Խոշորացման հետևանքները. համայնքների ղեկավարների թվում կանայք 1.6% են, ավագանիների թվում ՝ 10%
Եվս մեկ տարի ու Հայաստանում կավարտվի համայնքների խոշորացման գործընթացը: Ծրագրի մեկնարկից ի վեր հնչող կարծիքները, արձագանքները, մեկնաբանությունները բաժանվեցին երկու մասի՝ խիստ դեմ ու կողմ: Գենդերային հավասարության առումով համայնքների խոշորացումը բացասական ազդեցություն ունեցավ, քանի որ կրճատվեց ոչ միայն կին համայնքապետների առանց այդ էլ փոքր թիվը, այլ նաև կանանց ներկայացվածությունը ավագանիների կազմում:
Ավագանիներում կանանց ներկայացվածությունը նվազել է
WomenNet.am-ին ՀՀ տարածքային կառավարման ու զարգացման նախարարության տրամադրած տվյալների համաձայն, ներկայումս Հայաստանում առկա է թվով 502 համայնք, որից 52-ը միավորված համայնքներ են: Համայնքների ավագանիների անդամների ընդհանուր թիվն է 3849, որից 389-ը կանայք են, այսինքն կանանց ներկայացվածությունը 10% է, ինչը ավելի ցածր է, քան 2016 թվականին տեղի ունեցած ընտրությունների արդյունքներով արձանագրված 12%-ը: Ակնհայտ է , որ այդ նվազումը կատարվել է խոշորացված համայնքների հաշվին, որտեղ կին ավագանիների թիվը նվազել է առնվազն 2-3 անգամ:
Համայնքների ղեկավարների թվում ընդամենը 8 կին կա
Նույնը կարելի է փաստել համայնքների ղեկավարների մասին, որոնց թվում 2016 ընտրությունների արդյունքներով 17 կին կար: Այսօր 502 համայնքների ղեկավարներից միայն 8-ն են կանայք (1.6%), ընդ որում, նրանցից մեկը համայնքապետի պաշտոնակատար է: Մինչ Արմավիրի մարզի Շահումյան թռչնաֆաբրիկա գյուղում համայնքի ղեկավար կընտրեն գործող ղեկավար է համարվում Լիլիա Ղասաբյանը:
Համայնքները գլխավորող 7 կանանց թվում են Արարատի մարզի Վերին Դվին համայնքի ղեկավար Լյուդմիլա Պետրովան, Արմավիրի մարզի Արևաշատի համայնքապետ Սուսաննա Գևորգյանը և Արտամետ համայնքի ղեկավար Անահիտ Դավթյանը, Գեղարքունիք մարզի Գեղաքար համայնքի ղեկավար Կարինե Մարտիրոսյանը, Լոռու մարզի Բազումի համայնքապետ Սրբուհի Հարությունյանը, Կոտայքի Նոր Երզնկա համայնքի ղեկավար Ալինա Հարությունյանը և Շիրակի մարզի Ամասիայի համայնքապետ Հարությունյան Ջեմման, ով խոշորացված համայնք ղեկավարող միակ կինն է:
Վարչական ղեկավարների թվում 16 կին կա
Բացի այդ, միավորված համայնքների թվով 16 բնակավայրերի վարչական ղեկավարները կանայք են՝ Վահան բնակավայրում Վազգուհի Ստեփանյանն է (Գեղարքունիքի մարզ, Ճամբարակ համայնք), Կութում՝ Սիմա Չիչյանը, Շատջրեքում՝ Զոյա Գևորգյանը (Գեղարքունիքի մարզ, Գեղամասար համայնք), Մեծ Այրումում՝ Գայանե Ալլահվերդյանը (Լոռու մարզ, Ախթալա համայնք), Արմանիսում՝ Անահիտ Հովհաննիսյանը (Լոռու մարզ, Ստեփանավան համայնք), Դաշտադեմում՝ Մարինե Խռոյանը, Մեղվահովիտում՝ Համեստ Շահբազյանը (Լոռու մարզ, Տաշիր համայնք), Կարմրավանում՝ Ալինա Կարապետյանը, Փոքր Սեպասարում՝ Իսկուհի Սարուխանյանը, Ղազանչիում՝ Լուսինե Սիմոնյանը (Շիրակի մարզ, Աշոցք համայնք), Քարահունջում՝ Լուսինե Ավետյանը (Սյունիքի մարզ, Գորիս համայնք), Շիկահողում՝ Նարինե Ղազարյանը, Շրվենանցում՝ Արմինե Մանուկյանը (Սյունիքի մարզ, Կապան համայնք), Հացավանում՝ Շուշան Մարգարյանը, Տորունիքում՝ Անահիտ Հակոբյանը (Սյունիքի մարզ, Սիսիան համայնք), Հալիձորում՝ Հասմիկ Ղարագոզյանը (Սյունիքի մարզ, Տաթև համայնք):
Նրանց մեծ մասը մինչ խոշորացումն այդ նույն համայնքների ղեկավար են եղել: Սակայն վարչական ղեկավարի իրավասությունները որոշումներ ընդունելու տեսակետից շատ ավելի սահմանափակ են, քան նրանք ունեցել են իրենց նախկին՝ համայնքապետի պաշտոնում: Նախարարության պատրաստած ուղեցույցից տեղեկանում ենք, որ համայնքի ղեկավարն է պատասխանատու է վարչական ղեկավարի գործունեության համար, իսկ բնակավայրի վարչական ղեկավարը գործում է համայնքի ղեկավարի անմիջական ենթակայության ներքո: Վարչական ղեկավարը բնակավայրի տարածքում գործում է համայնքի ղեկավարի անունից, ուղեցույցում ներկայացված են վարչական ղեկավարի լիազորություններն ու գործառույթները: Ավելացնենք նաեւ, որ վարչական ղեկավարի ինստիտուտը նոր է սահմանվել և , ըստ էության, դեռեւս կայացած չէ, ինչի մասին վկայում են խոշորցաված համայնքների մաս կազմող փոքր համայնքների բնակիչները:
Նշենք, որ 6 մարզում՝ Արագածոտնում, Արարատում, Արմավիրում, Վայոց Ձորում, Տավուշում, Կոտայքում վարչական ղեկավարների թվում կանայք չկան:
Համայնքների թիվը մոտ 150-180 կդառնա
Չնայած ՀՀ կառավարության ծրագրի համաձայն՝ համայնքների խոշորացման գործընթացը պետք է ավարտվի 2019 թվականին, սակայն 2018 թվականին միավորվող համայնքների կազմերն ու քանակն այս պահին հայտնի չէ: «Այս պահին այդ հարցերը քննարկվում են: Այդ մասին ստույգ հնարավոր կլինի խոսել «Վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը մշակելուց և շրջանառության մեջ դնելու պահից»,-WomenNet.am-ին հայտնեցին տարածքային կառավարման ու զարգացման նախարարությունից: Խոշորացումից հետո համայնքների վերջնական թվաքանակի մասին ստույգ թվեր նախարարությունից չեն նշում, մոտավոր գնահատականով այն կկազմի մոտ 150-180:
ՄԻՊ զեկույց. «Կանանց թվի առնվազն 2-3 անգամ նվազման միտումը պահպանվում է»
Խոշորացման հետևանքով ՏԻՄ-երում կանանց թվի նվազման մասին Մարդու իրավունքերի պաշտպանն անդրադարձել է իր օրերս հրապարակված տարեկան հաղորդման մեջ: Պաշտպանն ուշադրություն է հրավիրում ՏԻՄ-երում կանանց ներկայացվածության ցածր մակարդակի վրա: «Ուսումնասիրությունը փաստում է, որ 2016 թվականին խոշորացման ընտրությունների ընթացքում արձանագրված կանանց թվի առնվազն 2-3 անգամ նվազման միտումը պահպանվել է նաև 2017 թվականին»,-ասված է տարեկան հաղորդման մեջ:
Այսպես, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքների ամփոփումը ցույց է տվել, որ 2017 թվականի նոյեմբերի 5-ին ավագանու անդամի ընտրություններին 54 համայնքում մասնակցել են 983 թեկնածու, որոնցից 49-ը կամ 5%-ը կին էին: Ընտրությունների արդյունքում ընտրվածներից միայն 4.4%-ն է կին:
Պաշտպանն ընդգծում է, որ ըստ նույն ուսումնասիրության՝ 2016 թվականի ՏԻՄ ընտրությունների արդյունքներով ավագանիներում կանանց ներկայացվածությունը 11.7 տոկոս էր, և այս առումով, նոյեմբերի 5-ի ընտրություններում լուրջ հետընթաց է արձանագրվել: Կրկին ՄԻՊ հրապարակած տվյալների համաձայն, մինչև 2017 թվականի նոյեմբերի 5-ի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունը, մարզի համայնքների ավագանիների 610 անդամից 566-ը տղամարդ էին, 44-ը՝ կին, իսկ 92 համայնքների ղեկավարներից 89-ը՝ տղամարդ, 3-ը՝ կին:
2017 թվականի նոյեմբերի 5-ի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններից հետո՝ մարզում համայնքների ավագանիների 456 անդամից 441-ը տղամարդ է, 15-ը՝ կին, իսկ 57 համայնքների ղեկավարներից 56-ը՝ տղամարդ, 1-ը՝ կին:
Պաշտպանն առաջակում է ձեռնարկել համակարգային քայլեր՝
- հասարակությանը կանանց դերի, կանանց քաղաքական ներգրավվածության և հասարակական կյանքին կանանց մասնակցության կարևորության ընդգծման ուղղությամբ
- բարձրացնել կանանց քաղաքական և իրավական գիտակցության մակարդակը, նպաստել երիտասարդ կանանց մոտ քաղաքական համակարգի, գործընթացների և արդյունավետ որոշումների ընդունման մեթոդաբանության վերաբերյալ մասնագիտական գիտելիքների և հմտությունների զարգացմանը, երաշխավորել քաղաքական մրցակցության հավասար պայմաններ
- զանգվածային լրատվության, տարբեր քննարկումների և սեմինարների պարբերական իրականացման միջոցով կանանց իրազեկել իրենց իրավունքների վերաբերյալ:
Հ. Կարապետյան
Դիտումների քանակը` 2983