունը պետք է խթանել երկրորդ երեխայից սկսած »
«Կառավարության կողմից սահմանված ծննդյան միանվագ գումարների չափերը տարօրինակ են»
Բազմազավակ ընտանիքները աղքատության ճիրաններում
Երիտասարդ սերնդի խնդիրները Հայաստանում
Նորածինների սեռերի խախտված համամասնությունը սպառնում է Հայաստանի ժողովրդագրությանը/ վիդեո
«Չէիք կարող պահել, չունենայիք, ո՞ւմ հույսով եք ունեցել»…
Որտեղի՞ց գտնել 2,4 մլրդ. դրամը նորաստեղծ ընտանիքների համար
Հաճախ կնոջ համար սա պատերազմ է «միայնակ – ամբողջ աշխարհի դեմ»…
“Թույլ տվեք, որ մեր քույրիկները ծնվեն”
Դ-ր Գիլմոտո. «Հայաստանը մինչև 2060-ը կկորցնի գրեթե 93 հազար պոտենցիալ ապագա մայր»
Դիտումների քանակը` 3825