Խոսքը ժողովրդագրական ճգնաժամի մասին է …
Ցածր ծնելիություն, ծերացում և միգրացիա ՝ ժողովրդագրական ճգնաժամը բնութագրող այս երեք հիմնական խնդիրները այսօր ոչ միայն առկա են Հայաստանում, այլ խորացման միտումներ ունեն:
Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ այսօր Հայաստանի բնակչությունը կազմում է 3 մլն 274 հազար մարդ: Վերջին տարիներին հանրապետությունում ծնունդների թվի անկում է նկատվում: Այսպես 2011 –ին Հայաստանում ծնվել է 43447 երեխա, ինչը 3.1%-ով նվազ է , քան 2010-ին: Բացասական դինամիկան նկատվում է նաեւ վերջին երեք տարվա առաջին եռամսյակների կտրվածքով՝ 2010-ի առաջին եռամսյակում հանրապետությունում արձանագրվել է 10448 ծնունդ, 2011-ին` 9971, 2012-ին` 9563:
Ինչպես հայտնի է, բնակչության պարզ վերարտադրության ապահովման համար անհրաժեշտ է որ յուրաքանչյուր կնոջ հաշվով ծնվի 2.1 երեխա, սակայն Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով այս ցուցանիշը Հայաստանում կազմում է ընդամենը 1,4:
Մահացության ընդհանուր գործակիցը վերջին 10 տարիների ընթացքում աճել է շուրջ 13.3%-ով և 2011-ին կազմել է 8.6 մահվան դեպք՝ 1000 բնակչի հաշվով:
Նման ցուցանիշներով ցանկացած ազգ , ինչպես վկայում են ժողովրդագիրները, 50 տարվա ընթացքում կիսով չափ կրճատվում է, իսկ 300 տարուց կարող է ընդհանրապես վերանալ։
Ըստ ԱՎԾ կանխատեսումների, Հայաստանի բնակչությունը 2035-ին կկազմի 2.9 միլիոն մարդ: ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի փորձագետների գնահատականներով՝ 2050-ին Հայաստանի բնակչությանը կարող է կրճատվել 20-30%-ով, իսկ հարևան երկրներում այս ցուցանիշը կրկնակի կաճի: «Իսկ սա արդեն լուրջ հիմնախնդիր է ազգային անվտանգության համատեքստում»,- զգուշացնում է ՄԱԲՀ հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանը:
Իդեալական են համարում երկու երեխայով ընտանիքի մոդելը
2009-ին անցկացված Հայաստանի Հանրապետության բնակչության վերարտադրողական վարքագծի ընտրանքային հետազոտությունը ցույց տվեց, որ հարցվածների մեծ մասի համար իդեալական է համարվում երկու երեխայով ընտանիքի մոդելը, ինչը չի ապահովում բնակչության պարզ վերարտադրությունը:
Փորձագետները չափազանց մտահոգիչ են համարում բնակչության նման վերարտադրողական վարքագիծը, քանի որ հենց դա է հիմք ստեղծում ժողովրդագրական ճգնաժամի խորացման համար: 19-20-րդ դարի սկզբին հայկական ընտանիքն ունենում էր 7-8 երեխա, խորհրդային ժամանակներում՝ 3-4, իսկ այսօր միջին վիճակագրական ընտանիքի համար երկու երեխան սահման է, մեծ մասը նախընտրում է սահմանափակվել մեկ երեխայով, թեև շատերը հասկանում են, որ իդեալում պետք է երեք երեխա ունենալ։ Հիմնական պատճառներն են՝ անբավարար սոցիալական պայմանները, բնակարանի ու կայուն վաստակի բացակայությունը։
Վերջին հետազոտությունները վկայում են, որ բնակչության 70%-ը չի ցանկանում մեկից ավելի երեխա ունենալ, սակայն միաժամանակ նշում է, որ պետության որոշակի աջակցության դեպքում կարող է վերանայել իր դիրքորոշումը: 15%-ը տատանվում է, իսկ մյուս 15%-ը միանշանակ ցանկանում է մեկից ավելի երեխա ունենալ: Այսինքն ազգի հույսն են այն 30%-ն է, ովքեր այսօր են ցանկանում երեխաներ ունենալ: Բազմազավակ ընտանիքի մոդելը գրավիչ դարձնելու հմար պետությունը պետք է կարողանա արժևորել բազմազավակ մայրերին և խրախուսական ծրագրեր մշակել ու իրականացնել, հակառակ դեպքում պատկերը չի փոխվի :
Ժողովրդագրական խնդիրներով զբաղվող գիտնականները երեխա ունենալու փաստը պայմանավորում են պետության կողմից խրախուսվող երեք բաղադրիչով` նյութական, սոցիալական և հոգեբանական: Երեք բաղադրիչներից որևէ մեկի բացակայության դեպքում հասարակությունում ձևավորված հոգեբանությունն արագ փոփոխվում է և լուրջ վնասում երկրի ժողովրդագրական պատկերը, իսկ հետևանքները վերացնելու համար երկար ու քրտնաջան աշխատանք է պահանջվում:
Ի դեպ.
ՄԱԲՀ-ի՝ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համատեղ ջանքերով անցկացված բնակչության վերարտադրողական վարքագծի համահանրապետական ուսումնասիրության տվյալներով.
- Ապագայի նկատմամբ հարցական տրամադրվածությունը, որը ներկայիս երիտասարդ ընտանիքների թիվ մեկ խնդիրն է, խոչընդոտում է մեկից ավելի երեխաներ ունենալ: Այսպես, հարցվածների 46%-ը պատասխանել է, որ իրենց ապագան չի տենում Հայաստանում, ուստի չեն կամենում մեկից ավելի երեխա ունենալ։
- Հարցվածների 60%-ն ընտանիքի ավելացումը կապում է որակյալ բժշկական ծառայությունների մատչելիության հետ։
- Բացասական վերարտադրողական դիրքորոշում ունեցող ընտանիքների 34%-ն ապրում է գերբնակեցված բնակարաններում։
- Անչափահաս երեխա ունեցող յուրաքանչյուր տասներորդ ընտանիքը չունի սեփական բնակարան։
Դիտումների քանակը` 5217