Խորհրդարանական լսումներ ամուսնական տարիքի շուրջ
Աղջիկները կարող են ամուսնանալ նաև 16-17 տարեկանում, եթե դեմ չեն ծնողները – ազգային փոքրամասնությունների կարծիքը հաշվի առնելով կառավարությունը լրամշակել է օրինագիծը տղաների և աղջիկների ամուսնական տարիքը հավասարեցնելու վերաբերյալ: Օրինագծի շուրջ այսօր Ազգային Ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովում խորհրդարանական լսումներ էին կազմակերպվել:
Հիշեցնենք, որ այս տարվա հուլիսի 12-ին կառավարության նիստում հավանության արժանացած օրենքի նախագիծը սահմանում է փոփոխություն կատարել ընտանեկան օրենսգրքում` հավասարեցնելով կանանց և տղամարդկանց ամուսնական տարիքը: Գործող ընտանեկան օրենսգրքով ամուսնության կնքման համար տարիքային չափանիշ է սահմանված` կանանց համար` տասնյոթ, իսկ տղամարդկանց համար` տասնութ տարեկանը: Գործադիրն առաջարկում է երկուսի պարագայում էլ այն սահմանել 18, դրանով իսկ վերացնելով գենդերային անհավասարությունը ընտանեկան օրենսգրքում:
Կանանց առողջության պահպանության տեսանկյունից մայրանալու տարիքի նվազագույն օպտիմալ շեմը 18-ն է, առողջապահական մի շարք նկատառումներից ելնելով՝ ամուսնության համար լավագույն տարիքը 23-27-ն է, – նման կարծիք հայտնեց այսօրվա քննարկման ժամանակ Հայաստանի գլխավոր գինեկելոգ Ռազմիկ Աբրահամյանը:
Մասնագետը երկու սեռերի համար էլ արդարացված է համարում ամուսնության տարիքի նվազագույն շեմի բարձրացումը` թե կենսաբանական և թե հոգեբանական պատրաստության տեսանկյունից:
Կառավարության այս նախաձեռնությանն ընդդիմացան Հայաստանում ապրող ազգային փոքրամասնություններից եզդիները, որոնց համայնքում ընդունված է աղջիկներին շուտ ամուսնացնել:
« Դարեր շարունակ եզդի աղջիկներն ամուսնացել են 12-13-14 տարեկանում, իսկ վերջին տարիներին՝ 16-17, և չի կարելի վերացնել եզդիների այդ սովորությունը: Եթե աղջիկը հասավ 18 տարեկանի, մերոնք ասում են, որ արդեն պառավացել է, ինչն է՞ պատճառը, որ չի ամուսնացել, ինչ-որ վատ բա՞ն է արել: Ինչի՞ ենք խաղում նրանց բախտի հետ»,-հայտարարել էր շխարհի և Հայաստանի եզդիների միության նախագահ Ազիզ Թամոյանը:
Հայաստանցի եզդիների այս մտահոգության մասին այսօր հանձնաժողովում կառավարությանը ներկայացնող արդարադատության փոխնախարար Արամ Օրբելյանին հիշեցրեց ՀՀԿ-ական պատգամավոր Մարգարիտ Եսայանը: Պատգամավորն այն կարծիքին է, որ նախագիծը լրացուցիչ քննարկման կարիք ունի:
Փոխնախարար Օրբելյանը ևս մեկ անգամ հիշեցրեց, որ փոփոխությամբ առաջին հերթին գենդերային հավասարության խնդիրն է կարգավորում, ապա բխում է Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորությունների պահանջից:
18 տարեկանի վրա կանգ են առել` ուսումնասիրելով եվրոպական երկրների փորձը, որոնց մեծ մասում ամուսնության տարիքի նվազագույն շեմը սահմանված է 18-ը, բայց այն կարող է իջեցվել ծնողների համաձայնությամբ: Հաշվի առնելով հնչած մտահոգությունները, Ա. Օրբելյանն ասել է, որ նախարարությունը պատրաստել է նախագծի լրամշակված տարբերակը, որով երկու սեռերի համար էլ ամուսնության նվազագույն տարիք է սահմանվում 18-ը, ծնողների կամ հոգաբարձուների համաձայնությամբ՝ այն կարող է սահմանվել է 17, բացառիկ դեպքերի համար նախատեսվում է դատական կարգ 16 տարեկանում ամուսնության համար:
Պետական կառույցների, հասարակական կազմակերպությունների, ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները ելույթների ժամանակ նախագծի փոփոխված տարբերակը հիմնականում համարել են ամբողջական և ընդունելի:
Հ. Կարապետյան
Կարդացեք այս թեմայի շուրջ մեր կայքում`
Կանանց ու տղամարդկանց հավասարեցրեցին՝ դեռեւս ամուսնական տարիքի իմաստով
Աղջիկների ամուսնության տարիքը Հայաստանում. հնում ու այսօր
Դիտումների քանակը` 4283