Խորհրդարան են անցել ՀՀԿ-ն, «Ծառուկյան» դաշինքը, «Ելք»-ը և ՀՅԴ-ն. ինչպե՞ս են բաշխվելու մանդատները/ լրացված
Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) կողմից հրապարակված Ազգային ժողովի ընտրությունների նախնական արդյունքների, 6-րդ գումարման խորհրդարանում ընտրություններին մասնակցած 9 ուժերից ու դաշինքներից ներկայացված կլինեն չորսը:
Դրանք են, Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, որը ստացել է 771 հազար 247 ձայն կամ քվեների 49.12%-ը, «Ծառուկյան» դաշինքը 428 հազար 965 ձայն կամ 27.32 % , «Ելք» դաշինքը՝ 122 հազար 049 ձայն կամ 7.77 % և Դաշնակցությունը՝ 103 հազար 173 ձայն կամ 6.57%:
Հիշեցնենք, որ խորհրդարանում ներկայացված լինելու համար կուսակցությունները պետք է հաղթահարեին 5 տոկոսի, դաշինքները՝ 7 տոկոսի շեմը: Ըստ այդմ, խորհրդարան չեն անցել ««Հայկական վերածնունդ» կուսակցությունը (ՀՎԿ)՝ 58 հազար 277 ձայն կամ 3.71 %, «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» (ՕՐՕ) դաշինք՝ 32 հազար 504 կամ 2.07 %, «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքը՝ 25 հազար 975 ձայն կամ 1.65 %, Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը՝ 14 հազար 746 ձայն կամ 0.94 %,Հայաստանի կոմունիստական կուսակցություն (ՀԿԿ)՝ 11 հազար 745 ձայն կամ 0.75 %:
Թե որ կուսակցությունն ու դաշինքը քանի մանդատ է ստացել, ԿԸՀ֊-ն կհայտարարի գալիք կիրակի: «Նախնական տվյալներով մանդատների ամփոփում Ընտրական օրենսգիրըք չի նախատեսում: Դրա համար՝ ամեն ինչն իր ժամանակին», – ասաց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը:
Այնուամենայնիվ, ըստ ոչ պաշտոնկան հաշվարկների , ԱԺ-ում կլինի 101 պատգամավոր, իսկ մանդատները բաշխվելու են հետեւյալ կերպ. ՀՀԿ ՝ 55 մանդատ, «Ծառուկյան» դաշինք՝ 30 մանդատ , «Ելք» 9 մանդատ, ՀՅԴ՝ 7 մանդատ։
Ինչպես պարզաբանեց Aysor.am-ին ԱԺ աշխատակազմի ղեկավար, սահմանադրագետ Հրայր Թովմասյանը, Հայաստանի օրենսդրության համաձայն խորհրդարանում մանդատների բաշխումը կատարվում է հետևյալ կերպ՝ կուսակցությունների կամ դաշինքների ստացած ձայների թիվը (ոչ թե տոկոսները) բազմապատկվում է 101 թվով (ԱԺ-ի մանդատների նվազագույն թվով) և բաժանվում է խորհրդարան անցած քաղաքական ուժերին կողմ քվեարկած քվեաթերթիկների հանրագումարին, այսինքն՝ այս դեպքում կարող է բաժանվել ՀՀԿ-ին, «Ծառուկյան» դաշինքին, «Ելք»-ին և ՀՅԴ-ին կողմ քվեարկածների հանրագումարին:
Պատգամավորների 4 մանդատ բաշխվում է ազգային փոքրամասնության ներկայացուցիչների միջև` ընտրություններին նախորդող վերջին մարդահամարի տվյալներով առավել մեծ թվով մշտական բնակչություն ունեցող առաջին չորս ազգային փոքրամասնություններից յուրաքանչյուրին` մեկ մանդատ սկզբունքով:
«Խորհրդարանում, այս դեպքում, պատգամավորների քանակը կլինի 105, այսինքն՝ այն, ինչ նախատեսված է ի սկզբանե, Ընտրական օրենսգրքով. նվազագույնը 101 և 4 ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ», -նշեց Թովմասյանը: Բաշխման արդյունքում, ըստ Թովմասյանի, ՀՀԿ-ն կունենա 55 պատգամավորական տեղ:
Ինչպե՞ս են բաշխվելու մանդատները
Ըստ Ընտրական օրենսգրքի մանդատները բաշխվելու են համապետական ցուցակի եւ ռեյտինգային թեկնածուների միջեւ: Թեկնածուներին մանդատների տրամադրումն իրականացնում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը՝ գրանցելով համապետական ցուցակից և տարածքային ցուցակից ընտրված պատգամավորներին: Առաջին հերթին մանդատները տրամադրվում են տարածքային ցուցակով ընտրված, այսինքն ռեյտինգային պատգամավորներին: Տարածքային ցուցակից ընտրվելու են այն ռեյտինգային պատգամավորները, ովքեր իրենց ձայների քանակով առաջին, երկրորդ տեղում են:
Հրայր Թովմասյանի պարզաբանմամբ, ՀՀԿ-ի 55-ից 28-ը կստանան կուսակցության համապետական ցուցակի 1-ից 28 համարների թեկնածուները, իսկ 27 տեղերը կբաշխվեն ռեյտինգային թեկնածուների միջև:
Ի դեպ, հիշեցնենք, որ եթե բաշխման արդյունքում կուսակցության բոլոր մանդատները բաժին են հասնում նույն սեռի ներկայացուցիչներին, ապա վերջին թեկնածուն իր մանդատը զիջում է համապետական ընտրական ցուցակի առաջին մասի՝ չներկայացված սեռի նվազագույն համարով թեկնածուին, եթե կա: ՀՀ Ընտրական օրենսգիրքը նաեւ երաշխավորում է , որ եթե մանդատից հրաժարվելու արդյունքում տվյալ խմբակցության որևէ սեռի ներկայացուցիչների թիվը` նվազում է և արդյունքում ցածր է լինելու 20 տոկոսից, ապա մանդատը տրվում է այդ կուսակցության համապետական ընտրական ցուցակի առաջին մասի նվազ ներկայացված սեռի հաջորդ թեկնածուին, եթե կա:
Այս պահին դժվար է ասել, քանի կին ՀՀԿ-ի ցուցակից մանդատ կստանա : Նշենք, որ ԿԸՀ-ն հրապարակած ռեյտինգային քվեարկության արդյունքների համաձայն, խորհրդարան անցած 4 քաղաքական ուժերի բոլոր ընտրատարածքների առաջատարների թվում կանայք շատ քիչ են: Այսպես , բոլոր 13 ընտարատարածքներում առավել թվով ձայներ հավաքած եւ առաջին երեք տեղերը զբաղեցրած 156 թեկնածուների թվում ընդամենը 7 կին կա: Ընդ որում, նրանցից 4-ը «Ելք»-ից են, 2-ը ՀՅԴ-ից եւ 1-ը «Ծառուկյան» դաշինքից:
Այսինքն, ռեյտինգային ցուցակներով ՀՀԿ-ից անցնող 27 թեկնածուները միայն տղամարդիկ են: Իսկ համապետական ցուցակում մինչև 28-րդ տեղն ընդգրկված է 7 կին՝ Արփինե Հովհաննիսյան, Մարգարիտ Եսայան, Հերմինե Նաղդալյան, Շուշան Պետրոսյան, Շուշան Սարդարյան, Ջեմմա Բաղդասարյան, Ռուզաննա Մուրադյան: Սակայն այս պահին պնդել, թե հենց նրանք են լինելու ԱԺ-ում, հնարավոր չէ, քանի որ ցուցակում ընդգրկված թեկնածուների մի մասը Կառավարության կազմում են և առջևում հնարավոր են կադրային փոփոխություններ:
Նախնական տվյալներով, «Ծառուկյան» դաշինքի ռեյտինգային ցուցակով կանայք չեն անցնում, իսկ համապետական ցուցակից խորհրդարան կանցնեն Նաիրա Զոհրաբյանը, Իվետա Տոնոյանը, Լուիզա Սարգսյանը, որոշ տեղեկություններով հնարավոր է մանդատ ստանան նաեւ Կարինե Պողոսյանը եւ Մարինա Մարգարյանը , սակայն կուսակցությունից այս տվյալները չեն հաստատում: ՀՅԴ-ից խորհրդարանում հայտնվելու ամենամեծ հնարավորություններն ունի միայն համապետական ցուցակում 4-րդ հորիզոնականը ներկայացնող Արմենուհի Կյուրեղյանը:
Նախնական ոչ պաշտոնական տվյալներ մանդատների բաշխման վերաբերյալ հրապարակել է միայն «Ելք» դաշինքը: Այսպես, խմբակցությունն ունենալու է 9 պատգամավոր խորհրդարանում, որոնցից կեսը տրվում է համամասնական ցուցակի ներկայացուցիչներին, մյուսը՝ ռեյտինգայինի: Քանի որ 9 մադատի թիվը կենտ է եւ այն երկու մասի բաժանելուց ստացվում է 4.5, ռեյտինգային կարգով առաջադրված թեկնածուներին բաժին է հասնում թվով 4 մանդատ: Մանդատները բաժանվում են առաջնահերթությունը տալով ռեյտինգային թեկնածուներին: «Ելք» դաշինքի ռեյտինգային ցուցակներով առավել շատ ձայն ստացած ընտրատարածքները թիվը 4-ն է՝ թիվ 1-ը, թիվ 3-ն ու թիվ 2-ը, որտեղից էլ պատգամավորության թեկնածուներ են ընտրվել համապատասխանաբար Նիկոլ Փաշինյանը (11 հազար 513 ձայն), Մանե Թանդիլյանը (5 հազար 110 ձայն), Գեւորգ Գորգիսյանը (3 հազար 168) եւ Արարատ Միրզոյանը (3 հազար 999): Քանի, որ վերը նշված անձանցից Նիկոլ Փաշինյանն ու Մանե Թանդիլյանը «Ելք» դաշինք համամասնական ցուցակի 1-ից մինչեւ 5-րդ համարներում են գտնվել, ապա նրանց անունները դուրս է գալիս ցուցակից եւ նախապես հաստատված հաջորդականությամբ կազմվում է առաջին հնգյակը, որոնք էլ ստանում են մյուս 5 մանդատները: Նրանք են՝ Էդմոն Մարուքյան, Արամ Սարգսյան, Սասուն Միքայելյան, Արտակ Զեյնալյան եւ Լենա Նազարյան:Այսպիսով, «Ելք»-ի խմբակցության կազմում կլինի 2 կին:
Ընդհանուր առմամբ, խիստ նախնական հաշվարկներով 6-րդ գումարման խորհրդարանում կլինի 13-15 կին, այսինքն համարյա այնքան, ինչքան այսօր՝ 5-րդ գումարման խորհրդարանի կազմում: Բոլոր դեպքերում դա շատ ավելի քիչ է, քան նախատեսված էր քվոտայով և ներկայացվել էր կուսակցությունների ցուցակներում:
WomenNet.am
Դիտումների քանակը` 3329