Խոշորացված համայնքներում կին ավագանիների թիվը երեք անգամ պակասել է

Հոկտեմբերի 2-ին ՏԻՄ ընտրություններ կայացան Շիրակի և Վայոց Ձորի մարզերի խոշորացված վեց համայնքներում՝ Ամասիայում, Աշոցքում, Արփիում, Վայքում, Ջերմուկում, Զառիթափում:  ԿԸՀ հրապարակված նախնական արդյունքների հիման վրա WomenNet.am-ը վերլուծել է ավագանիներում կանանց տոկոսային ներկայացվածությունը   մինչև խոշորացումն ու դրանից հետո:

 

Շիրակում խոշորացված համայնքներն  երեքն են՝ Ամասիա, Աշոցք, Արփի:

 

Ամասիայի կազմում ընդգրկված Ամասիա, Արեգնադեմ, Բանդիվան, Բյուրակն, Գտաշեն, Հովտուն, Մեղրաշատ, Ողջի, Ջրաձոր 9 համայնքների ավագանիները կազմված են եղել 47 անդամից, որից յոթը կանայք են:

Հոկտեմբերի 2-ին կայացած ՏԻՄ ընտրություններից հետո ավագանու 11 անդամնի թվում կանայք չկան: Ավագանու անդամ առաջադրված 17 թեկնածուներից միայն մեկն է կին՝ անկուսակցական Արմենուհի Հովսեփյանը: Նրա օգտին քվեարկել է 55 ընտրող: Նա ամենաքիչ ձայներն է ստացել:

 

Աշոցքն իր կազմում է ընդգրկել 11 համայնք՝ Աոցք, Բավրա, Զույգաղբյուր, Թավշուտ, Կարմրավան, Կրասար, Ղազանչի, Մեծ Սեպասար, Սարագյուղ, Սիզավետ, Փոքր Սեպասար: Այս համայնքներն ընդհանուր առմամբ ունեցել են ավագանու 59 անդամ, որից 6-ը կանայք են եղել:

Խոշորացված Աշոցքի ավագանու կազմում ընդգրկվելու համար  19 թեկնածու էր առաջադրվել: Նրանց թվում որևէ կին չկար:

 

Արփին  իր մեջ ներառել է 9 համայնք՝ Բերդաշեն, Ալվար, Աղվորիկ, Արդենիս, Գառնառիճ, Զարիշատ, Զորակերտ, Ծաղկուտ, Շաղիկ: Այս համայնքներն ընդհանուր առմամբ ունեցել են ավագանու 50 անդամ, որից 17-ը կանայք:

WomenNet.am-ին թիվ 33 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովից հայտնեցին, որ այստեղ  յոթ հոգուց կազմված ավագանիում մեկ  կին է  ընդգրկվել՝ Գառնառիճ գյուղի միջնակարգ դպրոցի տնօրեն, ՀՀԿ կողմից առաջադրված Նաիրա Աբրահամյանը: Նրա օգտին քվեարկել է 86 ընտրող: Նրանից ընդամնեը մեկ թեկնածու է ավել ձայներ ստացել, ինքնաառաջադրված, ՀՀԿ-ական Արթուր Ագգարյանին կողմ է քվեարկել 88 ընտրող:

Առաջադրված 22 թեկնածուների թվում չորս կին կար, նրանցից ՀՀԿ-ական Մանուշակ Տերտերյանը ստացել է 27 ձայն, անկուսակցական Եվգենյա Քարամյանը՝ 7 ձայն, ՀՀԿ-ական Գայանե Պողոսյանը՝ 1 ձայն:

 

Վայոց Ձորում ՏԻՄ ընտրություններ անցկացվեցին խոշորացված 3 համայնքներում՝ Ջերմուկում, Վայքում ու Զառիթափում:

 

Ջերմուկն իր մեջ ներառել է չորս համայնք՝ Ջերմուկ քաղաքը,  Գնդևազ, Կարմրաշեն, Հերհեր գյուղերը: Ընդհանուր առմամբ ունեցել են ավագանու 26 անդամ, որից մեկն է կին եղել: Խոշորացված Ջերմուկի ավագանին կազմված է 11 անդամից, նրա կազմում ընդգրկված կլինի մեկ կին՝ Հասմիկ Սարգսյանը:

 

Առաջադրված 17 թեկնածուներից երկուսն էին կանայք՝ անկուսակցական Հասմիկ Սարգսյանը «Արմենիա» առողջարանում աշխատում է  որպես բժիշկ, նրա օգտին քվեարկել է 348 ընտրող, անկուսակցական Գրեսիկ Հովհաննիսյանի օգտին քվեարկել է 17 ընտրող:

 

 

Զառիթափի  ավագանու 9 անդամների թվում, նախնական արդյունքների համաձայն, կանայք չեն լինի: Առաջադրված 16  թեկնածուներից երկուսն են կանայք ՝ ՀՀԿ-ական Նարինե Գևորգյանը, ում օգտին քվեարկել է 72 ընտրող, անկուսակցական ինքնաառաջդրված Նունե Ավագյանը, ով Գոմքի միջնակարգ դպրոցի ուսուցչուհի է:  Նրա օգտին քվեարկել է 110 ընտրող:

 

Խոշորացված այս համայնք իր մեջ ներառել է Զառիթափ, Արտավան, Բարձրունի, Գոմք, Խնձորուտ, Մարտիրոս, Նոր Ազնվաբերդ, Սարավան, Սերս գյուղերը: 9 համայնքերի ավագանին ընդհանուր առմամբ ունեցել է 47 անդամ, որից 6-ը կանայք են եղել:

 

Վայքի 11 անդամից կազմված ավագանին կունենա մեկ կին անդամ:

Վայքում 19 թեկնածուներից երեքը կանայք էին՝ ՀՅԴ-ական Հայկուհի Մարկոսյանը ստացել է 88 քվե, անկուսակցական Թամար Ղազարյանը՝ 113 ձայն, ՀՀԿ-ական Մերի Ջանոյանը, ով Վայքի հիմնական դպրոցի ուսուցչուհի է, 435 ձայն: Մ. Ջանոյանն ամենամեծ թվով կողմ ձայներ հավաքծ թեկնածուն է:

Մինչ խոշորացումը, Վայքի կազմի մեջ մտած Վայք, Ազատեկ, Արին, Զեդեա, Փոռ համայնքներն ընդհանուր առմամաբ ունեցել ավագանու 31 անդամ, որից երկուսը եղել են կանայք:

 

***

 

Այսպիսով, հոկտեբերի 2-ին ընտրությունների  նախնական  արդյունքներով,  խոշորացված բոլոր համայնքներում, բացի մեկից արձանագրվել է հետընթաց կանանց ներկայացվածության առումով:   Ընդահանուր առմամբ, կանանց ներկայացվածությունը նշված  6  խոշորացված  համայնքներում պակասել է երեք անգամ՝ մինչ խոշորացումը եղել է  15%, իսկ խոշորացումից հետո  5% է:

 

Նշենք,որ նույն պատկերն է   մինչ այդ  սեպտեմբերի 18-ին խոշորացված համայնքներում անցկացված ընտրությունների արդյունքներով:  Ութ  խոշորացված համայնքներում՝ Գորիսում, Մեղրիում, Գորայքում, Տեղում , Այրումում, Նոյեմբերյանում, Կողբում  և Ուրցաձորում ,  սեպտեմբերի 18-ին անցկացված ընտրությունների արդյունքում  կանանց  ներկայայացվածությունը միավորված  համայնքների ավագանիներում  կիսով չափ պակասել է ՝  10%-ից  խոշորացումից առաջ մինչեւ 5.5 % խոշորացումից հետո:

 

Հիշեցնենեք, որ փետրվարի 14-ն  երեք  խոշորացված   համայնքներում՝  Դիլիջանում, Տաթևում,  Թումանյանում  անցկացված ՏԻՄ ընտրությունների արդյունքում   ընտրված ավագանիների  կազմում   կանանց  ներկայացվածությունն  տոկոսային հարաբերությամբ կրճատվել  էր երեք անգամ ՝   մինչ խոշորացումը  համայնքների ավագանիներում   նրանց ներկայացվածությունն ընդհանուր թվով    9,2  տոկոս էր կազմում , իսկ  խոշորացումից հետո  հետ՝ 2,8 տոկոս է:

 

Հ. Կարապետյան

 

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում

 

 

Համայնքների խոշորացման արդյունքում ավագանու կին անդամների թիվը կրճատվել է/ լրացված

 

Սեպտեմբերի 18. Խոշորացված համայնքների ավագանիների մեծ մասում կանայք ընդգրկված չեն/ լրացված

 

 

Դիտումների քանակը` 3436

Գլխավոր էջ