Լ.Գալստյան. «Հայ տղամարդիկ, խնայեք հայ կանանց…»
«Հայ տղամարդիկ, խնայեք հայ կանանց՝ ձեր հարամը «հալալ» դարձնելու ճանապարհին նրանց եղկելի գործիք ու մանկուրտ մի դարձրեք, նույնիսկ եթե անատամ են, անլվա ու չստացված կյանքից տգետ ու ժանգոտ»: Այս ուղերձը հայ տղամարդկանց facebook-յան իր էջում թողել է ԱԺ նախկին պատգամավոր Լիլիթ Գալստյանը, շարունակելով.
«Հայ տղամարդիկ, խնայեք հայ կանանց՝ նրանց ձեռքով ընտրակաշառք մի բաժանեք, մի այլասերեք ու զզվելու չափ պղծեք մեր հայրենիքն ու պետությունը,
Հայ տղամարդիկ, խնայեք հայ կանանց՝ ելք գտեք, պոկվեք բազմոցից, նարդուց, ինքնաոչնչացման նիրհից ու թույլ մի տվեք, որ նրանք Թուրքիայում ու Դուբայում երջանկություն որոնեն՝ այլասերելով մեր գենը,
Հայ տղամարդիկ, խնայեք հայ կանանց՝ ուժ ունեցեք, կամք, երբ ձեր տան վրա զենքով մի ուրիշ տղամարդ է գալիս, ձեր կնոջ հետևում մի թաքնվեք,
Հայ տղամարդիկ, խնայեք հայ կանանց՝ ձեր գողացած ու պիղծ ինչքն ու թալանը նրանց անունով մի գրեք՝ հանցանքի բեռի մեջ թաղելով ու նվաստացնելով նրանց,
Հայ տղամարդիկ, խնայեք հայ կանանց, նրանց քաղաքական դավադրությունների, հազկերտյան բանսարկությունների մեջ մի ներգրավեք ու ամայացրեք մեր գոյության բարոյական դաշտը,
Հայ տղամարդիկ, խնայեք հայ կանանց, նրանց փողոցային խուժանի մեջ մի տարալուծեք ու էդ քստմնելի վարագույրի հետևում ձեր պարտության դատապարտված խաղը մի փորձեք շահել,
Հայ տղամարդիկ, խնայեք հայ կանանց, մի ստեք, մի քծնեք, մի կեղծեք, մի քիչ սիրեք էս երկիրը, ձեր ձախողած ու գետնաքարշ իրականության մեջ գրեթե բոլորս ենք դատապարտված.
Հայ կանայք…թույլ մի տվեք»:
P.S. Գրառումն արված էր այն բանից հեո, երբ փակ շուկայի դիմաց պատասխան բողոքի ակցիա իրականացնող Սամվել Ալեքսանյանին աջակցող կանանցից մեկը վիրավորել եւ սպառնացել է «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Նանե Սահակյանին։ Մանրամասները տեսանյութում.
Դիտումների քանակը` 3323